Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԼՈՒՍՏԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է

Մարտ 31,2010 00:00

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահ է, որ իրենք ավելի կոշտ են Ղարաբաղի հարցում, քան առաջին իշխանությունները:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին, պարզվում է, բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ինչպես եղավ, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից: Ըստ Գալուստ Սահակյանի. «Ոչ միայն բավարարեց. ասեմ հետեւյալը՝ այդ տարիներին, երբ ասում էին, որ Ղարաբաղը կողմ էր, դա միջոցառումների բնույթ էր կրում, այսինքն՝ չկար որեւէ իրեղեն փաստաթուղթ, որ բանակցությունները պիտի գնային եռակողմ: (94 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշումը պրն Սահակյանը, հավանաբար, նման փաստաթուղթ չի համարում– Մ. Ե.): Պարզապես Հայաստանը, որպես միջնորդ եւ երաշխավոր, հանդես է եկել անընդհատաբար, եւ նաեւ՝ ԼՂ կողմի մասնակցությունն է դրսեւորվել տարբեր միջոցառումներին: Երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ երկրի վարչապետ, հետո նախագահ, նախորդ իշխանությունների մեսիջները Ղարաբաղին կարծես թե ձախողված դարձան, որովհետեւ միտք կար նաեւ իրականացնել Ղարաբաղի բարձր կարգավիճակը Ադրբեջանի կազմում: Դա էլ հետեւանք եղավ առաջին նախագահի հրաժարականի: Բնականաբար, նոր քաղաքական մոտեցումներն ավելի կոշտ էին, ոչ մի զիջում եւ ոչ մի կարգավիճակով Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ գործոնը տարավ նրան, որ ադրբեջանական կողմը բնավ չցանկացավ Ղարաբաղի հետ բանակցել, իսկ ընդհանուր պրոցեսների ակտիվացումը, մանավանդ՝ վերջին տարիներին, նկատելի դարձավ, եւ Մինսկի խմբի եռանախագահողները, որպես բանակցային կողմն ապահովող միջնորդ, հավասարապես հանդիպումներ են ունեցել եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի, եւ Ղարաբաղի իշխանությունների հետ: Այսինքն՝ ես կարծում եմ, սա ամենեւին էլ այն թնջուկը չէ, որ այսօր բանավեճի տեղիք պիտի տա»:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նկատի ունի ՀՀԿ փոխնախագահը, երբ ասում է, թե առաջին նախագահի պաշտոնավարման ընթացքում «մեսիջներ կային Ղարաբաղի բարձր կարգավիճակը Ադրբեջանի կազմում տեսնելու մասին»: Ի պատասխան, Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը միտք չունի քննադատել առաջին նախագահին. «Դա մտածողություն է, ձեւ է, իրենց գաղափարախոսությունն է: Ես ավելի շատ հպարտանում եմ, որ մեր գաղափարախոսությունը ի վերջո հաղթանակեց»:

Հետաքրքիրն այն է, որ երկրորդ նախկին նախագահի ներկայացուցչի տարածած «պարզաբանումների» մասին խոսելով՝ ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ի տարբերություն Գալուստ Սահակյանի, պնդել էր, որ երկրորդ նախկին նախագահի գրասենյակի ներկայացրած փաստերը «սուտ են եւ կեղծիք»: Ըստ պարոն Արզումանյանի, Մինսկի խմբի լիագումար բանակցությունները տեղի են ունեցել 1997-ի ապրիլին, Հելսինկիում, որին մասնակցել են երեք կողմերը՝ Ղարաբաղը, Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ դրանից հետո՝ նույն թվականի մայիսին, համանախագահները կողմերին են ներկայացրել գրավոր առաջարկներ: Ալեքսանդր Արզումանյանը եւս այն կարծիքին է, որ «Ռոբերտ Քոչարյանը, իշխանության գալուն պես, դուրս մղեց Ղարաբաղը բանակցային գործընթացից, եւ դա արվել է Քոչարյանի անձնական որոշմամբ եւ խնդրանքով, եւ այդ մասին բազմիցս խոսել են եւ Մեթյու Բրայզան, եւ Բեռնար Ֆասիեն»:

Վիկտոր Սողոմոնյանը անհասցե մի վիրավորանք էր նետել կուսակցությունների ուղղությամբ, ասելով. «Զավզակելուց առաջ՝ ուսումնասիրեք հարցը»: Փորձեցինք պարզել՝ ըստ Գալուստ Սահակյանի, այս խոսքերը հատկապես ո՞ր քաղաքական ուժին էին ուղղված եւ ի՞նչ էր ուզում դրանով ասել նախկին նախագահի մամուլի խոսնակը: Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, այս խոսքերի սեփական մեկնաբանությունն ուներ. «Գիտեք, այդպիսի զայրացած մոտեցումները կարող են իմիտացիոն մթնոլորտ ստեղծել: Կարող է, բոլոր դեպքերում, վերագրումներ լինեն եւ կուսակցություններին, եւ անձերին, բայց իրականությունն այն է, ինչ որ ես ասացի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել