Փետրվարի 26-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել էր Մ4 մայրուղու 114 կմ-ի հատված՝ Տավուշի մարզի Հովք գյուղի տարածքում գտնվող սողանքի գոտի: Ինչպես տեղեկացրել էր տարածքային կառավարման նախարարությունը, նույն օրը Տավուշի մարզպետարանում փոխվարչապետի անցկացրած խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել էր տրանսպորտի եւ կապի նախարարության հետ համատեղ գեոդեզիական ուսումնասիրություն իրականացնել եւ ճանապարհի անցանելիությունը թեկուզ ժամանակավոր անխափան ապահովելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Ավելի քան մեկ ամիս է անցել, իսկ սողանքը շարունակում է ծավալվել: Դա առավել տեսանելի է սույն ճանապարհով երթեւեկող միկրոավտոբուսների վարորդներին, ովքեր ամեն օր փոփոխություն են նկատում: Այս սողանքը մոտ 80 մետր երկարությամբ հատված է:
ՀՀ կառավարությունն ավելի վաղ գումար էր հատկացրել 2006-2007 թվականներին կառուցված Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, միջպետական նշանակության 6.3 կմ ճանապարհի՝ Բաղանիս գյուղի տարածքում փլվածքը վերացնելու համար, սակայն այս «անհարմարությունն» էլ մինչեւ հիմա առկա է: