Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կուզենայի մայրիկիս երջանիկ տեսնել»

Մարտ 30,2010 00:00

Ասում է ՄԻԱՎ վարակով ապրող 11-ամյա Հերմինեն

ՀՀ-ում երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի եւ ՁԻԱՀ-ի առաջին դեպքեր արձանագրվել են 2001-ին: Այդ տարում նաեւ ՁԻԱՀ-ից երեխա է մահացել: Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի վիճակագրական տվյալների՝ 1988-ից մինչ 2010-ի փետրվարի 28-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 381 դեպք, որից 149-ը՝ 2009-ին: Վարակվածներից 17-ը երեխաներ են: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում՝ 357 դեպք, ապա՝ Շիրակի եւ Լոռու մարզերում: ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիների մեջ գերակշռողը հետերոսեքսուալ ճանապարհն է՝ 50,1 %, իսկ մորից երեխային վարակի փոխանցմանը բաժին է ընկնում 1.8%: Չնայած վերջին տարիներին ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է, սակայն հասարակության՝ այս վարակի մասին տեղեկացվածության աստիճանը դեռեւս ցածր է: Նույնիսկ շատերը, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչներն ու երեխաները, չգիտեն, թե ինչպես է այն տարածվում: Ոմանք կարծում են, որ ՄԻԱՎ-ով մարդ կարող է վարակվել այդ վարակը կրող անձի հետ շփվելով կամ նրան դիպչելիս, նրա նստած աթոռին նստելիս եւ այլն: Այնինչ, ՄԻԱՎ-ը տարածվում է արյան միջոցով, սեռական ճանապարհով, մորից՝ երեխային:
ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ ՀՀ-ում ապրում են հիմնականում կղզիացած՝ իրենք կրելով իրենց հիվանդության թե՛ առողջական, թե՛ բարոյական, թե՛ հասարակության մեջ ինտեգրված չլինելու իմաստով իրենց բեռը: Նրանք ընկճված են կյանքի անարդար վերաբերմունքից, իսկ հասարակության մեծ տոկոսը դեռ չի հաղթահարել իր մեջ արմատավորված կարծրատիպերը:
«Առավոտը» հերթական անգամ փորձեց մուտք գործել լայն հասարակության համար անցանկալի մի աշխարհ, որտեղ, թվում է, թե պիտի գործեն կյանքի այլ կանոններ, բայց ամենեւին էլ այդպես չէ: Մենք զրուցեցինք ՄԻԱՎ վարակը կրող Արմինեի եւ նրա 11-ամյա դստեր՝ Հերմինեի հետ (անունները մեր զրուցակցի խնդրանքով փոխված են): Նրանք էլ են ապրում, ինչպես հասարակության բոլոր անդամները, այս ընտանիքում էլ են գործում նույն զգացմունքները, մտահոգությունները, ինչպես բոլոր մյուս ընտանիքներում, բայց մի տարբերությամբ՝ հասարակության մեծամասնությունը դեռ պատրաստ չէ այսպիսի ընտանիքներին ընկալել, ինչպես որ նրանք կան: Թերեւս հենց սա է պատճառը, որ Արմինեն միայնակ է ապրում իր դստեր հետ: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց. «Դուստրս 11 տարեկան է, մենք շատ մտերիմ ենք: Նա հաճախ նշում է, որ ես նրա ամենամտերիմ ընկերն եմ: Նա կարոտում է հորը, միշտ ինձ ասում է, որ կուզենար քույրեր ու եղբայրներ ունենալ: Սակայն այնպես էլ չէ, որ մենք լրիվ մենակ ենք, մենք ունենք շատ բարեկամներ, շփվում ենք նրանց հետ այնպես, ինչպես երեւի անում են բոլոր մարդիկ»: Երբ Արմինեին հարցրի, թե երբ են իմացել երեխայի հիվանդության մասին, նա փոքր-ինչ հուզվելով պատմեց. «Հիվանդության մասին իմացել ենք շատ պատահական, 2001-ին, երբ դուստրս 2 տարեկան էր: Ուղղակի երեխայի մոտ առողջական խնդիրներ էին ծագել եւ բացահայտեցինք, որ երեխան վարակված է: Դա մեզ համար պարզապես շոկ էր, բայց պետք էր հաղթահարել: Հիմա դուստրս դեղեր է ստանում, նրան ասել եմ, որ դա այլ հիվանդության համար է, նույնիսկ չի ասվել ՄԻԱՎ վարակի մասին: Նրան նաեւ ասել եմ, որ լավ կլինի՝ ոչ ոք չիմանա, որ ինքը դեղեր է ընդունում: Այժմ փոքրիկս ունի բազում ընկերներ, նա ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից, ապրում, տխրում եւ ուրախանում է մյուս բոլոր երեխաների նման»:
Զրուցեցինք նաեւ փոքրիկ Հերմինեի հետ: Նա հաճախում է հանրակրթական դպրոց: Իր նախասիրությունների մասին պատմեց. «Շատ եմ սիրում ընկերներիս, երբեմն օգնում ենք միմյանց դասեր պատրաստելիս: Սիրում եմ մաթեմատիկա եւ կենսաբանություն առարկաները, համակարգչային խաղեր: Ես ջութակ էլ եմ նվագում, արդեն 1-ին համերգն եմ ունեցել»: Հերմինեի երազանքն է՝ «Կուզենայի մայրիկիս ավելի երջանիկ տեսնել, մյուս երազանքս է բժիշկ դառնալը»: Խոսելով այն մասին, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում այս վարակը կրող անձանց, Արմինեն փոքր-ինչ տխրելով ասաց. «Կուզենայի, որ հասարակության բոլոր անդամները տեղյակ լինեին այս հիվանդության մասին, ինչը կփոխեր նրանց վերաբերմունքը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց՝ հատկապես երեխաների նկատմամբ: Կուզենայի, որ մարդիկ պարզապես մի քիչ ավելի բարի լինեին: Իսկ այժմ ես գերադասում եմ երեխայիս հիվանդությունը գաղտնի պահել, քանի որ ո՛չ նրա, ո՛չ այլոց այդ մասին իմանալուց՝ ոչ մի լավ բան դուրս չի գա՝ հատկապես երեխայիս համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել