Սոմալիի ծովահենները հոլանդական ռազմական նավը թյուրիմացաբար ընդունել են որպես առեւտրական նավ եւ դրա վրա հարձակման ժամանակ գերեվարվել են: «Newsru»-ի մատուցմամբ, ծովահենների նավակները հայտնաբերվել են կիրակի օրը, Սոմալիի ափերի մոտ պարեկություն իրականացնող գերմանական ինքնաթիռի կողմից: Աղբյուրի մատուցմամբ, հարձակման պահին արդեն հասկանալով, որ իրենց թիրախը ռազմական նավ է, ծովահենները փորձել են թաքնվել եւ նավակներից ջուրն են նետել զենքերն ու տախտակամածին ամրացված աստիճանները: Հանցագործները կանգ են առել միայն այն բանից հետո, երբ հոլանդական «Tromp» նավը նրանց ուղղությամբ նախազգուշական համազարկեր է արձակել: Արդյունքում՝ 12 ծովահեն ձերբակալվել է, նրանց նավերը՝ խորտակվել:
Այլ աղբյուրի՝ AFP-ի մատուցմամբ, սակայն, ծովահենները չեն ձերբակալվել, որովհետեւ այդ անելու համար, ինչպես հոլանդական ռազմական գերատեսչությունն է հայտարարել, բավարար ապացույցներ չեն եղել. ինչպես վերեւում ասացինք, հանցագործները մինչ այդ ջուրն են նետել իրենց մոտ եղած զենք-զինամթերքը: Նույն օրը, ծովահենների հիշյալ խմբի մի ներկայացուցիչ՝ Իբրահիմ անունով, զանգել էր «Reuters» գործակալություն եւ հայտարարել, թե իրենք Հնդկական օվկիանոսում գրավել են իսպանական ձկնորսական նավ: Իսպանիայի ԱԳ նախարարությունն ու ծովայիններին օգնություն ցուցաբերող հասարակական կազմակերպությունը փորձում էին ճշտել այդ հայտարարության իսկությունը: