Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տխուր եւ անմխիթար վիճակ»

Մարտ 31,2010 00:00

Այսպես բնութագրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տրանսպորտի եւ կապի նախարարությանը պետբյուջեից հատկացված միջոցներով որոշ ծրագրերի կատարման վիճակը:

Երեկ Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության կողմից տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարություններում մի շարք ծրագրերով պետբյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները:

Պարոն Զաքարյանի նկարագրությամբ՝ ՎՊ-ն չունի այնքան մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի որեւէ նախարարության կամ որեւէ գերատեսչության բոլոր ծրագրերը մանրակրկիտ վերահսկողության ենթարկի, այդ իսկ պատճառով որեւէ պետական հիմնարկ մտնելուց առաջ անցկացվում է դիտարկում, ընտրվում են հավանական ռիսկային ծրագրերը, թիրախները, եւ այդ մասով անցկացվում են ստուգումներ: Եվ այս տարիների ընթացքում փորձը ցույց է տվել, որ թիրախները գրեթե միշտ ճիշտ են ընտրվել՝ չի եղել որեւէ ստուգում, որ արդյունքը կոպիտ ասած՝ 0-ական լինի, որեւէ խախտում չհայտնաբերվի: Նկատենք, սակայն, որ այս դեպքում չի կարելի պնդել, որ «ոչ ռիսկային» կամ «ոչ թիրախային» ծրագրերում չէին հայտնաբերվի խախտումներ: Չի բացառվում, որ ցանկացած ոլորտում մանրակրկիտ ստուգումները նույնքան անմխիթար պատկեր առաջ բերեին, ինչ որ, ասենք, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը պետական նշանակության ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրերի պարագայում, որոնց մասին երեկ խոսեց պարոն Զաքարյանը: Եթե ներկայացնենք թվերով, ապա պատկերն այսպիսին է. ավտոճանապարհների հիմնանորոգման (կարճ լինելու համար ասենք՝ ասֆալտապատում) համար ընդհանուր առմամբ հատկացված 5 մլրդ 31 մլն 228 հազար դրամի պարագայում ՎՊ-ն ստուգել է աշխատանքների միայն մոտ 20 տոկոսը՝ 972 մլն դրամի ասֆալտապատում: Եվ այդ 972 միլիոնի գրեթե կեսը «կերած-պրծած» է եղել. ծավալագնային հավելագրում՝ 201 մլն դրամի, նախահաշվային թանկացում՝ 123 մլն դրամի, անարդյունավետ ծախս՝ 19,8 մլն-ի եւ անորակ աշխատանք՝ 1,635 մլն-ի: Պարոն Զաքարյանը կոչ արեց օբյեկտիվությունը պահպանելու համար այս համամասնությունը չփոխանցել ողջ ծրագրի վրա, ո՞վ գիտե՝ մեկ էլ տեսար, չստուգված մասը ոչ թե կիսով չափ են «կերել», այլ, ասենք՝ 10%-ով կամ վատագույն դեպքում՝ 90%-ով: Այդուհանդերձ, նշենք, որ «ծավալագնային հավելագրում» տողով գնացող գումարները վերադարձի ենթակա են: Իսկ, ասենք, ԿԳ նախարարության դեպքում ստուգված հատուկ կրթության կարիք ունեցող եւ արտակարգ ունակությամբ երեխաների 24 դպրոցներից 7-ում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված 70 մլն 705 հազար դրամի խախտումներն արդեն իսկ ամբողջությամբ վերականգնված են:

Նկատենք, որ ՎՊ-ի անցկացրած ստուգումները վերաբերվում են 2007-2008 թվականներին, այնպես որ, ինչպես նշեց պարոն Զաքարյանը՝ ասուլիսին ներկա նախարարներ Մանուկ Վարդանյանը եւ Արմեն Աշոտյանը որեւէ խնդիր չունեն այս ամենում, ավելին, նրանք ամեն ինչ անելու են՝ իրավիճակը շտկելու համար՝ հույս հայտնեց ՎՊ նախագահը:

Խախտումների մեխանիզմը նույնն է. ասֆալտապատման դեպքում՝ «ուտում են» ամեն ինչ՝ ասֆալտից սկսած, տեխնիկայից վերջացրած, արդյունքում՝ ասֆալտապատված ճանապարհը մեկ-երկու ամսից սկսում է ճաքեր տալ, իսկ շինարարության դեպքում՝ նախահաշվում «կրակում են» թվեր եւ ֆիրմաներ, որոնցից պատրաստվում են օգտվել, ասենք՝ իսպանական հախճասալիկ, իտալական պատուհան, գերմանական մանրահատակ, մեր օրենսդիրներն էլ հարկատուներիս տված գումարներից մաս են հանում, որ հատուկ կամ ոչ հատուկ դպրոցները այդ որակի նորոգում ունենան, բայց մեր հմուտ շինարարները դպրոցները շինում են լրիվ այլ ձեւով՝ օգտագործելով թուրքական մետլախ, պարսկական պատուհան կամ չինական լամինատ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել