Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անձնագիր չունեցողը՝ օդում

Մարտ 30,2010 00:00

«Դիմումը նվիրվում է անձնագիր չստանալու տարեդարձին»

ԱՄՆ նախկին բնակիչ Էդգար Ֆրնջյանը մարտի 21-ին «նշեց» մեկ տարին, ինչ ԱՄՆ-ից, հակառակ իր կամքի, ուղարկվել է Հայաստան եւ չի կարողանում ստանալ քաղաքացու անձնագիր։
Է. Ֆրնջյանը 9 տարեկանում ծնողների  հետ օրինական կարգով մեկնել է ԱՄՆ՝ մշտական բնակության։ Ապրել է ԱՄՆ-ում, ինչպես տեղեկացնում է՝ հաճախել անգլիական ուսուցմամբ դպրոց։ Հոր անսպասելի մահից հետո հայտնվել է ամերիկյան բանտում, դատապարտվելով 1 եւ 3 տարի ազատազրկման, որը կրել է։ Ֆրնջյանի տեղեկացմամբ, հանցանքն առնչվում է գողացված մեքենա ձեռք բերելու եւ ամերիկացի ոստիկանին հրելու՝ «իշխանության ներկայացուցչի դեմ ոտնձգություն» կատարելու պատմության հետ:
Վերջին դեպքի հետ կապված դատարանը կայացրեց Հայաստան արտաքսելու որոշում: ԱՄՆ-ում մնացին մայրն ու քույրը։
2009թ. մարտի 21-ին Էդգարը արտաքսվում է Հայաստան։
«ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը քաջատեղյակ էր իմ արտաքսման մասին եւ պարտավոր էր ինձ հանձնել կամ Հայաստանի պատշաճ մարմիններ ուղարկել այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ էին անձս ճշտելու համար»,- ասում է Է. Ֆրնջյանը: Ըստ վերջինիս, այդ փաստաթղթերը վկայելու էին, թե ինչու եւ ինչ հանգամանքներում է արտաքսվել ԱՄՆ-ից։ Ի դեպ, ըստ Էդգարի, ինքն անգամ հայերեն կարդալ-գրել չգիտեր:
«Զվարթնոց» օդանավակայանում հասկացա, որ լայն տարածված այն կարծիքը, թե Հայաստանում օրենք չկա, ասեկոսե չէ՝ տարբեր ծառայությունների մի խումբ գիշատիչներ (արժանի խոսքեր չեմ գտնում) շրջապատեցին ինձ, որ հոշոտեն գրպանս (նույնիսկ «ազատությանս» գինը նշվեց՝ 6 հազար դոլար), բայց նախ նորից ձերբակալվեցի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ու տարվեցի անօրեն հարցաքննության»,- տեղեկացնում է Էդգար Ֆրնջյանը։
Օդանավակայանում նրանք Էդգարից վերցրին վերադարձի վկայականը, որը պահեցին այնտեղ, ոչ ավել, ոչ պակաս՝ 7 ամիս։ «Միամտաբար կարծում էի, թե այդ վկայականը կուղարկվի անձնագրային բաժին, որտեղից կկարողանամ ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր եւ քայլ առ քայլ կփորձեի ինտեգրվել հայկական իրականության մեջ։ Անարդյունք էին իմ ջանքերը անձնագիր ստանալ՝ Էրեբունու ոստիկանության անձնագրային բաժնից, քանի որ ոչ մի փաստաթուղթ նրանք չունեին, ես՝ նույնպես։ Հուշեցին դիմել ՕՎԻՐ, այնտեղից մեկը խորհուրդ տվեց նորից գնալ օդանավակայան՝ վկայականս պահանջելու համար, նորից ՕՎԻՐ, որտեղ դիմում գրվեց իմ անունից, թե ինչպես եմ հայտնվել ՀՀ-ում, հետո Էրեբունու անձնագրային բաժին՝ որտեղ հաշվառված են եղել ծնողներս, նորից ՕՎԻՐ, նորից…. Բանը հասավ նրան, որ երկու կազմակերպությունների աշխատակիցներ իմ ներկայությամբ հեռախոսով բանավիճեցին միմյանց հետ։ Այնպիսի տպավորություն էր, որ այդ մարդիկ չգիտեին իրենց անելիքը։ Աակայն ճշտեցին, որ անչափահաս տարիքում ծնողներիս հետ միասին մեկնել եմ ԱՄՆ: Նրանք որոշեցին, որ իրավունք ունեմ անձնագիր ստանալու»,- շարունակում է «Առավոտին» դիմած Է. Ֆրնջյանը:
Վերջինիս ուղարկում են Էրեբունու զինկոմիսարիատ՝ հաշվառման կանգնելու։ Սակայն գործը հասնում է հանրապետական զինկոմիսարիատ, ապա ՊՆ: Հաշվառման համաձայնություն ՊՆ-ում չեն տալիս: Գործը ուղարկվում է Էրեբունու ոստիկանության քննչական բաժին՝ նորից քննելու:
Այժմ գործերը գտնվում են ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում (պարոն Ադամյանի մոտ):
«27 տարեկան եմ եւ ՀՀ օրենքով բանակում ծառայելու տարիքս անցել է։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ, անկեղծ ասած, չեմ ցանկանում լինել Հայաստանի քաղաքացի: Սարսափում եմ այն մտքից, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում մարդուն, ինչպես է օրենքը ծառայում նրա շահերին, որքան տարանջատ են գործում այս կամ այն կազմակերպությունները: Կարծես տարբեր նահանգներ լինեն՝ ամենուրեք իրենց չգրված օրենքներով։ Վաղուց արդեն հասկացել եմ սխալս, որի պատճառով ակամա հայտնվել եմ իմ ծննդավայրում, բայց օտար մի երկրում, որտեղ պետական կառույցների սխալ, անօրեն եւ դանդաղ մտածելակերպի պատճառով ուղիղ մեկ տարի չեմ կարողանում ստանալ անձնագիր, չունեմ ապրուստի ոչ մի միջոց, չունեմ աշխատանք, չեմ կարողանում ստանալ կրթություն, նպաստ, պետության օժանդակություն, զրկված եմ վաղվա հույսից, հավատից եւ էլի շատ-շատ բաներից։ Խնդրում եմ Ձեզ օգնել ինձ նորից վերադառնալ իմ իսկական հայրենիք, որտեղ ապրում են իմ հարազատները եւ ամենակարեւորը, որտեղ կա ՕՐԵՆՔ, ԿԱՐԳ ու ԿԱՆՈՆ։ Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցողը երբեւէ հպարտ կլինի, որ ապրում է հիրավի ազատ, անկախ, օրենքի երկիր Մայր Հայաստանում, որտեղ ամենամեծ արժեքր կլինի ոչ թե պաշտոնը, այլ հասարակ մարդը»,- ասում է Է. Ֆրնջյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել