Կամ՝ նախնական գիտելիքներ գործարարությունից
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից ՀՀ հանրակրթական դպրոցներում իրականացվող հարուստ եւ բազմաբնույթ կրթական ծրագրերի շրջանակը 2010 թվականի հունվարից համալրվեց եւս մեկով: Այս անգամ կազմակերպության ջանքերն ուղղվեցին դեպի տարրական դպրոց: Այս նոր ծրագիրը, որը նախատեսված է տարրական դպրոցի 7-ից 11 տարեկան աշակերտների համար, «Հայաստանի պատանեկան նվաճումները» իրականացնում է HSBC բանկի հետ համատեղ: Այն կրում է «JA More Than Money» (հայերեն՝ «Ավելին, քան փողը») անվանումը: Ծրագիրն իսկապես նորույթ է տարրական դպրոցի համար: Այն ներառում է նախնական գիտելիքներ տնտեսագիտությունից եւ գործարարությունից եւ սերտորեն կապված է մաթեմատիկայի հետ: Ծրագիրը բաղկացած է վեց դասընթացներից, որոնք իրականացվում են HSBC բանկի աշխատակիցների եւ «Հայաստանի պատանեկան նվաճումների» վերապատրաստված ուսուցիչների մասնակցությամբ: Այս դասընթացը աշակերտների շրջանում նպաստում է նորարարական մտածողության եւ գործարար հմտությունների զարգացմանը եւ գիտելիքներ է հաղորդում դրամ վաստակելու եւ ծախսելու, դրամը խնայելու եւ ուրիշների հետ կիսելու վերաբերյալ: «Դասընթացի արդյունավետությունը պարզելու նպատակով, նախքան ծրագիրն սկսելը, «Հայաստանի պատանեկան նվաճումների» կողմից աշակերտների շրջանում անցկացվեց նախնական գիտելիքների ստուգման թեստ: Թեստի վերլուծության արդյունքները ցույց տվեցին, որ աշակերտները չունեն անգամ տարրական ֆինանսական գիտելիքներ: Իսկ ծրագրի ավարտին անցկացված նույն թեստի վերլուծության արդյունքները ցույց տվեցին, որ նրանք արդեն լիարժեք պատկերացում ունեն դրամի եւ բանկային համակարգի վերաբերյալ եւ ձեռք են բերել սեփական դրամը տնօրինելու անհրաժեշտ հմտությունները»,- նշեց կազմակերպության` Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի համակարգող Ֆլորա Խաչատրյանը:
Իսկ HSBC բանկի աշխատակից Ռուբեն Մելքոնյանը հավելեց. «Աշակերտների հետ շփումը անչափ ոգեւորեց ինձ: Փոքրիկներն այնքան հետաքրքրված են JA More Than Money ծրագրով, որ ես պատրաստ եմ անգամ ծրագրից դուրս որպես կամավոր այցելել նրանց»:
«JA More Than Money ծրագիրը HSBC բանկի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից համատեղ իրականացվող երկրորդ ծրագիրն է: Անչափ ուրախ ենք, որ նման ծրագրերի միջոցով HSBC բանկը կարողանում է մասնակից դառնալ ՀՀ հանրակրթության ոլորտի բարեփոխման գործընթացին եւ նպաստել մատաղ սերնդի դաստիարակմանը»,- նշեց HSBC բանկի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Ռուզան Չեչենյանը: