Իրաքի գործող վարչապետ Նուրի ալ-Մալիկին (նկարում) քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Էդա Մելկերտին՝ «անգործության» եւ մարտի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո քվեարկության արդյունքների վերահաշվարկ անցկացնելու պահանջը պաշտպանելուց հրաժարվելու համար: «ՄԱԿ-ը պետք է համառություն դրսեւորեր՝ քվեարկության արդյունքները ձեռքով վերահաշվարկելու ընտրական հանձնաժողովին ուղղված ժողովրդի պահանջը բավարարելու համար»,- ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հայտարարել է Իրաքի կառավարության՝ իր պաշտոնից ազատվող ղեկավարը:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն, Իրաքի վարչապետի գլխավորած «Օրենքի պետություն» դաշինքը ստացել է նոր խորհրդարանի 325 մանդատներից միայն 89-ը՝ պարտվելով երկրի նախկին վարչապետ Այադ Ալաուի ղեկավարած լիբերալ-հայրենասիրական «Ալ-Իրաքիա» դաշինքին: Ալ-Մալիկին բազմաթիվ անգամ հայտարարել էր ընտրությունների ժամանակ տեղ գտած զանգվածային խախտումների մասին, սակայն Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունն ու իրաքյան գերագույն անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարել էին, թե այդ մեղադրանքներն անհիմն եւ չափազանցված են, ավելին՝ ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը կողմերին կոչ էր արել ճանաչել ընտրությունների արդյունքները: