Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվայի մետրոյում տեղի է ունեցել երկու պայթյուն. կան զոհեր

Մարտ 30,2010 00:00

Երեկ, վաղ առավոտյան, 40 րոպե տարբերությամբ երկու ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյի «Լյուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Պաշտոնական տվյալներով, զոհվել է 37 մարդ, եւս 102-ը տարբեր աստիճանի ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ընդ որում, այս ահաբեկչական ակտի արդյունքում զոհվածների թիվը գրեթե նույնն է, ինչ 2004-ին մետրոյի «Զամոսկվորեցկ» կայարանում տեղի ունեցած պայթյունից հետո էր արձանագրվել: Տեղի ունեցած ահաբեկչական ակտի համար որեւէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել, թեեւ, ռուս իրավապահների համոզմամբ, դա չեչեն անջատողականների ձեռքի գործն է, եւ կարող էր լինել Հյուսիսային Կովկասում ահաբեկիչների դեմ հաջողված գործողություններին ի պատասխան իրականացված վրեժխնդրության ակտ: Երկու պայթյուններն էլ իրականացրել են երկու մահապարտ կանայք, որոնց մետրո ուղեկցող երկու սլավոնական արտաքինով կանանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են նաեւ երրորդ պայթուցիկը, որը հրաշքով չի պայթել, հակառակ դեպքում զոհերի թիվը կարող էր շատ ավելին լինել: ՌԴ վարչապետը վստահեցրել է, թե իրավապահ մարմինները կոչնչացնեն ահաբեկիչներին: Երեքշաբթին Ռուսաստանում հայտարարվել է սգո օր:
Պայթյունների հետեւանքով սպանվածներին կցուցաբերվի նյութական օգնություն՝ 300 հազարական ռուբլու չափով: Իշխանությունները խոստացել են նաեւ օգնել զոհերի հարազատներին՝  սպանվածներին հուղարկավորելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել