Լրահոս
Օրվա լրահոսը

Ով չերգի՝ նա կշահի

Մարտ 30,2010 00:00

Կամ հատուցում են պարտքերը…

Մարտի 26-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ առանց կարմիր գորգի ու «լիմուզինների»: Երգիչ-երգչուհիները համերգասրահ ներկայանում էին իրենց սեփական մեքենաներով: Դահլիճը սովորականի պես լեփ-լեցուն չէր… Նստած հանդիսականի մեծամասնությունն էլ հրավիրվածներ էին: Տարվա երաժշտական գլխավոր իրադարձությունը բացեց ՀՀ օրհներգի էստրադային տարբերակը: Հանդիսականը թյուրիմացության մեջ ընկավ եւ հիմներգի միայն կեսից ոտքի կանգնեց: Նորություն չէ, որ հայկական արտադրության նորահայտ աստղիկները ընդհանրապես երգել չգիտեն: Իսկ այդ կարգի չերգողներ մրցանակաբաշխության ընթացքում գրանցվեցին, ճիշտ է՝ մրցանակ չտարան, բայց երգեցին:
Միակ բանը, համընդհանուր այդ ռաբիսության եւ պրովինցիալիզմի մեջ, ինչը հաճելիորեն աչք ու ականջ շոյեց՝ դա  չանտեսված դասական երաժշտությունն էր: Նշենք, որ մրցանակաբաշխությունում այս տարի սահմանված էր 12 անվանակարգ:  Հատուկ մրցանակներ էլ տրվեցին՝ Ռոբերտ Սահակյանցին (հետմահու), Էռնա Յուզբաշյանին, Ռոբերտ Ամիրխանյանին եւ այլոց:
Ինչ վերաբերում է «Տարվա լավագույն երգիչ-երգչուհի» անվանակարգերին, ապա այստեղ որեւէ մրցակցության մասին խոսք անգամ չի եղել: Արդեն երկրորդ տարին է, ինչ վերեւից է թելադրվում տարվա լավագույն երգչի անունը: Այլ հարց, թե ինչ տրամաբանությամբ: Պրոֆեսիոնալ ժյուրին 30 հոգուց է բաղկացած եղել, որոնք էլ լավագույն երգչի տիտղոսին արժանի էին համարել Ռազմիկ Ամյանին, իսկ լավագույն երգչուհուն՝ նախորդ տարվա հայտնություն դարձած Լիլիթ Հովհաննիսյանին:
Մրցանակաբաշխության պատասխանատու, կազմակերպիչ, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը զրույցում դժվարացավ հրապարակել գոնե մեկ-երկու անուն, ովքեր ժյուրիի կազմում են եղել: Ասաց, որ ցակության դեպքում կարելի է ճշտել ՀՀ մշակույթի նախարարությունից: 30 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալների կարծես հապճեպ ընդունված որոշումը, օրինակ՝ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին անակնկալի բերեց, երբ բեմում հանկարծակի հրապարակեցին իր անունը: «Առավոտի» հետ զրույցում երգչուհին խոստովանեց, որ արժանի չէ այդ մրցանակին, հավելելով, որ կցանկանար այն մյուս տարի ստանալ, քանի որ տարվա ընթացքում ինքը ոչինչ չի արել: Իսկ «անգործության» պատճառը գումարի, ծանոթությունների եւ հարուստ պրոդյուսերի բացակայությունն է եղել:
Ի դեպ, նշենք, որ մրցանակաբաշխությունից օրեր առաջ լուրեր էին պտտվում, թե «Տարվա լավագույն երգչուհի» պետք է ճանաչվի Սոֆի Մխեյանը: Օպերայի ճեմասրահում անգամ նկատեցինք երկու լուսանկարչի, որոնք որոշել էին համերգասրահ ներկայանալ Սոֆի Մխեյանի նկարով շապիկներով: Շապիկները, ինչպես պարզվեց, լուսանկարիչներին տրամադրել էր հենցը ինքը՝ երգչուհին:  Լուսանկարիչ Արթուրը՝ շոու-բիզնեսում ծանոթ միակ հայ պապարացցին, թեեւ Սոֆի Մխեյանի նկարով շապիկ էր հագել, բայց բաճկոնով թաքցնում էր այն: «Ինչ իմանամ՝ Սոֆին կշահի, թե…»,- ասաց Արթուրը: Փաստորեն չշահեց… Եվ, ցավոք, «եվառիվասոտ PR»-ն էլ չօգնեց: Կուլիսներում, երբ հայտարարեցին տարվա երգչուհու անունը, միակ բառը, որ Սոֆին արտաբերեց՝ «դա ծիծաղելի է» արտահայտությունն էր: Երգչուհին, ի տարբերություն շատերի, ոչ միայն հավուր պատշաճի էր պատրաստվել մրցանակաբաշխությանը, այլեւ ողջ տարվա ընթացքում ձեռքերը ծալած չէր նստել: Եվ նոր տեսահոլովակ ունի, եւ նոր ալբոմ, եւ բազմաթիվ համերգներ է ունեցել շրջաններում:
Գոհ ու երջանիկ էին երգիչ Ռազմիկ Ամյանն ու իր պրոդյուսերը, ով այս անգամ հնարավորինս, եթե ոչ սիրալիր, ապա առանց կոպտելու էր շփվում լրագրողների հետ: Ի տարբերություն «Եվրատեսիլի» նախընտրական փուլի երեկոյի, երբ պարտվածի կարգավիճակը չէր գոհացրել երգչի պրոդյուսերին, եւ նա նույնիսկ եթերներից էլ հայտարարեց, որ Ռազմիկն այլեւս չի մասնակցի որեւէ մրցույթի, որտեղ առկա լինի ժյուրիի գործոնը: Եվ իզուր… Այս մրցույթում ժյուրին կարծես Ռազմիկի սիրտը շահեց եւ փոխհատուցեց նրա «Եվրատեսիլ» չգնալը:
Ի դեպ, երգիչ Արսեն Գրիգորյանն (Ռոմեո) ու Արսեն Սաֆարյանը կարծես ձեն ձենի էին տվել եւ գրեթե նույն կարծիքն արտահայտեցին, երբ հարցրի, իսկ իրենք չունե՞ն ցանկություն՝ դառնալ «Տարվա լավագույն երգիչ»: Արսենները ասացին, որ իրենց համար կարեւոր է ժողովրդի սերը, իսկ «Լավագույն երգիչ» անվանակարգն իրենց ամենեւին էլ պետք չէ:
Փաստենք, որ մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ երգչուհի Եվա Ռիվասը՝ այն էլ պատվավոր հյուրի կարգավիճակում: Հանրության դատին Եվան հանձնեց «Ծիրանի կորիզ» երգի մշակված տարբերակը, թեեւ առանձնակի տարբերություն կարծես ոչ ոք չնկատեց:
Ավելացնենք, որ ողջ երեկո բեմից ռաբիս երաժշտություն էր հրամցվում: 6/8 չափի երաժշտության վարակը կարծես համընդհանուր տարածում էր գտել: Սիրո մասին «տաշի տմբլիով» էր փորձում աշխույժ տրամադրություն ստեղծել Արման Հովհաննիսյանը: Նրա՝ շուրթի համի զգացողության մասին պատմող երգը, հավանաբար, չի լսել միայն լսողության հետ խնդիր ունեցող մարդը: Չենք մեկնաբանում նաեւ երգչին «զարդարող» պարողներին:
Մի տեսակ անհետաքրքիր էր նաեւ հաղորդավարների եռյակը՝ Խորեն Լեւոնյան, Գոհար Գասպարյան, Նազենի Հովհաննիսյան անփոփոխ կոնֆերանսիեները: Իր սկուտեղում էր միայն Նազենին: Խորենն ու Գոհարը կարծես այլ օպերայից լինեին:
Մրցանակաբաշխության արարողության ընթացքում, ինչպես միշտ, առկայծումներ չգրանցվեցին: Այն ավարտվեց կեսգիշերն անց, իսկ ավարտին դահլիճում գրեթե հանդիսական չկար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել