Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեղադրեց բոլորին

Մարտ 31,2010 00:00

Սամվել Բաբայանի կարծիքով՝ մեր քաղաքական դաշտի 90 տոկոսը վաղուց պետք է թոշակի գնացած լիներ:

«Այո, ամեն ինչ գնում է դեպի պատերազմի ճանապարհը: Այն լկտիությունը, որը ունի Ադրբեջանը՝ որեւէ բան չտալ, ամեն ինչ ստանալ, խոսում է այն մասին, որ նա տանում է դեպի պատերազմ: Այո, վտանգավոր է իրավիճակը: Այո, ցանկացած րոպե կարող է վերսկսվել պատերազմը»,- երեկ «Սլաք» մամուլի ակումբում հայտարարեց ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա նաեւ սխալ է համարում Արցախի հարցում այս փուլում փոխզիջումների մասին խոսելը, քանի որ համոզված է. «Այդ հայտարարությունները հակառակորդին վերին աստիճանի լկտիացնում են, իսկ մեզ՝ նվաստացնում: Ադրբեջանը որեւիցե փոխզիջումից չի խոսում։ Նա խոսում է՝ այսօր, անմիջապես ու ամբողջովին վերադարձնելու մասին։ Նման դեպքում, երբ որ բանակցող մյուս կողմը նման կերպ է ձեւակերպում, ինչքա՛ն էլ ուզում ենք մենք ասենք՝ փոխզիջում, պայմանագիր ստորագրել պատերազմի չվերսկսման մասին, ուղղակի անիմաստ է։ Մենք դրանով դրդում ենք ճիշտ հակառակին՝ նոր զարգացումների։ Ես սխալ եմ համարում ընդհանրապես այս փուլում խոսել փոխզիջումներից կամ ինչ-որ տարածքներ հետ տալուց, քանի դեռ Ադրբեջանը չի խոսել փոխզիջումների մասին»:

Իսկ պատերազմի խոչընդոտներից մեկն էլ բանախոսը համարում է այն, որ Ադրբեջանը գիտակցում է, որ եթե վերսկսեց պատերազմն ու անհաջողություն ունեցավ ռազմի դաշտում, նա կորցնելու է արդեն ոչ թե պետության 15-20 տոկոսը, այլ կարող է 50 տոկոսը կորցնել. «Եվ որեւիցե միջնորդ չի կարողանալու կանգնեցնել դա: Սա գիտակցում է նաեւ Ադրբեջանը եւ հասկանում է, որ պետք է շատ լավ պատրաստվել այդ մարտին, որովհետեւ դա մի անգամ է լինելու ու վերջ: Դրանից հետո արդեն կողմերը՝ կրող, կրվող, ընթացքում ստորագրելու են բոլոր այն փաստաթղթերը, որ այս 16 տարին չեն ստորագրում»: Իսկ քաղաքական որոշում ղարաբաղյան հարցին մոտակա ժամանակներս նա լուծում չի տեսնում. այն, ինչ ներկայում միջնորդներն առաջարկում են հայկական ու ադրբեջանական կողմերին, եւ որը ընդունել է Ադրբեջանը, ու անընդունելի է Հայաստանի համար, իրականում 1997 թվականի փուլային տարբերակն է: Սամվել Բաբայանը գրեթե վստահ է, որ Սերժ Սարգսյանը զիջումների չի գնալու, իսկ հնչող հայտարարությունները խորհուրդ է տալիս դիտարկել քաղաքական համատեքստում: Անդրադառնալով արդեն շուրջ մեկ տարի հայրենի քաղաքական դաշտում ծավալվող նոր ազգային ուժ ստեղծելու խոսակցություններին էլ՝ բանախոսը փաստեց, որ քաղաքական դաշտում չի տեսնում այն ուժը, որը «հայոց ազգի բեռը կվերցնի իր վրա», հետեւաբար, առաջիկա ընտրական փուլին ինքը չի մասնակցելու. «Ես չեմ տեսնում Հայաստանում քաղաքական դաշտ, որ մասնակցեմ։ Եթե դուք տեսնում եք, մասնակցեք: Որեւիցե ուժի մեջ մտնելու մտադրություններ չունեմ, ոչ էլ ստեղծելու, որովհետեւ մեր քաղաքական դաշտի 90 տոկոսը վաղուց պետք է գնար թոշակի, բայց մարդիկ չեն գնում։ Մի ամբողջ փայլուն հաղթանակ 16 տարի մսխեցին իրենց իսկ խելքից, իրենց իսկ առաջարկներով, վերլուծություններով, հանդիպումներով»։ Ստեղծված իրավիճակի մեղավորը Սամվել Բաբայանը համարում է բոլոր իշխանություններին՝ այս կամ այն չափով, այդ թվում՝ նաեւ իրեն։

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությանն էլ՝ բանախոսը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները ուղղակի հանրապետականների պատասխանն էին Օսկանյանի արտահայտած մտքերի առիթով իրեն ուղղված մեղադրանքներին. «Եթե երեկվա իր հայտարարությունն էլ ընթերցեք ուշադիր, ուղիղ ասվում է՝ չի կարելի կապել (Քոչարյանին եւ Օսկանյանին – Ն. Գ.): Վաղը կփորձեք ինձ ասել, որ ես Քոչարյանին պաշտպանում եմ, կամ Բաբայանն արտահայտվեց ինչ-որ մեկի պաշտպանության համար: Օսկանյանը արտահայտում է իր մտքերը, բոլոր լրատվական միջոցները, քաղաքական ուժերը ձեւակերպում են, որ Քոչարյանն է թելադրում, որ Օսկանյանն արտահայտվի: Այդպես չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել