Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԷԼ ԿՄՆԱՆՔ

Մարտ 31,2010 00:00

Քանի դեռ մեր երկրում աղքատի հաշվին անվճար վիրահատվում կամ բուժօգնություն է ստանում նախարարը, ԱԺ պատգամավորը կամ պետական որեւէ չինովնիկ, սոցիալական ոլորտներում բարեփոխումներ անելու մասին ՀՀ իշխանությունների վստահեցումները պարզապես անիրական են:

Մի անգամ Բրյուսելի փողոցներից մեկով անցնելիս նկատեցի, թե ինչպես են 3-4 բուժաշխատող մեծ համբերատարությամբ համոզում սուպերմարկետի պատի տակ կուչ եկած մի «բոմժի», որպեսզի նրան տանեն կլինիկա եւ բուժօգնություն ցուցաբերեն: Նկատելով զարմացած հայացքս՝ մեր խմբին ուղեկցող եվրոպացի գործընկերս բացատրեց, թե անկախ նրանից, որ Բելգիայում անօթեւանների համար բարվոք պայմաններով հազար ու մի ժամանակավոր կացարաններ են գործում, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք էությամբ «բոմժ» են եւ գերադասում են փողոցում ապրել: Այդ երկրի իշխանություններն էլ, այսպես ասած, հարգում են նրանց ընտրությունը, սակայն նույնիսկ այդ պարագայում հնարավորինս հոգ են տանում այդ մարդկանց առողջության մասին: Գործընկերս նաեւ պատմեց, որ ոչ մի խտրականություն չի դրվում. «բոմժը» բուժօգնություն է ստանում այն նույն բուժհաստատությունում, որտեղ Բելգիայի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Դա խոսում է այն մասին, որ այդ երկրում մարդը բարձրագույն արժեք է եւ անկախ այն բանից «բոմժ» է, օլիգարխ, թե նախարար, նա ստանում է մարդավայել բուժօգնություն:

Մեր երկրում էլ է մարդը բարձրագույն արժեք, բայց միայն թղթի վրա

«Սոցիալական եւ առողջական ծայրահեղ ծանր վիճակում է վերջին կերակրող, զինծառայողին կորցրած հայրը եւ իր փրկությունը տեսնում է ինքնասպանության մեջ»,- ՀՀ իշխանություններին այսպիսի երկտող է պատրաստվում թողնել Ժորա Հակոբյանը: Լսելով սոցիալապես ծանր վիճակում եւ անելանելի դրության մեջ գտնվող այս մարդու պատմությունը, պարզապես հեքիաթներ են թվում մեր երկրի համար պատասխանատու այն անձանց ասածները, որոնք վստահեցնում են, թե եվրաինտեգրման ճանապարհին գտնվող Հայաստանն իր սոցիալական ոլորտներում մի շարք կարեւոր կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումներ է իրականացրել: Հենց միայն այս մարդու օրինակով կարելի է պատկերացում կազմել, թե մեր երկրում ինչպիսի «բարձրագույն արժեք» է մարդը:

Մի քանի տարվա ընթացքում Ժորա Հակոբյանը կորցրել է կնոջը, հարսին, ապա երկու որդիներին: Նրանք բոլորն էլ մահացել են: Որդիներից մեկը, որը հայոց բանակի սպա է եղել, ծառայության ընթացքում ծանր հիվանդացել է եւ տեղափոխվելով տուն՝ մի քանի օրից մահացել է: Այդ ժամանակահատվածում հայրը՝ Ժ. Հակոբյանը, առողջական խնդիրներով հիվանդանոցում պառկած՝ չի էլ իմացել, որ որդին արդեն երկու օր է՝ մահացած է: Մինչ օրս դատաբժշկական փորձաքննությունը ոչ մի ստույգ եզրակացություն չի տալիս, թե կոնկրետ ինչ հիվանդությունից է մահացել զինվորականը: Մյուս որդին ավելի շուտ է մահացել՝ թոքաբորբից:

Եթե այդքան հոգեկան խնդիրները Ժ. Հակոբյանը մի կերպ հաղթահարում է եւ իր մեջ ուժ է գտնում ապրելու, ապա ֆիզիկական լուրջ խնդիրներն առանց բժիշկների միջամտության, պարզապես հնարավոր չէ հաղթահարել: Նա 2-րդ կարգի հաշմանդամ է: Բժիշկների ախտորոշմամբ, Ժ. Հակոբյանի սիրտը, շագանակագեղձը եւ ողնաշարը պետք է վիրահատվեն, սակայն առանց սրտի վիրահատության՝ քաղաքացին մնացած երկու վիրահատությունները չի կարող տանել. սիրտը չի դիմանա: Ժորա Հակոբյանի ներկայացմամբ՝ սննդի եւ էլեկտրաէներգիայի տնտեսումների հաշվին ամսական 30-40 հազար դրամի դեղորայք է գնում: Սրտի, նյարդերի եւ այլ օրգանների ցավերը մեղմելու համար նա 20 անուն դեղ է օգտագործում: Երկու ամիս է այս մարդը զրկված է հոսանքից, գազից՝ պարտքերի պատճառով անջատել են: Սրտի վիրահատությունն արժե 2 միլիոն 250 հազար դրամ: Սակայն առողջապահության նախարարությունը Ժ. Հակոբյանին կարող է օգնել միայն 365 հազար դրամով՝ այն էլ նրա համար, որ հաշմանդամ է: Մնացած գումարը Ժ. Հակոբյանը չի կարողանում հայթայթել: Իսկ նրա վիճակն օր օրի ծանրանում է:

Ոչ ավել, ոչ պակաս՝ 107 դուռ է թակել

ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ, ԱԺ նախագահ, առողջապահության նախարար, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, պաշտպանության նախարար, արտաքին գործերի նախարար, Ազգային անվտանգության ծառայության պետ, Քաղծառայության խորհրդի ղեկավար, Մարդու իրավունքների պաշտպան, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ, Կարմիր խաչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, ՀՅԴ, «Օրինաց երկիր», Արզնու թռչնաբուծական ֆաբրիկա, «Լուսաստղ» ընկերություն, Թուֆենկյան հիմնադրամ, Երեւանի կոնյակի գործարան, «Աշտարակ կաթ» ընկերություն, «Օրրան» բարեգործական միություն, «Միկա» ընկերություն… այս ցանկը շարունակելի է:

Իր նկատմամբ իրականացվող սոցիալական անարդարություններին ու խնդիրներին լուծում գտնելու համար, Ժ. Հակոբյանն ընդհանուր առմամբ 107 դուռ է թակել, սակայն որեւէ մեկը չի արձագանքել եւ անգամ 1 դրամով չեն ցանկացել օգնել:

Ժ. Հակոբյանը սրտի եւ ողնաշարի վիրահատության համար անգամ տասնյակ հայտարարություններ է տվել եւ խնդրել, որպեսզի բարեգութ մարդիկ «Հայէկոնոմբանկի» Շահումյանի մասնաճյուղում բացված 163028013411 հաշվեհամարին գումար փոխանցեն, սակայն՝ անօգուտ:

Նախարարը խոստացել է, խորհրդականը՝ «ցրել»

Այս տարվա հունվարին Ժ. Հակոբյանին հաջողվել է ընդունելության արժանանալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մխիթար Մնացականյանի մոտ: Նախարարը, լսելով քաղաքացու դարդուցավը, հայտնել է, որ գումարով օգնել չի կարող, բայց դեղամիջոցների հարցով կօգնի: Ժ. Հակոբյանի խոսքերով, նախարարն իրեն հորդորել է բժշկի նշանակած դեղատոմսերով ներկայանալ. «Դեղատոմսերս վերցրի եւ գնացի նախարարի մոտ: Նա հանձնարարեց իր խորհրդական Հայկ Մուրադյանին զբաղվել իմ խնդրով: Այդ օրվանից անցել է շուրջ երկու ամիս, իսկ ես ամեն օր մի քանի անգամ զանգում եմ Հայկին։ Նա ինձ պատասխանում է՝ վաղը զանգեք կամ 2 օրից զանգեք: Մեկ ամսվա թոշակս ծախսել եմ եւ 12 անգամ հենակներով մի կերպ տաքսիով գնացել եմ նախարարություն, որ Հայկին հանդիպեմ: Մի անգամ հաջողվեց հանդիպել, բայց հաջորդ անգամ անցագրայինում զգուշացրել էր, որ ինձ վերեւ չթողնեն: Հաջորդ օրը նորից գնացի նախարարություն, մուտքից զանգեցի Հայկի ընկերոջը եւ խնդրեցի, որ ես ներքեւում սպասում եմ, թող գոնե իմ ներկայացրած փաստաթղթերը վերադարձնի, այդպես էլ սպասելով ամբողջ օրը՝ գլխիկոր վերադարձա տուն»։

Ժ. Հակոբյանն այլեւս նախարարին հանդիպելու հնարավորություն չի ունեցել, ուստի ստիպված է եղել նրա անունով կրկին դիմում գրել, որտեղ հայտնում է, թե ինչպես է Հայկ Մուրադյանն իրեն օրեր շարունակ «քթից բռնած ման ածել» եւ վերջում էլ՝ «ցրել»՝ այդպես էլ չկատարելով նախարարի հանձնարարությունը: Քաղաքացու դիմում-բողոքը մակագրվել է նախարարության հենց այն պաշտոնյային, ումից Ժ. Հակոբյանը բողոքում է, այսինքն՝ Հայկ Մուրադյանին: Ժ. Հակոբյանի խոսքերով. «Նրանց նմանների թեթեւ ձեռքով է, որ մեր քաղաքացիները դառնում են թափառական եւ մուրացկան»:

Ժ. Հակոբյանի վերջին դիմումի առնչությամբ՝ նախարարությունից հորդորել են գնալ տուն եւ ինտերնետով հետեւել դիմումի պատասխանին: «Ես նրանց ուղղված դիմումիս մեջ գրում եմ, թե ինչ ծայրահեղ վիճակում եմ գտնվում, որ ո՛չ լույս ունեմ, ո՛չ գազ եւ ընդհանրապես կտրված եմ արտաքին աշխարհից, իսկ նրանք պատասխանում են, որ ինտերնետով հետեւեմ»:

 

Հ. Գ. Ազգային վիճծառայության տվյալների համաձայն, նախորդ տարի մեր երկրում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի բավականին բարձր ցուցանիշ է գրանցվել՝ 498 դեպք, որից 197-ը ինքնասպան է եղել: Մնացածի կյանքը հաջողվել է փրկել:

Մեկ այլ պաշտոնական տեղեկատվության համաձայն էլ՝ Հայաստանի բնակչության ընդամենը 10-12%-ն է, այսպես ասած, «ինտերնետաֆիկացված»: Ընդ որում, այդ թվի մեջ ներառված են նաեւ Հայաստանում գործող 3 բջջային օպերատորների կողմից թողարկված ինտերնետ-կոնեկտի բաժանորդները: Ուստի, այսքան ցածր ցուցանիշների պարագայում ինչո՞ւ են պետական պաշտոնյաները որոշել քաղաքացիների հետ էլեկտրոնային տարբերակով շփվել՝ պարզապես անհասկանալի է:

Մի կարեւոր հանգամանք եւս. պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ասվածը նախատեսված է հենց Ժ. Հակոբյանի նման քաղաքացիների համար, մինչդեռ, եթե մեր երկրի որեւէ վերահսկողական մարմին «ուշադիր» ուսումնասիրի պետության հաշվին բուժօգնություն ստացած քաղաքացիների ցանկը, կպարզի, որ մի շարք պետական պաշտոնյաներ, որոնց աշխատավարձը քիչ թե շատ թույլ է տալիս վճարովի բուժվել, ձեւակերպվել են որպես ամենավերջին աղքատ եւ անվճար վիրահատվել կամ բուժօգնություն են ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել