Հենվելով «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանի եւ Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման հ/կ տնօրեն Տիգրան Ստեփանյանի պաշտոնական հայտարարության եւ տրամադրած լուսանկարների վրա, մարտի 20-ին «Էկոլոգիական աղետի նախաշեմին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատար խողովակը քայքայված է, դրանից դուրս թափվող ջրերը խառնվում են հարակից ձորով հոսող առվին եւ թափոնատարի հարեւանությամբ գտնվող Շղարշիկ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին, ինչի արդյունքում արձանագրվում են թունավորումներ ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիների շրջանում, մթնոլորտ արտանետվող թունավոր օդը բացասական ազդեցություն է թողնում բնակչության ինքնազգացողության վրա: Մարտի 26-ին հրապարակեցինք ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը, ըստ որի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ին պատկանող թափոնատարի (պոչատարի) նշված հատվածի տեխնիկական վիճակը եւ շրջակայքը, ինչի արդյունքում պարզվել է, որ թափոնատարը գտնվում է կայուն, նորմալ վիճակում եւ որեւէ արտահոսք տեղի չի ունենում, անցած 4-5 տարիների ընթացքում նույնպես նման երեւույթներ չեն եղել: Պոչատարի տեխնիկական վիճակի հետագա բարելավման եւ շահագործման որակի բարձրացման ուղղությանբ 2005-2010թթ. կառույցի հիմնանորոգման նպատակով ծախսվել է 5,130 465 միլիարդ դրամ, իսկ ընթացիկ վերանորոգման նպատակով՝ 890,970 միլիոն դրամ, աշխատանքները շարունակական են»:
Այս հայտարարությանը ի պատասխան, նշված հ/կ-ները հարցնում են. «ինչ նպատակով են ծախսվել նախարարության կողմից նշված այդ չափի գումարները, եթե թափուկատարի տեխնիկական վիճակն այսօր, մեղմ ասած, անմխիթար է: Դրա վկայությունն են օրերս հ/կ-ների կողմից տեղում կատարված լուսանկարները: Թեմային վերաբերող տեսանյութերը տեղադրված են youtube.com ինտերնետային կայքում: Եթե, իրոք, ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ Սյունիքի բնապահպանական տեսչությունը մտահոգ են ԶՊՄԿ-ի գործունեության հետեւանքով տարածաշրջանում առաջացող բնապահպանական խնդիրներով, ապա ավելի ճիշտ կլինի հիմնավոր պատասխանեն՝ ավելի քան խոսուն լուսանկարներից բխող բազում հարցերի»: