Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերթական խարդախները

Մարտ 30,2010 00:00

Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է «Սաշա եւ Սրբուհի» ՍՊԸ-ի կատարած անօրինական գործարքները, ինչի հետեւանքով պետությանը հասցվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Սաշա եւ Սրբուհի» ընկերության փաստացի ղեկավարը մայրաքաղաքի բնակիչ Կարապետ Քաշանյանն էր։ Հենց նա էլ ձեւավորել էր հատուկ խումբ՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու նպատակով։ Խմբի անդամները Քաշանյանի ընկերներն էին՝ Մուշեղ Աբրահամյանն ու Հրանտ Մարկոսյանը։ Նրանք համատեղ ուժերով փնտրել եւ գտել են հարմար անձի, ով ընդունել է գայթակղիչ թվացող առաջարկը՝ ձեւականորեն ստանձնել ընկերության տնօրենի պաշտոնը, առանց ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման կնքել-ստորագրել անհրաժեշտ փաստաթղթեր, որ պահանջվում էին այս կամ այն գործարքը կատարելու համար։ Կազմակերպության դրածո տնօրենի պաշտոնն, այսպես ասած, վստահվել էր Երջանիկ Սարգսյանին՝ Մուշեղ Աբրահամյանի վաղեմի ծանոթին։ Հրանտ Մարկոսյանն իր հերթին՝ Կ. Քաշանյանի եւ Մ. Աբրահամյանի հետ միասին, դրդել է «Սաշա եւ Սրբուհի» ՍՊԸ տնօրեն Երջանիկ Սարգսյանին զբաղվելու կեղծ ձեռնարկատիրությամբ, այն է՝ 2008թ. հոկտեմբերից մինչեւ 2009-ի փետրվարը, առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման, կազմելու չլրացված հաշիվ-ապրանքագրեր, դրամարկղային մուտքի օրդերի անդորրագրեր եւ այլ փաստաթղթեր, որոնցով Կ. Քաշանյանի կազմակերպած խմբի կազմում՝ առանց պետական գրանցման, իրականացվել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն։ Խմբի կազմակերպած անօրինական գործարքների հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 61,5 մլն դրամի վնաս։
Ընկերության իրական ղեկավարը՝ Կարապետ Քաշանյանը, 2009թ. հունվարին մահացել է։ Օպերատիվ հետախուզության եւ քննչական վարչությունների աշխատակիցները հայտնաբերել եւ բերման են ենթարկել հանցավոր խմբի անդամ Հրանտ Մարկոսյանին։ Իր կատարած արարքների համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-189 հոդվածի 3-րդ մասով եւ 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել