Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾՈՎԻ ԱՄԲՈՂՋ ՋՈՒՐԸ ՉՊԻՏԻ ԽՄԵՍ՝ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ, ՈՐ ԱՅՆ ԱՂԻ Է

Մարտ 31,2010 00:00

Արդարադատության ներկայացուցիչների պնդումներին, թե դատական համակարգի վերաբերյալ զեկույցներում առանձին բացթողումներ մատուցվում են որպես ընդհանուր օրինաչափություններ՝ այսպես է հակադարձում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 17-ի նիստում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել էր, թե ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, այնպես էլ դատական համակարգի դիտարկման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը պարունակում են կարեւոր եւ արժեքավոր երաշխավորություններ, որոնք հիմք կծառայեն արդարադատության համակարգի վերաբերյալ գործունեության ծրագիր մշակելու համար: Սակայն այդ հայտարարությունից ընդամենը 6 օր անց արդարադատության նախարարության կայքէջում տեղադրվեց նախարար Գեւորգ Դանիելյանի հաղորդումը վարչապետին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի վերաբերյալ, որում մասնավորապես նշված էր. «Զեկույցի հեղինակները դատողություններ, եզրահանգումներ ու առաջարկություններ անելիս ցուցաբերել են գործող օրենսդրության ու կառուցակարգերի որոշ անիրազեկություն»: Հաղորդմանն առդիր էլ ներկայացվել էին ՀՀ վճռաբեկ դատարանի 30 էջանոց առարկությունները նույն զեկույցի վերաբերյալ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումները մեր դատական համակարգի վերաբերյալ գերազանցապես նույնն են, ուստի Արմեն Հարությունյանին խնդրեցինք անդրադառնալ արդարադատության ներկայացուցիչների որոշ հակափաստարկներին:

Առարկություններում նշված է, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի շրջանակներում  «ուսումնասիրության առարկա է հանդիսացել ընդամենը 93 քրեական գործ՝ 116 անձի վերաբերյալ, մինչդեռ, օրինակ, 2008թ. ՀՀ դատարանների կողմից քննվել է 2575 գործ՝ 3259 անձի վերաբերյալ (այլ կերպ՝ ուսումնասիրված  գործերը կազմում են տարեկան քննվող գործերի ընդամենը շուրջ 3,6%-ը, դրանք վերաբերում եմ դատապարտվածների միայն 3,5%-ին): Հետեւաբար միայն ուսումնասիրված գործերով ու դատապարտվածների քանակով ՀՀ դատարանների աշխատանքներին ընդհանուր բնութագիր հնարավոր չէ տալ»: Արմեն Հարությունյանն այս փաստարկի կապակցությամբ ասաց. «Ժամանակին նաեւ մեր նկատմամբ է նման առարկություն հնչել: Կարծես թե սա ունիվերսալ առարկություն է դառնում, քանի որ հնարավոր չէ մոնիտորինգ անել բոլոր դատական նիստերը կամ նույնիսկ դրանց կեսից ավելին, ու մի՛շտ կարելի է անել այդ առարկությունը: Բայց ուզում եմ հիշեցնել մի հայտնի ասացվածք, թե պետք չէ խմել ծովի ամբողջ ջուրը՝ իմանալու համար, որ այն աղի է: Այդ քանակն էլ, որ դիտարկվել է, բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում դատական համակարգում՝ մարդու իրավունքները երաշխավորված ու պաշտպանված լինելու տեսակետից»:

Դատավորների կողմնակալության ու մասնագիտական վարքագծի խախտումների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում առկա քննադատությանն ի պատասխան՝ Վճռաբեկ դատարանը մի խի՜ստ ուշագրավ փաստարկ է նշել. «Հիշյալ վերլուծությունն ավելի օբյեկտիվ լինելու համար՝ ճիշտ կլիներ գնահատել քննարկվող գործերի առանձնահատկությունը կազմող՝ այն ոչ ստանդարտ, ոչ սովորական իրավիճակները, որոնց պայմաններում աշխատել են դատավորները»: Համանման փաստարկ նշել էր նաեւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, թե «հեղինակները անհարկի ընդհանրացումներ են կատարել, անտեսելով, որ տվյալ դեպքում քննարկման առարկա են դարձել բացառապես մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ քննված քրգործերը, որոնց դատաքննությունն ընթացել է դատական նիստերի բնականոն ընթացքը կազմակերպված կերպով խոչընդոտելու, դատական համակարգի նկատմամբ ընդգծված բացասական անհարգալից վերաբերմունք ձեւավորելու միտումով»:

Մեր հարցին՝ արդյոք գտնո՞ւմ է, թե այն, որ «դատավարություններն ընթացել են անսովոր, արտակարգ մթնոլորտում»՝ որոշ չափով արդարացնում է դատավորների թույլ տված խախտումները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց. «Ես այդպես չեմ կարծում: Իհարկե, այդ ոչ ստանդարտ իրավիճակները դատապարտելի են. ճիշտ չէր այն, ինչ մենք տեսնում էինք այնտեղ: Բայց դա որեւէ արդարացման հիմք չի տալիս, որ դատավորները դրսեւորում էին նման վարքագիծ»:

Հետաքրքրվեցինք, թե որպես Հայաստանի քաղաքացի՝ ի՞նչ է զգում, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում կարդում է նման օրինակներ. «Երբ վկա Մ.-ն սկսեց ցուցմունք տալ՝ դատավորը հարցրեց, թե արդյոք նա թշնամանք ունի՞ ամբաստանյալ Ա.-ի հանդեպ: Վկան թվում էր, թե զարմացավ ու ցածրաձայն պատասխանեց. «Ոչ, ինչո՞ւ»: Դատավորը հեգնանքով նշեց. «Սովորաբար, հրեաներն են հայտնի՝ պատասխանի փոխարեն հարցեր տալու համար, բայց ակնհայտ է, որ մենք՝ հայերս, ավելի լավը չենք»: Կամ՝ երբ Երեւանի քրեական դատարանում նիստին ներկաները սկսել են ծափահարել՝ դատավորը նրանց ասել է. «Ես նույնիսկ չեմ ուզում իջեցնեմ ինձ ձեր մակարդակին: Բարեկիրթ վերաբերմունքը ձեր նման մարդկանց համար չէ» եւ այլն: Արմեն Հարությունյանն ի պատասխան նախ հիշատակեց իրավական առկա նիհիլիզմը. «Դատավորներն էլ են այս հասարակության անդամ: Եվ երեւի թե իրենք պետք է պարզապես ավելի մեծ պատասխանատվություն զգան նման դեպքերում, քանի որ իրենք, ըստ էության՝ իրավական մշակույթը կերտողներից են: Եվ ցավալի է, որ իրենք այսպիսով ավելի վատ օրինակ են ցուցաբերում ու դրանով ավելի հիմնավորում, արմատավորում նիհիլիզմը երկրում: Քանի որ նման վարքագիծ տեսնող քաղաքացին երբե՛ք վստահություն չի ունենա այդ դատական համակարգի նկատմամբ: Եվ հետո էլ՝ պարբերաբար տեսնում ենք, թե ինչպես մեր իրավապահ մարմինների տարբեր ղեկավարներ սկսում են իրենց գործունեության այսպես կամ այնպես լինելու համար մեղադրել հասարակությանը կամ դիմել, որ հասարակությունն իրենց վստահի: Հասարակության արձագանքն օբյեկտիվ է այն վարքագծին ու գործունեությանը, որն իրենք են դրսեւորում: Նրանց վերաբերմունքը հայելի է: Եվ այլ վերաբերմունքի արժանանալու համար, պարզապես իրենք պետք է ուղղվեն: Մինչդեռ նման հայտարարությունները՝ նույնիսկ այլազգիների վերաբերյալ, ընդհանրապես անընդունելի են: Այդ դատավորն ուղղակի անհեթեթ բան է ասել, այսինքն՝ հրեաները լավը չեն, բայց մենք էլ մի բան չենք: Սա ի՞նչ մակարդակի խոսակցություն է դատական նիստի ժամանակ: Ցավ եմ ապրում, քանի որ սա բացարձա՛կ լավ բան չի հուշում՝ մեր պետական շինարարության ու ապագայի տեսակետից»:

Չնայած զեկույցներում արձանագրված նման խախտումներին՝ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված գործերով որեւէ դատավորի հարց չի քննարկվել դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովում: Վճռաբեկ դատարանի առարկություններում արձանագրված այս փաստին պրն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ես համոզված եմ, որ այդ դատավորների քննած գործերի ճնշող մեծամասնության դեպքում Հայաստանը պարտություն է կրելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հիմա կարող են էթիկայի հանձնաժողովում էլ չքննել այդ հարցերը, նաեւ համարեն, թե ընդհանրապես ամեն ինչ շատ լավ է, սա պարզապես դավադրություն է իրենց նկատմամբ եւ այլն: Բայց նաեւ վստահ եմ, որ իրենք իրենց ներսում էլ են համոզված, որ այս զեկույցներում նշված խնդիրներն իրոք առկա են ու պետք է շտկվեն, քաղաքացի-պետություն կապը պետք է վերականգնվի: Մենք չուղղելու հնար պարզապես չունենք»:

Պաշտպանն առաջարկեց. «Ձեր թերթի միջոցով կոչ եմ անում որեւէ դատավորի կամ պաշտոնյայի՝ միասին դուրս գանք, ՀՀ շարքային քաղաքացիներին հարցնենք՝ համաձա՞յն են այս զեկույցներին: Տեսնենք՝ նրանք ավելի համաձայն կլինեն ԵԱՀԿ-ի՞ մոտեցումներին, թե՞ մեր դատական համակարգի: Ի սկզբանե ասեմ՝ խայտառակություն կլինի, քանի որ կպարզվի, որ շարքային քաղաքացին ավելի շատ միջազգային կառույցի հետ է համաձայն»:

Հ. Գ. Արմեն Հարությունյանի գնահատականը Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եվրոպական կոմիտեի զեկույցի մասին՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել