Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԱԿՆԿԱԼ ՈՐՈՇՈՒՄ

Մարտ 31,2010 00:00

\"\"ՀՀ Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը նաեւ նախկին քաղկալանավորներին հնարավորություն կտա պահանջելու, որ իրենց նկատմամբ կայացվեն արդարացման որոշումներ:

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Կարապետ Ռուբինյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումները՝ Հայաստանի Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի երկրորդ մասը, որի համաձայն՝ «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման՝ կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»: Հիշյալ դրույթը հակասահմանադրական ճանաչելու պահանջով ՍԴ-ին դիմելու նախաձեռնությունը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանինն է եղել, որի համոզմամբ, այդ դրույթը խախտում էր անմեղության կանխավարկածը եւ «միջամտություն» էր անմեղության կանխավարկածի իրավունքին։

Հիշեցնենք, որ բացի Կարապետ Ռուբինյանից եւ Արամ Սարգսյանից, արդեն ուժը կորցրած այս դրույթի կիրառմամբ 2008թ. դեկտեմբերին քրգործերը կարճվել եւ քրեական հետապնդումը դադարեցվել էր նաեւ ընդդիմադիր գործիչների՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի, ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի, Արշակ Բանուչյանի, Խաչատուր Սիմոնյանի, Ալեքսան Վարդանյանի, Երջանիկ Աբգարյանի, Վովա Առաքելյանի, մասամբ նաեւ Գագիկ Ջհանգիրյանի, իսկ վերջերս էլ Հայ ազգային կոնգրեսի երիտթեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի նկատմամբ: ՀԱԿ-ում ճշտեցինք, որ հենց այդպիսի հիմքով քրգործի կարճման որոշումը կիրառվել է ընդհանուր առմամբ շուրջ 20 անձանց նկատմամբ: Ժամանակին միայն Կարապետ Ռուբինյանն էր, որ այդ որոշման հիմքերի դեմ բողոք էր ներկայացրել, բայց՝ ապարդյուն:

Եվ այսպես՝ ի՞նչ հետեւանք կարող է ունենալ ՍԴ-ի, ի դեպ, վերջնական համարվող, որոշումը գործնականում: ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ասելով. «Հիմա այլեւս նախկին քաղկալանավորները, որոնց գործերը կարճվել են այդ հիմքով, եւ ովքեր ժամանակին բաց են թողել այդ որոշումների բողոքարկման ժամկետները, հիմա նոր երեւան եկած հանգամանքների ուժով կարող են դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ պահանջելով վերանայել նախկին որոշումները եւ կայացնել կարճման նոր որոշում, եւ նորից դիմել դատարաններ՝ իրենց գործերի բողոքարկման եւ փոխհատուցման պահանջներով»: Գ. Ջհանգիրյանը հստակեցրեց, որ այդ բողոքները այլեւս չեն կարող չբավարարվել:

Քաղաքական շարժառիթներով հետապնդվողների գործերի մեծ գիտակ, բազմաթիվ քաղկալանավորների փաստաբան Հովիկ Արսենյանն էլ մեզ հետ զրույցում արդեն ասվածին հավելեց, որ ՍԴ կայացրած որոշումը վերաբերում է ոչ միայն քաղկալանավորներին, այլեւ բոլոր այն քաղաքացիներին, որոնք քրեական հետապնդման են ենթարկվել, եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել հենց այդ՝ «ապացույցների անբավարարության» հիմքով. «Այդպիսի որոշումներն այլեւս անվավեր են, եւ այդ մարդիկ համարվում են բացարձակապես անմեղ, հանիրավի հետապնդման ենթարկվածներ, ու նրանք միանշանակորեն իրավունք ունեն որպես անմեղ քաղաքացիներ, որոնք տուժել են իրավապահների կայացրած, ՍԴ որոշումից հետո այլեւս եւ, ըստ էության, ապօրինի հիմքով, կարող են մտնել դատարաններ եւ փոխհատուցումներ պահանջել»: Հ. Արսենյանը նաեւ շեշտեց, որ «ապացույցների անբավարարություն» հասկացությունը կամ ինստիտուտը, որպես իրավական կատեգորիա, եթե իրավական հարթության տեսանկյունից դիտարկենք, գոյություն չունի: «Անձը կամ պետք է համարվի մեղավոր, կամ անմեղ: Հակառակ դեպքում դա անմեղության կանխավարկածի ոտնահարում է: Չփարատված կասկածները լուծվում են հօգուտ մեղադրյալի»:

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինները քաղկալանավորների նկատմամբ կալանքը պարբերաբար երկարաձգում էին եւ նրանց գործը դատարաններ չէին ուղարկում հենց այն պատճառով, որ նրանց առաջադրված մեղադրանքները դժվար էր նախաքննությամբ ամրագրել անհրաժեշտ ապացույցների բացակայության պատճառով, իսկ ավելի ուշ այդ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումը նման ապացույցների «անբավարարության» հիմքով դադարեցնելը փրկօղակ էր՝ մարդկանց պատժելու եւ նրանց հանիրավի կալանքի տակ պահելու փաստը արդարացնելու համար:

Ի դեպ, երեկ «Առավոտի» հետ զրույցում ե՛ւ Կարապետ Ռուբինյանը, ե՛ւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը խոստովանեցին, որ ՍԴ որոշումն իրենց համար անսպասելի էր: Կ. Ռուբինյանն ասաց նաեւ. «Մենք հնարավորություն ստացանք եւս մեկ անգամ դիմել դատարան եւ պահանջել մեր նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ՝ այս անգամ հանցակազմի բացակայության հիմքով»: Նույնն անելու մտադրությամբ իր փաստաբանների հետ խորհրդակցում է նաեւ ՆԺԿ նախագահը: Իրենց նկատմամբ Քր.դատ. օր.-ի՝ այլեւս ուժը կորցրած համարվող այդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները մտադիր է բողոքարկել նաեւ նախկին քաղկալանավորների հիմնական մասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել