Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ՝ 2 ՄՐՑՈՒՅԹ

Մարտ 30,2010 00:00

Կոնցերտմայստերները մրցում են միայն Հայաստանում եւ Ռուսաստանում

\"\"

Չափազանց կարեւոր է կոնցերտմայստերի դերը ցանկացած մենակատար երաժշտի ստեղծագործական գործունեության, կարիերայի եւ հաջողության գործում: Ժամանակին ճանաչված էին մեծանուն երգիչներ Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի, Միհրան Երկաթի դաշնակահար-կոնցերտմայստերներ Լեւոն Աբրահամյանի, Մարիաննա Հարությունյանի, Օլգա Վագենգեյմի անունները: Մեր ժամանակներում իբրեւ լավագույն կոնցերտմայստերներ հիշատակվում են Աննա Մանդալյանի, Օլգա Խաչիկյանի, Լեւոն Ջավադյանի եւ այլոց անունները: Հայ կոնցերտմայստերական դպրոցում մեծ է Հեղինե Տեր-Ղեւոնդյանի (լուսանկարում) վաստակը: Վերջինիս հետ իրենց ստեղծագործական կենսագրությունն են կապել հայտնի օպերային երգիչներ Գոհար Գալաչյանը, Արշավիր Կարապետյանը, Վահան Միրաքյանը, Սերգեյ Դանիելյանը եւ այլք:
Անվանի դաշնակահարուհի-կոնցերտմայստերի անվան երիտասարդ կոնցերտմայստերների հանրապետական երկրորդ մրցույթը, որ մեկնարկել է մարտի 27-ին, գալա համերգով կավարտվի 31-ին՝ կոնսերվատորիայի համերգային դահլիճում: Տեղեկացնենք, որ 2005-ից նման մրցույթ է անցկացվում մերձմոսկովյան Չեխով քաղաքում:
«Առավոտը» հանդիպեց Հ. Տեր-Ղեւոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների 2-րդ մրցույթի ժյուրիի նախագահ, Երեւանի կոնսերվատորիայի կոնցերտմայստերական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սենորա Գյուլբուդաղյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ Հ. Տեր-Ղեւոնդյանը 1970թ. հիմնադրել է կոնցերտմայստերական կամ, ինչպես այսօր կոչվում է՝ նվագակցության պատրաստման ամբիոնը. «Մրցույթին ներկայացված էր 18 հայտ, այդ թվում՝ նաեւ մարզերից: Երկրորդ փուլ անցավ 12-ը: Այս տարի ներգրավել ենք նաեւ ստեղծագործական ամբիոնի ուսանողներին, վաղօրոք հայտարարվել էր ռոմանսի մրցույթ, որի արդյունքում չորս ուսանողների՝ Նունե Միսակյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Անդրեյ Ֆատալովի եւ Գեւորգ Բադալյանի երկերը ընդգրկվեցին մրցույթի պարտադիր ծրագրում: Իսկ ընդհանրապես, մրցույթի անցկացումը հետապնդում է հետեւյալ նպատակը. նախ աշխուժություն է նկատվում ուսանող-դաշնակահարների շրջանում եւ հետո՝ նրանք հնարավորություն են ստանում հանդես գալ մեծ լսարանի առջեւ»: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ նվագակցության պատրաստման ամբիոնի ուսանողները եւ, բնականաբար՝ մրցույթի հաղթողները, հնարավորություն են ստանում կատարելագործվել Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում: Կարեւորելով մրցույթի դերը, Ս. Գյուլբուդաղյանը նշեց. «Բնականաբար, ոչ բոլոր դաշնակահարներին է վիճակված մենակատարի հեռանկարը: Այս մրցույթը հնարավորություն է տալիս մենակատարի կարիերան նոր-նոր սկսող երաժիշտներին իրենց համար ընտրել կոնցերտմայստերներ, իսկ հետագայում ուսումնարաններում կամ, ինչու չէ, հենց կոնսերվատորիայում աշխատանքի ընդունվելիս առավելություն կունենան հենց այս մրցույթի հաղթողները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել