Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԿԻՆՆ ԷԼ ԿԻՆ Է

Մարտ 30,2010 00:00

«Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ կանայք դժգոհ են «անկախ» հանձնաժողովից, քննիչներից ու երկրից

\"\"\"\"

\"\"
Ռ.Քոթանջյանը սիրով այցելեց դատապարտյալներին:

Կանանց միամսյակի շրջանակներում շաբաթ օրը Հայաստանի ազգային կինոկենտրոնն այցելել էր «Աբովյան» ՔԿՀ: Դատապարտյալ կանանց եւ անչափահաս տղաների համար ցուցադրվեց Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը, որը լայն հանրությունը դեռ չի դիտել: Այն ընդգրկված է Կառլովի Վարիի միջազգային փառատոնի մրցութային ծրագրում: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը խոստացավ, որ ակցիան շարունակական է լինելու: Կանանց ոգեւորել էր հատկապես ճանաչված դերասան  Ռաֆայել Քոթանջյանի ներկայությունը, ինչ վերաբերում է  անչափահասներին, նրանք պատմական ֆիլմեր դիտելու  ցանկություն հայտնեցին:
«Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ գնդապետ Ռոստոմ Մարտիրոսյանը խիստ կարեւորեց նման միջոցառումների կազմակերպումը. «Նախ դրանք դատապարտյալների հոգեբանության վրա լավ են անդրադառնում, եւ հետո ֆիլմի ցուցադրությունը արվեստի աշխարհի հետ շփման եւ գեղագիտական դաստիարակության մի ձեւ է»: Նա տեղեկացրեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ում ապրիլի 5-ին էլ ինտելեկտուալ խաղ-մրցույթ է լինելու, հաղթողները խրախուսանքի են արժանանալու: Հավելեց նաեւ, որ վերջին անգամ մարտի 8-ին իրենց այցելել է «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը, որը շնորհավորել է կանանց ու որոշակի ուշադրության արժանացրել:
«Առավոտը» զրուցեց դատապարտյալ կանանց հետ, ոմանք  հանդես եկան իրենց անունով ու անգամ համաձայնեցին լուսանկարվել, մյուսները՝ չցանկացան, ասելով՝ ծանոթներից շատերը չգիտեն իրենց գտնվելու վայրի մասին: Կին դատապարտյալները գոհ էին «Աբովյան» ՔԿՀ-ի ղեկավարությունից ու շատ դժգոհ՝ «պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովից», իրենց խոսքով՝ «անկախից»: Նաեւ բոլորը միաբերան պնդում էին, թե  իրենց հանդեպ ավելի խիստ պատիժ է սահմանվել:
Մառա ներկայացած կինը խոսելիս հուզված էր. ասում էր, որ զանազան միջոցառումների շնորհիվ իրենք իրենց «երկրորդ պլանի» մարդ չեն զգում. «Եթե զրկված ենք  ազատությունից, դա չի նշանակում, որ ոչ մի բանով չենք հետաքրքրվում, ինտելեկտ չունենք: Գորգագործությամբ ենք զբաղվում, առաջիկայում էլ սպորտային թեմաներով բրեյն-ռինգի ենք մասնակցելու»: Ինչպես մյուս կանայք, նա էլ դժգոհ էր իր պատժաչափից. «Մենք մեր արածի համար պատասխան ենք տալիս,  չարածի համար ինչի՞ պատասխան տանք: Կավատությունը համապատասխանում է, բա թրաֆիքի՞նգը որտեղից ավելացրին: 20 տարի զբաղվողներին էլ նույնկերպ են վերաբերվում, մի դրվագով էդ բանն արածն էլ նույն պատիժը պիտի կրի»: Նա 1,5 տարի  «նստած» է, 2,5 էլ դեռ պիտի «նստի»: Չնայած պատիժը մեղմացվել է, բայց 4 տարին էլ շատ է համարում: 
Նրա կողքին նստած կինը չցանկացավ ներկայանալ, ասաց՝ ամոթ է, աղջիկ ունեմ, համ էլ խնամիները գիտեն, քե Թուրքիայում եմ: Նա էլ իր պատմությունը ներկայացրեց. «2 տարով էի եկել, դարձել է  7 տարի, որից 4 տարին էստեղ եմ: Պատերը ճնշող են, «ազարտնի» մարդ լինելով հանդերձ՝ չէի ուզում ֆիլմի դիտման գալ, ընկերուհիներս համոզեցին»: Նրա կողքին նստածն էլ դժգոհեց. «ասում են՝ արածդ թրաֆիքինգ ա, իրականում մի ուրիշ «մամա Ռոզայի» աղջիկ իմ վրա բողոքել ա, որ իրանից գումար եմ վերցրել, ու ինձ դրա համար 13 տարի են տվել»:
Կարինե ներկայացած կինն էլ դժգոհ էր քննիչներից. «Մեզ ու մարդասպաններին իրար նման են դատում, դա արդար չի: Ճանապարհներին կանգնող մարմնավաճառները գնում են մեզ նմանների վրա գրում են, քննիչներն էլ իրեղեն ապացույցներ չունենալով՝ մարդկանց պատժում են»:  Կարինեն ասաց, որ 20 տարի Արաբական Էմիրություններում է ապրել, ամուսնացել ու 4 երեխա ունեցել, ոմանց ապաստան է  տվել այդ երկրում, հետո Երեւան գալուն պես իրեն բռնել են. «Ասեցին գումար տուր, հոդվածդ կքչացնեմ, ես էլ չտվեցի… Բա սա երկիր ա՞… Հիմա անգամ հարազատ մարդու կվախենամ տանս ապրելու տեղ տալ»:
Լուսինե անունով կինն էլ է դժգոհ «անկախից» ու այն բանից, որ տարիների ընթացքում վաստակած՝ ղեկավարության դրական բնութագիրը հաշվի չի առնվում. «Էդ հանձնաժողովը մեզ հետ 5 րոպե զրուցում ա ու որոշում, որ ես չեմ ուղղվել, իսկ ադմինիստրացիայի տված բնութագի՞րը: Չէ՞ որ կին ենք, մայր: Չի կարելի թացը չորի հետ խառնել: Կարող ա ես  դուրս գամ ու էս ճանապարհը  մոռանամ: Ի՞նչ կլինի, բարձրացրեք մեր նմանների վաղաժամկետ ազատման հարցը: Անչափահաս տղաներն էլ են մեղք, ճիշտ է, սայթաքել են, բայց  դրա համար արժի՞ նրանց էն օրը դնել, որ ընտելանան էս կյանքին: Չէ՞ որ  նրանք մեր հայ ազգի ապագա զինվորներն են, գոնե էդ հաշվի առնեն, թույլ չտան, որ էդ երեխեքը մտածեն՝ ստեղ լավ ա»:
Հասմիկ անունով տիկինն էլ դժգոհ չէ ՔԿՀ-ի ղեկավարությունից, ասում է՝ կանանցով ասես մի ընտանիք լինեն: Իրեն 7 տարի ազատազրկել են,  որից կեսը կրել է: Մի ցանկություն ունի՝ հեռուստատեսությամբ ու ԶԼՄ-ներով թմրամիջոցների կործանարար հետեւանքները բացատրվեն: Ինքը հենց թմրամիջոց օգտագործելու համար է դատապարտվել. «Հաճախ ասում են՝ հայ տղան պետք է կյանքում ամեն ինչ փորձի, ես ասում եմ՝ տղաներ, փորձեք ամեն ինչ, բացի թմրանյութից: Մի փոքր փոշին վերահսկում է մարդու բանականությունը, իսկ եթե ունես քո եսը՝ կհաղթես փոշուն»: Հասմիկը գեղեցիկ հայերենով էր խոսում, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ մասնագիտություն ունի, ասաց, որ 10 տարի  ոսկու եւ թանկարժեք քարերի առեւտրով է զբաղվել, իսկ դա, նրա խոսքով՝ ազնվացնում է հոգին:
Կանայք  նաեւ անկեղծացան, թե իրենցից ոմանք մականուններ ունեն, բայց դրանք հիմնականում  ազգանունների արմատներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել