Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՆԴԵԼ Է ԼՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 30,2010 00:00

Մարտի 28-ին ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ նրանց ուղեկցող անձանց հետ: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է, որ առանց Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորմանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հենց Ադրբեջանի ապակառուցողական եւ ռազմատենչ մոտեցումներն ու փոխվստահության նախաձեռնությունների շարունակական մերժումը հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտներն են: Նա կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով:
Բակո Սահակյանը կրկին անգամ հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ասվել է, որ հակամարտության կարգավորման ուժային ցանկացած տարբերակ բացարձակապես անընդունելի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել