Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ «ԿԻՍԱԲԱՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

Մարտ 30,2010 00:00

Դատապարտյալներն իրենց իրավունքների պաշտպանության համար դիմում են նախագահին եւ դատախազին

Սերգեյ Մկրտչյանն ու Կարեն Հովհաննիսյանը կալանավորվել են 1998թ. նոյեմբերի 15-ից: Նրանք դատապարտվել են 13 տարվա ազատազրկման:
Ինչպես դատապարտյալներն են տեղեկացնում, իրենք պատիժը կրել են 11 տարի 6 ամիս:
Նրանք երկուսն էլ ներկայումս գտնվում են արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Դատապարտյալներն օրեր առաջ դիմել են հանրապետության նախագահին եւ գլխավոր դատախազին՝ կապված իրենց պատժաչափի փոփոխման հետ:
Նրանք վկայակոչել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 101 հոդվածը, որով նախատեսվում է պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխում: Այն կատարվում է ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի կողմից: Տեղաբաշխման հանձնաժողովը հաշվի է առնում որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսեւորած վարքագիծը, մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը:
Ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել նաեւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց կամ բուժական ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի պատժի 2/3-ը կրելուց հետո:
Ըստ դատապարտյալների, իրենց պատժի 2/3-ը վաղուց լրացել է՝ 8 տարի 8 ամիս հետո: Մինչդեռ իրենք 11,5 տարի է դեռ ազատազրկման վայրում են:
Սերգեյ Մկրտչյանն ու Կարեն Հովհաննիսյանը պահանջում են կամ իրենց ներկայացնել վաղաժամկետ ազատման, կամ կիսափակ ռեժիմից բաց ռեժիմի տանել: Բաց ռեժիմն այն է, երբ անձը կարող է աշխատել, օգնել ընտանիքին, օրվա վերջում ներկայանալ ազատազրկման վայր:
Ս. Մկրտչյանին երկրորդ անգամ մի քանի օրով «բացեցին», սակայն նորից վերադարձրել են կիսափակ ռեժիմ: «Առաջին անգամ ասացին՝ դիմում գրի, 10 օր հետո քեզ բաց կթողնենք: Դա տեւեց 1 տարի 4 ամիս, մինչեւ երկրորդ անգամ բաց ռեժիմ դուրս գալը՝ անցյալ տարվա մարտի 11-ին էր», տեղեկացնում է Ս. Մկրտչյանը: Իսկ Կարեն Հովհաննիսյանն անցյալ տարվա հուլիսի 22-ին կարճ ժամանակով բաց ռեժիմի անցավ, սակայն հետո հիշեցին նրա 8 տույժերի մասին, որոնք ունեին 7 եւ 4 տարվա վաղեմություն:
Այդ կապակցությամբ դատապարտյալները դիմել էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման, օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությանը՝ տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների գործողությունը կասեցնելու եւ դրանք վերանայելու խնդրով, սակայն հարցը լուծում չի ստացել:
«Թող ցույց տան մի օրենքի խախտում, մեկ ուշացում, որ մենք ազատ լինելու ժամանակ մեզ թույլ ենք տվել: Մենք փորձել ենք ոտքի կանգնեցնել մեր ընտանիքները, որոնք ապրում են վարձով, ունենք անչափահաս երեխաներ», հավելում են դատապարտյալները:
Վերջիններս, ի դեպ, մասնակցել են Արցախի ազատագրական մարտերին, ունեն պարգեւներ:
«Դատապարտեք մեզ 20 տարվա ազատազրկման, բայց հարգեք օրենքը: Մեր պատժաչափը 13 տարի է, բարի եղեք հարգել մեր տառապանքի տարիները», ասում են դատապարտյալները, որոնք ազատազրկվելով՝ արդեն իսկ տուժել են:
«Մի ժամանակ հայրենիք հասկացությունը ուրիշ կերպ էինք պատկերացնում, սակայն մեզ ընդունելի չէ ատելությունն ու անտարբերությունը», ասում են դատապարտյալները, որոնց կարծիքով՝ օրենքը գործում է «թեթեւ հոդվածների» համար, մինչդեռ օրենքի առաջ բոլորը հավասար են, այդ թվում՝ առանձնապես ծանր հոդվածներով դատապարտվածները:
«Մենք օրենքով սահմանված կարգով դուրս էինք եկել բաց ռեժիմ, սակայն մեզ վերադարձրին «Վարդաշեն»՝ առանց իրավախախտման հիմքերի: Մենք դեռ չենք կորցնում մեր հույսը, որ այս ամենը թյուրիմացություն է կամ սադրանք»,- ասում են Ս. Մկրտչյանն ու Կ. Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել