Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

Մարտ 31,2010 00:00

«Ժառանգությունը» երեկ հետեւյալ կոչով դիմել է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին. «Ժառանգություն» կուսակցությունը, բովանդակ հայ ժողովրդի հետ մեկտեղ խիստ անհանգստացած լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան խնդիրների շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից եւ առկա սպառնալիքներից, ստեղծված իրավիճակը գնահատում է որպես Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին ուղղված ամենավտանգավոր մարտահրավերը, որը երբեւէ եղել է 1993-ից ի վեր: Այս պայմաններում Արցախի եւ hայ-թուրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան՝ «Ժառանգությունը» կոչ է անում ընդդիմադիր ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին եւ կոալիցիոն կուսակցություններին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, մինչեւ ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրությունները, գործող խորհրդարանի քաղաքական ցածր արդյունավետության պայմաններում, ձեւավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն՝ Կլոր սեղանի ձեւաչափով, որում կընդգրկվեն նշյալ 3 ընդդիմադիր եւ 3 կոալիցիոն ուժերը, ինչի շնորհիվ համամասնորեն ներկայացված կլինեն ընդդիմությունն ու իշխանությունը: Կլոր սեղանը առաջարկում ենք ձեւավորել առանց նախնական օրակարգի, ապա սեղանին դնել ընդդիմադիր ու իշխանական ուժերին հուզող բոլոր հիմնական խնդիրները եւ առանց նախապայմանների գալ ընդհանուր հայտարարի մի շարք հարցերում: Սա կարող է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ներհասարակական-ներքաղաքական միասնության ապահովման եւ համախմբված ուժերով հակառակորդին դիմակայելու համար, ինչպեսեւ՝ խթանել ժողովրդավարական բարեփոխումները: Կլոր սեղանը պետք է լինի առաջին քայլը՝ ազգային միասնության առավել լայն քաղաքական, քաղաքացիական եւ հոգեւոր ձեւաչափի կայացման ուղղությամբ, որն ի վերջո կընդգրկի Հայաստանի եւ Արցախի, ինչպեսեւ Սփյուռքի քաղաքական ուժերին ու քաղաքացիական առանցքային դերակատարներին, Մայր եկեղեցու եւ մյուս հիմնական հարանվանումների ներկայացուցիչներին: Նման առաջարկով «Ժառանգությունը» պատրաստվում է պաշտոնապես դիմել նաեւ վերը նշված ազգային միավորներին: Առաջիկայում «Ժառանգությունը» կդիմի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի առաջնորդներին՝ քննարկելու այս առաջարկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել