ՀՀ 2010թ. պետական բյուջեի հունվար-փետրվար ամիսների եկամուտները կազմել են ավելի քան 103.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 106.2 մլրդ դրամ:
Ըստ ֆինանսների նախարարության՝ դրանք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար՝ 68.3 եւ 57.5 տոկոսը:
Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 14.3%-ով, ծախսերի գծով՝ 12.6%-ով:
Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.8%-ով կամ 18.5 մլրդ դրամով:
Ընդ որում, 19%-ով (12.9 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները եւ պետական տուրքերը, 28.1%-ով (3.6 մլրդ դրամով)՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ այլ եկամուտներն աճել են 50.5%-ով կամ 2.1 մլրդ դրամով:
2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել:
2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 3.0 մլրդ դրամ պակասուրդով՝ առաջին եռամսյակում նախատեսված 33.7 մլրդ դրամի դիմաց:
Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր շուրջ 14.3 մլրդ դրամ պակասուրդով: Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են շուրջ 10.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 20.5 մլրդ դրամի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով անցած ժամանակահատվածում արձանագրվել է 7.5 մլրդ դրամ հավելուրդ՝ նախորդ տարվա շուրջ 6.3 մլրդ դրամի դիմաց:
2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -7.5 մլրդ դրամ կամ նախատեսվածի 58.6%-ը: