Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴՐՍՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Մարտ 30,2010 00:00

\"\"ՏՏ ոլորտի հայ մասնագետներն աշխատում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար

3-րդ տարին է՝ «Մայքրոսոթտ» ընկերությունը Հայաստանում իրականացնում է կառավարման համակարգում տեղեկատվական համակարգերի փոխհամատեղելիությանը (interoperability) վերաբերող միջոցառում:
 Ի՞նչ է փոխհամատեղելիությունը եւ ի՞նչ է տալիս քաղաքացուն ու պետությանը: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «կլոր-սեղանի» ժամանակ այս եւ այլ հարցերն էին քննարկում ոլորտի մասնագետները: «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ interoperability-ն ժամանակակից աշխարհում ՏՏ ոլորտի կարեւոր խնդիրներից է, եւ առանց դրա մարդը զրկվում է ընտրության հնարավորությունից, ինչը կարող է հանգեցնել մոնոպոլիայի. «Կան բազմաթիվ տեխնոլոգիաներ, առաջատար ընկերություններ, որոնք առաջարկում են իրենց ծրագրային փաթեթները: Բնականաբար, ցանկացած երկրում օգտագործողի մոտ խնդիր է առաջանում՝ ինչպես օգտվել այդ ամենից միաժամանակ, այնպես, որ բոլոր լուծումներն ու ծառայությունները լինեն փոխհամատեղելի»: Ըստ «Մայքրոսոֆթի» Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ստանդարտների պատասխանատու Անդրեաս Ֆուխսբերգերի՝ փոխհամատեղելիությունը քաղաքացուն հնարավորություն է տալիս նախեւառաջ տարբեր կազմակերպություններից օգտվել մեկ պլատֆորմի միջոցով, նպաստում է, որպեսզի ավելի արդյունավետ դառնա փոխգործակցությունը պետական մարմինների, քաղաքացիների եւ գործարար համայնքի հետ, միաժամանակ տնտեսի նաեւ ծախսերը:
Երեւանի Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ինժեներ, ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը նշեց, որ Մերգելյանի ինստիտուտը երկար տարիներ զբաղվել է տեղեկատվական համակարգերի մշակման եւ դրանց ներդրման հարցերով: Ակադեմիկոսը հայտնեց, որ ՌԴ-ի կողմից ինստիտուտին հանձնարարվել է Ռուսաստանի համար իրագործել էլեկտրոնային կառավարման նախագիծ: Այսպիսով, ըստ Ա. Քուչուկյանի՝ հայկական ընկերություններն ու մասնագետները աշխատում են ավելի շատ «դրսի», քան սեփական երկրի համար: Գ. Բարսեղյանը համաձայնեց. «Մենք ունենք բավարար IT ռեսուրսներ, մասնագետներ, բայց ընկերությունները ներգրավված են այլ պետությունների՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների նմանատիպ խնդիրները լուծելուն»: Հայաստանի կառավարությունն ընդունել է էլեկտրոնային հասարակության մասին հայեցակարգ, սակայն, ըստ ակադեմիկոս Քուչուկյանի, մեր երկրում մինչ այսօր խոսակցությունների տիրույթը չի տեղափոխվում գործողությունների դաշտ. «Ինչքան էլ ցուցապաստառներով ցուցադրենք աշխարհի փորձը, մինչեւ մարդն իր սեփական աչքերով չտեսնի այն, չի իմանա՝ ինչ է դա, ինչպես է աշխատում, գործը տեղից չի շարժվում: Իսկ, օրինակ, Էստոնիան մի երկիր էր, որը ՏՏ տեսակետից աշխարհում ոչինչ չէր ներկայացնում, իսկ այսօր էլեկտրոնային կառավարման բնագավառում աշխարհում առաջին տասնյակի մեջ է»:
Պարոն Քուչուկյանը խոսեց նաեւ ոլորտի մի քանի այլ կիրառումների մասին, որոնք կարող են պետությանը որակական օգուտ բերել, բայց չեն անում, որովհետեւ ներդրված չեն: Խոսքը էլեկտրոնային քվեարկության եւ մարդահամարի նոր համակարգի մասին է: Ըստ ակադեմիկոսի, էլեկտրոնային քվեարկությունը յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տալիս ինքնուրույն մտնել համակարգի մեջ ու հաշվառվել: Ա. Քուչուկյանն ասաց, որ էլեկտրոնային քվեարկության առաջարկը իրենք արել են դեռեւս 3 տարի առաջ, այն քննարկվել է նաեւ ԱԺ-ում, սակայն մինչ այսօր կիրառություն չունի: Հայաստանում անցկացվող մարդահամարի մասին էլ պարոն Քուչուկյանն ասաց. «Հայաստանում մարդահամարն անցկացվում է նույն սկզբունքով, ինչ 50 տարի առաջ, իսկ, օրինակ, Դանիայում տվյալների բազայում հավաքված տեղեկատվության թարմացմամբ մարդահամար կարող է արվել յուրաքանչյուր օր, ոչ թե՝ 10 տարին մեկ»:
Հետաքրքիր կլիներ բարձրացված այս հարցերի մասին լսել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանի կարծիքը, ինչը հնարավոր չեղավ, քանի որ նա քննարկմանը ներկայացավ ուշացած ու շուտ էլ լքեց սրահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել