Մարտի 18-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ստորագրեցին «ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Ռուսաստանի հայերի միության համագործակցության մասին» համաձայնագիր, իսկ մարտի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Սփյուռքի փոխնախարար նշանակվեց Վարդան Մարաշլյանը, ով ծնվել է Երեւանում, մեծացել՝ Մոսկվայում, նաեւ աշխատել Արա Աբրահամյանի «Սոգլասիե» ընկերությունում, մասնագիտությամբ տնտեսագետ է:
Թե ինչպես կաշխատի Վարդան Մարաշլյանը վասն Հայաստանի եւ Սփյուռքի, ցույց կտա ժամանակը: Արա Աբրահամյանը հայտնի է նրանով, որ լինելով ՌԴ քաղաքացի, Հայաստանի համապետական ընտրություններում այս կամ այն ուժի ու թեկնածուի օգտին քարոզչություն է անում, իսկ ղարաբաղցիներին էլ կոչ էր անում խախտել սեփական Սահմանադրությունը եւ Արկադի Ղուկասյանին երրորդ անգամ անընդմեջ նախագահ դառնալու հնարավորություն տալ:
«ՀՀ զինապարտության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, «Սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք ձեռք չբերած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող նշանակվել հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոններում»: Վարդան Մարաշլյանի կենսագրականում ոչ մի բառ չկա բանակի եւ զինված ուժերի մասին: