Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է… ԱՌԱՅԺՄ

Մարտ 30,2010 00:00

Լոռու մարզում հոգեկան հիվանդների թվի կտրուկ աճ է գրանցվել, հիվանդությունն էլ՝ երիտասարդացել

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում ասեղ գցելու տեղ չկա, բժիշկների սենյակների մոտ հերթերը չեն դադարում, բժիշկները չեն հասցնում սպասարկել հիվանդներին, որոնց թիվը կտրուկ աճել է գարնանային սրացումների պատճառով: Միայն ամբուլատոր բուժօգնության կարիք ունեցող 11 671 հիվանդից 108-ը նոր է գրանցվել, իսկ անհետաձգելի բուժման կարիք ունեցողները օրական 28-ից պակաս չեն լինում:
2009-ին անհետաձգելի բուժման կարիք ունեցող 316 հիվանդ է գրանցվել, իսկ 2010-ի հունվար, փետրվար ամիսներին հոգեկան քրոնիկ հիվանդությունների (շիզոֆրենիա, ծերունական փսիխոզ, ընկճախտ) սրացումները 15%-ով ավելացել են: Հիվանդների թվի կտրուկ աճը մեծ խնդիր է ստեղծել հիվանդանոցի սահմանափակ տարածքի ու հնարավորության պատճառով: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերը միայն 35 հիվանդի կարող է անհետաձգելի բուժում իրականացնել: Դիսպանսերի առաջնային խնդիրն է պահպանել եւ վերականգնել անձին, երկարացնել հիվանդի լուսավոր շրջանը, որպեսզի նրա մոտ թուլամտություն չառաջանա, նա մնա աշխատունակ: Հիվանդության կտրուկ աճի պատճառով հիվանդները հաճախ միայն նվազագույն բուժում են հասցնում ստանալ, ինչը չի կարող բավարար արդյունք տալ: Այս տարի հիվանդների համար նվազագույն բուժման ժամկետ է սահմանվել 35 օրը, նախկին 24-ի փոխարեն, սակայն սահմանափակ մահճակալների պատճառով շատ հաճախ նախատեսված 24 օրն էլ չի լրանում: Դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը վստահեցնում է, որ առայժմ հսկողությունից դուրս մնացած եւ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդներ չկան, իսկ վտանգն առաջին հերթին զգում է հիվանդի ընտանիքը, որն էլ անմիջապես ահազանգում է հոգենյարդաբանական դիսպանսեր: Սուղ ֆինանսական միջոցների եւ սահմանափակ մահճակալների պատճառով որքա՞ն հնարավոր կլինի վերահսկել իրավիճակը: «Ստիպված ավելի թեթեւ հիվանդին դրսում ենք թողնում, բուժումն իրականացնում ենք «մեկը մյուսի հաշվին» սկզբունքով, որպեսզի շրջապատի համար վտանգ ներկայացնող անձը հանկարծ դրսում չմնա եւ չվտանգի հասարակության անդորրը»,- ասում է մարզի գլխավոր հոգեբույժ Գայանե Քալանթարյանը:
Սեզոնային սրացումներից զատ, հիվանդությունների ձեռքբերմանն ու զարգացմանը նպաստում են սոցիալ-տնտեսական պայմանները, մարդկանց տնտեսական անկայուն վիճակը, դժվար կազմակերպվող կենցաղը, երկարատեւ ու համառորեն չլուծվող խնդիրները, կրկնվող ընկճախտները, իհարկե՝ կա նաեւ գենետիկ նախատրամադրվածությունը:
Բացի նրանից, որ քրոնիկ հիվանդությունները երկարատեւ բուժման կարիք ունեն, ավելի դժվար է բուժել լքված հիվանդներին, քանի որ նրանք հարազատի կողմից չեն ստանում բավարար ջերմություն, մնում են միայն բուժաշխատողի հոգածության ու խնամքի ներքո, անձը չի արժեւորվում, հոգեբանական բարդույթը չի հաղթահարվում եւ բուժումն արդյունք չի տալիս: Այնինչ, հարազատի կողմից մի փոքր ուշադրությունն էլ բավ է, որ հնարավոր դառնա հիվանդին լիարժեք մարդ դարձնելը: Գայանե Քալանթարյանը ցավով է նշում, որ տարեցտարի աճում է լքված հիվանդների թիվը, իսկ հիվանդությունը՝ երիտասարդանում:
Մի կողմից՝ հիվանդների թվի կտրուկ ավելացումը, մյուս կողմից՝ հիվանդանոցին տրվող գումարի կրճատումը բերել են «հազիվ են ծայրը ծայրին հասցնում» վիճակի: Հիվանդանոցի բյուջեի ճեղքվածքը քիչ թե շատ փակում է արտասահմանյան մի քանի բուժկազմակերպությունների աջակցությունը, որոնք տրամադրում են բուժական եւ հիգիենիկ պարագաներ:
Դիսպանսերում առաջին հայացքից խնդիր չկա ամբուլատոր բուժման կարիք ունեցողների համար, ժամանակին նախատեսված չափով դեղորայքն ստացվում է, սակայն հիվանդներին շատ հաճախ չի բավարարում հայրենական արտադրության դեղորայքի որակը: Պետպատվերի շրջանակներում դեղորայք ստացողները բողոքում են նույնատիպ փաթեթավորումից՝ հիվանդ մարդը դժվար է հիշում՝ որ դեղն է ընդունել: Ըստ մարզի գլխավոր հոգեբույժի, ստացիոնար բուժումը չի տալիս իր արդյունքները, քանզի հիվանդների համար այնքան անհրաժեշտ միջանկյալ կառույցներ՝ ցերեկային կենտրոններ չկան, որ կօգնեին՝ հիվանդը ժամանակին կընդուներ դեղն ու սնունդը, օրվա մեծ մասն զբաղված կլիներ աշխատանքային թերապիայով, օրինակ՝ կարի արտադրամասում: 1998 թ.-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատան ջանքերով վերաբացվեց դիսպանսերի արհեստանոցը, սակայն այստեղ էլ իրացման խնդիր կա: Դիսպանսերը առայժմ համագործակցության պայմանագիր է կնքել Վանաձորի այլ բուժկազմակերպությունների հետ, նրանց տրամադրելով սպիտակեղեն:
Ըստ Գայանե Քալանթարյանի, ցերեկային կենտրոններ ունենալը կկանխի պետական միջոցների վատնումը, բուժումն արդյունք կունենա, մի հիվանդին տարվա ընթացքում մի քանի անգամ չեն ընդունի, եւ հիվանդների թիվն էլ զգալիորեն կկրճատվի: 2008թ.-ին գրանցվել է 694, իսկ 2009-ին՝ 769 մահճակալ-օր: Մասնագետների կարծիքով, այդ թիվն զգալի կաճի այս տարվա վերջում: Իսկ աճը նշանակում է, որ կարող է կատարվել անցանկալին՝ վտանգավորության աստիճանի հասած հիվանդը հսկողությունից դուրս մնա:

Հ. Գ. Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարի Վանաձորում գրանցվել է հոգեկան խանգարում ունեցողների կատարած արդեն երկու հանցագործություն, այն դեպքում, երբ անցած ողջ տարում գրանցվել էր ընդամենը չորս նման հանցագործություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել