Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փողատերերին ասեք՝ ամո՛թ է»

Մարտ 31,2010 00:00

«2010-ին երջանիկների թիվը պակասելու է, նրանց թիվը, ովքեր ուզում էին լքել հայրենիքն ու գնալ օտար երկրներ՝ աշխատելու, ավելանալու է»,- երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի կանխատեսում արեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ի տարբերություն էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի այն հայտարարությանը, թե ճգնաժամն ավարտվել է, Բ. Ասատրյանի համոզմամբ՝ իսկական ճգնաժամը մեր երկրում դեռ նոր է սկսվում. «Դեռ 2008-ի դեկտեմբերին, երբ ես հայտարարեցի, որ մեզ սպասվում է երկնիշ տնտեսական անկում՝ ինձ ծիծաղի առարկա էին դարձրել, մինչդեռ իմ կանխատեսումներն իրականացան: Հիմա ես ասում եմ՝ 2010-ին անկումները մեր կյանք են մտնելու: Եթե նախկինում մեկ-երկու էլիտար շենք պակաս էր կառուցվում, ու ասում էին՝ շինարարության ոլորտում անկում կա, դա շարքային քաղաքացուն քիչ էր առնչվում, հիմա այդ անկումների իրական ազդեցությունը զգալու է մեր հասարակության աղքատ մասը»: Մեկնաբանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն քննադատությունը, որը վերաբերում էր ներկայիս կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, Բ. Ասատրյանը նկատեց. «Հայաստանի տնտեսության ներկայիս խնդիրների 9%-ը առաջացել է վերջին 10 տարում՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ: Մեր հասարակության մեջ Ռոբերտ Քոչարյանի կերպարը ավելի շատ կապված է մարտի 1-ի հետ, ուստի նա քննադատությամբ փորձում է ռեաբիլիտացվել մարտի 1-ի համար»: Ըստ տնտեսագետի, 15% տնտեսական անկման հիմնական պատճառները երկրի ներսում են, պարզապես անունը դնում են համաշխարհային տնտեսական ճգնաժամ. «Աշխարհը չէր կարող Հայաստանի նման փոքր պետության վրա այդքան մեծ ազդեցություն ունենալ, բերեք քարտեզը եւ Հայաստանն այնտեղ չեք գտնի: Ճգնաժամն էլ չէր կարող հենց Հայաստանին նկատել ու միայն մեր երկրի վրա ազդել: Կենտրոնական բանկն անում է էն, ինչ պետք չէ, դրա համար էլ դրամի նկատմամբ անվստահություն է ստեղծվել, եւ այն արժեզրկվում է: Կենտրոնական բանկը տեսնում է, որ իր վարած քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տալիս, բայց էլի նույնն է կրկնում: Պետական պահուստները մեր փողերն են, որեւէ մեկն իրավունք չունի այդ պահուստներից իր սխալների համար ծախսել մեր հասարակության փողերը»: Նախկին գլխավոր բանկիրը վստահ է, որ մեր երկրի ներսում բավականաչափ փող կա, ուստի անիմաստ էր դրսից վարկ վերցնելն ու արտաքին պարտքը մեծացնելը. «Այն փողը, որ բերում են օտարներից, այն էլ՝ այդքան բարձր տոկոսով, մեզ էդ փողը պետք չէ»:

Վերջին շրջանում դոլարի փոխարժեքը չհիմնավորված ու անկանխատեսելի թռիչքներ ունեցավ: Հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են դրա հետեւում կանգնած՝ Բագրատ Ասատրյանը պատասխանեց. «Դուք գիտեք, թե ովքեր են մեր երկրի փողատերերը: Եթե ուզում եք իմանալ, թե ինչու է դոլարը թանկանում, բռնեք այդ փողատերերին ու բարոյախոսեք: Ասեք՝ ամո՛թ է, մեր ազգային արժեքներից էդ մեկը գոնե մի քանդեք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել