Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թունաքիմիկատները սպառնում են

Մարտ 31,2010 00:00

Երեւանի մերձակայքում ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցը սողանքային գոտու վրա է եւ շրջակա միջավայրի համար լուրջ վտանգ է ներկայացնում: 1982-ին կառուցված գերեզմանոցում թաղվել է ավելի քան 500 տոննա թունաքիմիկատ, այդ թվում՝ 50% կայուն քլորօրգանական միացություններ, իսկ գերեզմանոցի հարեւանությամբ բնակելի ավաններ են:

Երեկվա ասուլիսում այս մասին ասաց «Հայ կանայք հանուն առողջապահության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը: Նրա խոսքով, սողանքային վիճակում է նաեւ Ողջաբերդ եւ Գեղադիր գյուղերի միջեւ տեղակայված թունանյութերի գերեզմանոցը. «Թունաքիմիկատների համար սահմանված գերեզմանոցը սողանքային գոտու է վերածվել եւ վերջին տարիների անուշադրության հետեւանքով ավելի քան 12,5 մետր խորությամբ ներքեւ է իջել: Իրականացված միջոցառումները չեն ապահովում թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգությունը: Սողանքները տարածքում շարունակվում են՝ սպառնալով քայքայել գերեզմանոցը»: Տիկին Սիմոնյանի խոսքով, իրենց տեղեկություններով, մոտ 6 ամիս առաջ թունաքիմիկատների վերոնշյալ գերեզմանոց այցելուների մեծ հոսք է եղել, ինչի արդյունքում թաղված թունանյութերը «ջրի երես են հանել». «Թունանյութերի համար մոտ 2 մետր թումբ էր ստեղծված, այդ թումբն ամբողջությամբ հավասարեցված է, գերեզմանոցն ամբողջությամբ տակնուվրա է արված, եւ ակնհայտորեն տեսանելի են մեքենաների, կիրառված մեխանիզմների հետքերը. ովքե՞ր են դա արել, ի՞նչ նպատակով, ի՞նչ են տարել կամ թողել՝ չենք կարող ասել»:

Ժամկետանց թունաքիմիկատների վտանգի նվազեցմանն ուղղված՝ մեկնարկել է հայ-չեխական համագործակցության ծրագիրը՝ «Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում» խորագրով: Համագործակցության շրջանակներում Հայաստանում է Չեխիայի «Առնիկա» թունանյութերի եւ թափոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Հինդրիխ Թեթրլիքը: Նա եւ չեխ այլ փորձագետներ նախորդ շաբաթ այցելել են թունանյութերի 3 «թեժ կետեր» եւ արձանագրել վտանգի ահռելիությունը. «Առաջնային քայլը պետք է լինի գերեզմանոցը ցանկապատելը եւ շրջակա բնակավայրերին վտանգների մասին տեղեկացնելը, անհրաժեշտ է նաեւ ոչ միայն ոչնչացնել աղտոտված տարածքները, այլեւ դա կատարել պատասխանատվությամբ եւ չստեղծել նոր հնարավոր վտանգներ, կարեւոր է օգտագործել այրում չենթադրող տեխնոլոգիաներ, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել