Արցախյան ազատամարտի երկրորդ կարգի հաշմանդամ Սլավիկ Սարգսյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահին:
«Մեր երկրում այսօր կարելի է գնել ամեն ինչ» հայտնի ասույթն արդեն լուրջ վտանգ է ներկայացնում յուրաքանչյուր քաղաքացու համար»,- «Նոյյան տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Ս. Սարգսյանը, ավելացնելով, որ կեղծ փաստաթուղթ ձեռք բերելը՝ բոլորը գիտեն, դժվար խնդիր չէ, սակայն այն փաստը, որ դատարանը կարող է վճիռ կայացնել՝ հաշվի չառնելով փաստաթղթի կեղծ լինելու մասին ահազանգը, համապատասխան մարմնի եզրակացությունը եւ անգամ չվերստուգի այդ հանգամանքը, արդեն լուրջ սպառնալիք է ամբողջ հասարակության համար:
Այսպես, մեկ մասնավոր դեպք, որը քննվել է ՀՀ վարչական դատարանի դռնբաց նիստում՝ Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ, որի շուրջ կայացվել է վճիռ, եւ որը վերը նշված ընդհանուր խնդրի մեկ օրինակն է միայն:
2008 թվականի մարտին մեկ հողատարածքի շուրջ ծագում է վեճ: Մի կողմը (Տիգրան Մարկոսյանը) 1990 թվականից բացահայտ եւ անընդմեջ տնօրինել եւ տիրապետել է այդ հողը՝ որպես սեփական գույք, մշակել այն, կատարել անհրաժեշտ բոլոր հոգածությունները, մուծել հարկերն ու տուրքերը, որի մասին առկա է համայնքի համապատասխան տեղեկանքը եւ 2003 թվականով թվագրված սեփականության վկայականը, մյուս կողմը (1991 թվականին մահացած Ալբերտ Հովհաննիսյանի հարազատները) ներկայացրել է այդ հողի նկատմամբ սեփականության իր իրավունքը՝ թվագրված դեռեւս 1988 թվականով:
Թվում է, թե էլ ինչ խնդիր՝ քաղաքացին 20 տարի չի տնօրինել իր սեփականությունը եւ այժմ որոշել է անել դա, սակայն այստեղ ի հայտ է եկել մեկ լուրջ հանգամանք. վերջինիս կողմից այդ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի մասին վկայող բոլոր փաստաթղթերը, ներկայիս հողօգտագործողի պնդմամբ, կեղծ են եւ ենթակա են ստուգման:
Ի՞նչն է խանգարել դատարանին վերստուգել նշված փաստաթղթերը եւ վճիռը կայացնելիս նշել, որ «փաստաթղթերի իսկությունը վերստուգած է», առավել եւս, որ առկա է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված փաստաթղթաբանական փորձաքննության 09-0082 եզրակացությունը, որի համաձայն, Ալբերտ Հովհաննիսյանի անվամբ 13.09.1988թ. տրված տեխնիկական անձնագիրը կեղծված է եղել (անհրաժեշտ եզրակացությունը առկա է գործում):
Իսկ մեկ այլ փաստաթղթի պատմությունն ավելի մութ է. որպես ամուսինների կողմից ձեռք բերված գույքի իրավունք հավաստող փաստաթուղթ ընդունվել է ոչ թե 1988 թվականի վերոհիշյալ տեխնիկական անձնագիրը, այլ շրջխորհրդի գործկոմի կողմից 1995 թ. տրված որոշումը եւ շրջանի հողաշինարարի կողմից տնամերձ հողամասի համար ոչ աշխատանքային օրով տրված եւ թվագրված տեղեկանքը: Գործի դատաքննությամբ պարզվել է, որ կադաստրային գործում Ա. Սիմոնյանին հողահատկացման վերաբերյալ փաստաթղթեր առկա չեն, իսկ հայցվոր կողմն ընդունել է, որ Հրազդանի շրջխորհրդի գործկոմի 1995թ. հուլիսին տրված որոշումը եւ հողաշինարարի կողմից տրված տեղեկանքը դատարան ներկայացնել չի կարող, քանի որ դրանք պարզապես գոյություն չունեն: Սակայն դատարանն ընդունել է վճիռ, որով, փաստորեն, պաշտպանել է կեղծ փաստաթղթերով ամրագրված սեփականության իրավունքը եւ անվավեր է ճանաչել Տիգրան Մարկոսյանի անվամբ գույքի (հողամասի եւ շինության) նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
«Այսինքն, հայցվոր Ա. Խաչիկյանին/Հովհաննիսյանին դատարանը իրավունք է վերապահել, հիմք ընդունելով նրա ամուսնուն չպատկանող տնատիրության տեխնիկական անձնագիրը, գոյություն չունեցող շրջխորհրդի որոշման եւ հողաշինարարի տեղեկանքի հիման վրա տրված ժառանգության իրավունքի եւ սեփականության իրավունքի վկայագրերը»,- իր տարակուսանքն է հայտնում գործով որպես երրորդ անձ հանդես եկող նախկին ազատամարտիկ Սլավիկ Սարգսյանը, որը եւ Հայաստանի նախագահի ուշադրությանն է ներկայացրել այս գործի հանգամանքները՝ վեր հանելով հետեւյալ հարցերը:
1. Ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով է դատավորը կեղծված տեխնիկական վկայականն ընդունել որպես դատավճռի հիմք:
2. Ինչո՞ւ դատավորը դատավարության ընթացքում չբավարարեց մեր միջնորդությունը եւ չպահանջեց կեղծ ժառանգական վկայականի հիմքերը, որտեղ 1991 թվականին մահացած Ալբերտ Հովհաննիսյանին 1995 թվականին հող են հատկացնում:
3. Ինչո՞ւ ուսումնասիրվեց միայն Հրազդանի ճարտարագետի տված տեղեկանքի այն մասը, որը վերաբերում էր շինությանը, եւ հակառակը՝ անուշադրության մատնվեց այդ նույն տեղեկանքում նշված այն դրույթը, որ հողահատկացման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հարցը պետք է համաձայնեցվի կոլխոզի հետ:
4. Ինչո՞ւ դատարանը ուշադրություն չդարձրեց այն հանգամանքին, որ տեխնիկական վկայականում նշվում էր, որ գնման օրը Հովհաննիսյան Ալբերտն ուներ նաեւ զավթված հողեր:
5. Հայցադիմումից սկսած մինչեւ դատական պրոցեսի ավարտը, որը հիմք է ընդունում ժառանգականության վկայականը, խոսվում էր միայն կիսակառույց տան մասին, բայց զարմանալիորեն վճիռ կայացվեց ավարտուն կառույցի մասին:
6. Ի՞նչ հիմքով ՀՀ կադաստրի պետի առաջին տեղակալը դատապրոցեսից մեկուսացրեց Հրազդանի կադաստրի վարչությունը այն դեպքում, երբ ողջ գործարքը իրականացվել էր վերջինիս կողմից:
7. ՀՀ կադաստրի առաջին տեղակալը համապատասխան իրավաբանական փաստաթղթերով թող հիմնավորի Հովհաննիսյան Ալբերտի կողմից տան գնման օրինականությունը եւ ներկայացնի նախկին տիրոջ տեխնիկական անձնագիրը:
8. ՀՀ կադաստրի պետի տեղակալը թող բացատրի, թե ինչպե՞ս կարող էին 1988 թվականին գծված վկայականով Ալբերտ Հովհաննիսյանի հարեւանները ադրբեջանցի լինել՝ այն դեպքում, երբ 1988 թվականից Կորչլու գյուղում արդեն ադրբեջանցի չէր բնակվում:
«Պարոն նախագահ, այսքանից հետո մնում է միայն ավելացնել, որ վերը նշված պարզաբանումները կպարզեն նաեւ, թե ով եւ ինչ հետաքրքրություններ ուներ եւ ինչ նպատակներ էր հետապնդում ողջ դատական պրոցեսի ընթացքում»,- եզրափակում է իր բաց նամակը քաղաքացին: