Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՒՆ ՈՒՆԵՆ, ԲԱՅՑ ՏԱՆՏԵՐ ՉԵՆ

Մարտ 31,2010 00:00

Պետությունը տվել է համայնքին, համայնքի հնարավորությունը չի ներում

\"\"\"\"

Էջմիածնի Աթաբեկյան 1 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները վերջին երեք տարվա ընթացքում հասցրել են հեռակա ծանոթանալ հանրապետության գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին:

Երբ 2007 թվականի մայիսին կառավարության որոշմամբ հանրակացարանները հանձնվեցին տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքներին, սեփական միջոցներով դրանք վերանորոգելու եւ հանրակացարանի բնակիչներին անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու պայմանով, էջմիածինցի հանրակացարանաբնակները օր չկորցրին սեփականության բաղձալի իրավունքը ստանալու համար: Բայց որքան շտապում էին, այնքան մշուշոտ էր դառնում սեփական անկյուն ունենալու հեռանկարը:

Նշված հանրակացարանի երկրորդ մասնաշենքը, որը նախկինում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռում է եղել եւ ծառայել որպես Էջմիածնի «Պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան, երրորդ կարգի վթարային է: Իսկ սա նշանակում է՝ մինչեւ բնակարանների հատկացումը, նախ պետք է ամրացվի շենքը:

Եթե չլիներ շենքի վթարայնության հարցը, Էջմիածնի քաղաքապետարանը գուցե արդեն բնակարանները բաժանած լիներ: Բայց քանի որ վիճակն ավելի բարդ է, ծախսային առումով էլ՝ տեղական բյուջեի համար չափազանց մեծ, ուստի հանրակացարանի բնակիչները, քաղաքապետարանից հույսները կտրած, հարցը բարձրացրել են երկրի բոլոր ղեկավար մակարդակներում՝ հասնելով մինչեւ նախագահի վերահսկողական ծառայություն: Սակայն բոլոր ատյաններում էլ պատասխանը մեկն է եղել՝ շենքն արդեն համայնքի հաշվեկշռում է, համայնքն էլ պետք է հոգա բոլոր ծախսերը: «Շենքը վթարային է, նախ պետք է ամրացվի: Նախատեսում ենք վերափոխել նաեւ շենքի ներքին կառուցվածքը. միջնորմներով նոր սենյակներ ստանալ, յուրաքանչյուր ընտանիքի համար առանձին խոհանոց ու սանհանգույց կառուցել: Իսկ եթե թողնենք այնպես, ինչպես կա, այսինքն՝ երկուական սանհանգույց յուրաքանչյուր հարկի միջանցքում եւ բավարարվենք միայն ներքին հարդարման աշխատանքներով, ապա խնդիր չկա, կարող ենք արագ կերպով անել եւ հանձնել բնակիչներին: Կադաստրն էլ սեփականության վկայական կտա եւ վերջ: Բայց մենք եւ բնակիչները դա չենք ուզում: Ուզում ենք, որ տունը տան նման լինի՝ ամուր, տաք ու ապահով»,- «Առավոտին» ասաց Էջմիածնի փոխքաղաքապետ, բնակարանների բաշխման հանձնաժողովի նախագահ Վազրիկ Գրիգորյանը:

Ըստ նախահաշվի՝ շենքն ամրացնելու եւ բնակելի տեսքի բերելու համար հարկավոր է 440 միլիոն դրամ, ինչը քաղաքի տարեկան բյուջեի շուրջ 44%-ն է: Համեմատության համար նկատենք, որ քաղաքի սոցիալական խնդիրների լուծմանը ուղղված գումարը չի գերազանցում բյուջեի 20%-ը: Իսկ 44%-ն ուղղել միայն հանրակացարանաբնակ 36 ընտանիքի խնդիրը լուծելուն, այնքան էլ ճիշտ չէ: Բայց հարց է ծագում. քաղաքապետարանը չգիտե՞ր, որ իր հնարավորությունները թույլ չէին տալու այդ մասշտաբի նորոգում իրականացնել: Ինչո՞ւ էին բնակիչներին հուսադրում, որ մի գեղեցիկ օր կունենան իրենց ուզած ամուր եւ լուսավոր բնակարանը: «Թեեւ գումարի չափը մեծ է, բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի շահագրգիռ մարդիկ կամ կազմակերպությունները ներդրումներ անեն եւ բնակիչներին տան տեր դարձնելու հարցը հնարավորին սեղմ ժամկետներում լուծենք»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Իսկ հանրակացարանի բնակիչները շտապում են: «Սպասում են՝ էս շենքը քանդվի գլխներիս, նոր խառնվե՞ն իրար: Եթե էս հարցը չլուծվի՝ կդիմենք մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցներին»,- «Առավոտին» ասաց Դուխիկ Մովսիսյանը:

Այս հանրակացարանում, բացի տեղացիներից, բնակարաններ են հատկացվել նաեւ Ադրբեջանից բռնագաղթած 6 ընտանիքի, ինչպես նաեւ՝ բնակարանի կարիք ունեցող մանկավարժների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել