Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱԳԵՏԸ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻՑ ՉԻ ՏԱՐԲԵՐԵԼ

Մարտ 31,2010 00:00

Տիգրան Օհանջանյանի կասկածելի մահվան կապակցությամբ հերթական դատաքննությունը ավարտվեց

\"\"Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Արշակ Խաչատրյանի նախագահությամբ ավարտվեց 2007թ. օգոստոսի 30-ին ՊՆ թիվ N զորամասում անհասկանալի հանգամանքներում մահացած Տիգրան Օհանջանյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի քննությունը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա հունվարին այս գործով մեղադրյալներ Ռուստամ Ասատրյանին եւ Կարեն Թովմասյանին անպարտ է ճանաչել: Նրանք, որ մեղադրվել էին պաշտոնական անփութության, զինվորական կանոնակարգի խախտման համար, մարզի դատարանի կողմից արդարացվել են, եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Նրանք երեկ դատարանում իրենց մեղավոր չճանաչեցին եւ գտնում էին, որ «առաջին» փորձագետ Գենադի Հարությունյանի փորձագիտական կեղծ եզրակացության հիման վրա են իրենց մեղադրանք առաջադրել: Նրանց պաշտպանն իր խոսքում պնդեց, որ փորձագետն իր առջեւ դրված պարտականությունները չի կատարել, որ իր պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրվել դեպքից 8 ամիս հետո, քննչական փորձարարությունների ժամանակ ընթերականեր չեն հրավիրվել, իրեղեն ապացույցներն էլ ոչնչացված են: «Մի՞թե ձեռքերը գրպանում դրած փորձագետին պիտի հավատալ: Մի՞թե կարելի է հավատալ մի փորձագետի, որը էլեկտրակայանը ռադիոկայանից չի տարբերում»,- հարցրեց Ռ. Ասատրյանի եւ Կ. Թովմասյանի պաշտպանը: «Դեպքից 10 ժամ հետո տեղի ունեցած դեպքի վայրի զննության ժամանակ, կայանը ինչպես միացված, այնպես էլ անջատված վիճակում՝ ձգալարերի վրա հոսանք չի եղել: Ստացվում է, որ եթե ինչ-որ մի պահ, ստուգման ժամանակ ինչ-որ չափով հոսանք է հայտնաբերվել, ապա դա եղել է թափառող հոսանք, որի առաջացման պատճառը չի պարզվել: Ինչը նշանակում է, որ իմ պաշտպանյալները դրանում մեղք չունեն»,- ասաց պաշտպանը:

Ի դեպ, իրեղեն ապացույցների հետ կապված Օհանջանյանների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը միջնորդեց, որպեսզի դատարանը զննի հանգուցյալ զինվորի՝ Տ. Օհանջանյանի զինվորական հագուստը: Նա հայտնեց, որ նախկինում նման միջնորդություն արվել է, սակայն Գեղարքունիքի մարզի դատարանի կողմից մերժվել է իր միջնորդությունը:

Երեկ նույնկերպ վարվեց եւ վերաքննիչ դատարանը: Իսկ հագուստի հետ կապված միջնորդությունը կարեւոր է, քանի որ դեպքի օրը ռազմական ոստիկանները առգրավել են Տիգրանի հագուստը: Դատախազ Գնել Մանուկյանը (ըստ Տիգրանի հոր) ցույց է տվել հագուստը, որը պատառոտված չէր: 2 անգամ դրանք ուղարկվել են փորձաքննության: Դեպքից 7 ամիս հետո հագուստը «պատառոտվել» է: Այս խոսքերի վրա վատացավ զինվորի մայրը, նա ասում էր, որ իր տղայի մահը ընկած է դատախազի, պաշտպանության նախարարության չինովնիկների վրա: Զինվորի մորը օգնության հասան դատական կարգադրիչները:

Դատական դռնբաց նիստին հետեւում էին հայրենիքին արծիվներ տված որդեկորույս տասնյակ ծնողներ: Ինչպես առհասարակ, պաշտպանության նախարարութունից որեւէ մեկը որդեկորույս ծնողների կողքին չէր: Դատարանը մերժեց տուժողի իրավահաջորդի բողոքը:

Հ. Գ. Շաբաթ օրը Մատենադարանի մոտ հանրահավաք-համագումար էր: «Արծիվներ» կազմակերպության կողքին էր եւ ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դրա համար նա ժամանակ գտել էր: Փոխարենը, նախարարը երբեք ժամանակ չունի մասնակցելու դատավարություններին ու դատական նիստերից հետո զինվորների ծնողների կազմակերպած բողոքի ցույցերին, ուր խոսվում է զորամասերում տեղ գտած բարքերի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել