Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հնչակյանները դուռը չեն փակելու»

Մարտ 31,2010 00:00

Էռնեստ Սողոմոնյանը պերկուպերկյանական հնչակյանների համար էլ է «փակված թեմա»

«Չնայած ինձ են մեղադրում իշխանամետության մեջ, բայց տիկին Սարգսյանի հայտարարություններն առ այն, որ կասկած չունի, թե դատավճիռը հօգուտ իրեն չի լինելու՝ այլ մտածմունքների տեղիք են տալիս»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նորընծա հնչակյան ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը: «Առավոտի» դիտարկմանը, որ տիկին Սարգսյանն իր հայտարարություններում հենվում է առկա իրավական հիմքերի վրա, մեր զրուցակիցը հակադարձեց, որ, ըստ իրենց, Լ. Սարգսյանի կատարած խախտումներն ավելի շատ են, քան ներկայացված են իրենց հայցում: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը պնդում է, որ հարկ եղած դեպքում իրենք կռիվ կտան բոլոր դատական ատյաններում: Իսկ ի՞նչ են անելու հավանական պարտության դեպքում. «Համենայնդեպս, հնչակյան կուսակցության դուռը չի փակվելու, եւ չենք գնալու տուն: Շարունակելու ենք մեր աշխատանքը մինչեւ առավել բարենպաստ գործունեության պայմաններ: Հիմա էլ կնիք չկա, բայց մենք աշխատում ենք»: Հարցին՝ այլ անվամբ կուսակցություն կգրանցե՞ք, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ՍԴՀԿ-ն արդեն գրանցված է, իսկ այն, որ կնիքն իրենց մոտ չէ՝ հոգ չէ, քանի որ առանց այդ էլ իրենք մարզերում շարունակում են գրասենյակներ բացել, շարքերը համալրել: Նորընծա ատենապետը տեղեկացրեց նաեւ, որ իրենք շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ դեռեւս մեկուկես տարի առաջ մեկնարկած սոցիալիստական ուժերի հավաքներին ու քննարկումներին: Ներկուսակցական խնդիրների հետ կապված՝ վերջին շրջանում փոքր-ինչ պասիվ են, սակայն առավել ակտիվ գործունեություն ծավալելու ծրագրեր կան, ոգեւորել է նաեւ Դեմկուսի ղեկավար Արամ Գասպարիչի՝ շիրխանյանական ՍԴՀԿ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին հայտարարությունը: Մասնակցել են նաեւ Դաշնակցության կազմակերպած սոցիալիստական ֆորումին: ՀՅԴ-ի հետ հնարավոր համագործակցության առիթով էլ Պերկուպերկյանը «Առավոտի» տարակուսանքը փարատեց. «Իհարկե, Սփյուռքի տարբեր գաղթօջախներում մրցակցություն կա: Հայաստանի հողի վրա կա մի խնդիր, որի շուրջ մենք երկուսս ունենք գրեթե նմանատիպ տեսակետներ: Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է: Իսկ երբ հայ ժողովրդի եւ Հայաստանի համար օրհասական պահեր են եղել՝ ՍԴՀԿ-ն ցանկացած ուժի հետ էլ համագործակցել է այդ իրավիճակից դուրս գալու համար: Էդպես եղել է ՍԴՀԿ-ի հիմնադրման առաջին օրից, եւ մենք միտք չունենք այդ լավ ավանդույթը փոխելու: Դաշնակցության հետ ամենաթունդ մրցակցությունը Լիբանանում էր, բայց այդ երկրի ներքաղաքական խմորումների ժամանակ անգամ լիբանանահայ համայնքը միավորվեց եւ պաշտպանեց քրիստոնեական «Համաս»-ին»:

Մեր զրուցակցին հիշեցրինք, որ Հայաստանում եւս մեկ հնչակյան կառույց է գործում, այն էլ՝ գրանցված: Խոսքը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Էռնեստ Սողոմոնյանի եւ իր գրանցած ՀՍԴՀԿ-ի մասին է, եւ հետաքրքրվեցինք նրա հետ հնարավոր համագործակցության հեռանկարներից. «Էռնեստ Սողոմոնյանին որպես հնչակյան ոչ ոք չի դիտարկում, այդ թվում նաեւ մենք: Ճիշտ է, Է. Սողոմոնյանը ԱԺ պատգամավոր է, մեկ-մեկ էլ ելույթ է ունենում, բայց հերթական գրանցված կուսակցությունն է, ու մեզ համար փակված թեմա: Դեռ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Լ. Սարգսյանն էլ, Սփյուռքի ընկերներն էլ հստակ արտահայտվեցին այդ մասին»: Իսկ արտահերթ ընտրությունների իրավիճակ՝ ոչ հասարակական պատվեր, ոչ էլ քաղաքական իրավիճակի առումով պերկուպերկյանական հնչակյանները չեն տեսնում, այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ առայժմ չեն պատրաստվում: Իսկ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարծես գնում է վիժեցման՝ նրանց ուրախացնում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել