Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ

Մարտ 30,2010 00:00

2009 թվականի դեկտեմբերի 3-ին՝ «Կապանը չի սպասի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ հիմնանորոգման կարիք ունեցող Սյունիքի մարզկենտրոն Կապանի միակ հիվանդանոցը՝ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն պետական հոգածությունից դուրս է մնացել եւ ոչ բարվոք պայմաններում է ընդունում-ճանապարհում տարածաշրջանի բնակչությանը, ու վերջիններս էլ դժգոհելու բազում առիթներ են ունենում: Տեղեկացրել ենք նաեւ, որ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը կոչ էր արել քաղաքի գործարարներին ու կազմակերպություններին՝ միանալ քաղաքապետարանին եւ սատարել հիվանդանոցին: Արդյունքում մոտ 22 միլիոն դրամ էր հավաքվել: Անցել է մոտ չորս ամիս, եւ քաղաքապետի նախաձեռնած ակցիային ընդգրկված կազմակերպությունների ու անհատ բարերարների աջակցությամբ Կապանի հիվանդանոցում շարունակվում են կոսմետիկ ու մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնել:
Ակցիային միացել է նաեւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն: Ընկերության տրամադրած 20 միլիոն դրամով նորոգվել է բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժնի ընդունարանը: Երեկ տեղի ունեցավ վերանորոգված ընդունարանի բացումը, որին ներկա էր նաեւ ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի տնօրենին հանձնեց շնորհակալագիր՝ համոզմունք հայտնելով, որ ընկերությունը կշարունակի աջակցել համայնքին: Պարոն Ֆալետան հավաստիացրեց, որ համագործակցությունը սրանով չի սահմանափակվում: Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանը հիշեցրեց, որ ընկերությունը միշտ էլ օգնության ձեռք է մեկնել հիվանդանոցին: «Շատ աշխատանքներ են տարվել: Պատերի ու հատակի անհարթությունը շատ էր: Նախատեսված 2 ամսում հասցրել ենք ավարտին հասցնել տարածքի նորոգումը: Նախկին ընդունարանի հետ նույնիսկ համեմատել չի լինի: Ուրախ եմ, որ մեր քաղաքի հիվանդանոցի տեսքը ինչ-որ չափով բարելավվել է»,- ասում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ շինվերանորոգման արտադրամասի պետ Կարո Արզումանյանը, ով անմիջական մասնակցություն է ունեցել վերանորոգման աշխատանքներին:
Հիվանդանոցում շարունակվում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքները, բայց հիվանդանոցը հիմնանորոգման կարիք ունի, քանի որ տասնյակ տարիներ այստեղ նորոգման աշխատանքներ չեն իրականացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել