Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զավզակելուց առաջ՝ ուսումնասիրել հարցը»

Մարտ 30,2010 00:00

Խորհուրդ է տալիս Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը

ՆԱՏՕ-ի «Ռոութ-Ռոզ» սեմինարի ժամանակ ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն մանրակրկիտ բացատրեց, թե ինչպես եղավ, որ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: Համանախագահը հայտարարեց, որ Հայաստանի նախագահ դառնալուց անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը ինքն իրեն հայտարարեց Հայաստանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչ եւ ասաց, թե ինքը բանակցություններում կներկայացնի նաեւ Արցախը, քանի որ քաջատեղակ է ողջ ընթացքին: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում առավել հաճախ է խոսվում այն մասին, որ Արցախը պետք է անհապաղ դառնա բանակցությունների անմիջական մասնակից: Նաեւ խոսվում է այն մասին, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս մնաց Ռոբերտ Քոչարյանի թեթեւ ձեռքով: ՀՀ նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ տարածել է մի ծավալուն հաղորդագրություն, որով, ըստ ամենայնի, փորձ է արել բացատրել, թե ինչպես եղավ, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից:
Որոշ կրճատումներով ներկայացնենք այն, ինչ ասել է էքս-նախագահի գրասենյակի ղեկավարը. «Անդրադառնանք պատմությանը (ի դեպ՝ հանրահայտ էջերին) եւ փորձենք գտնել հետեւյալ հարցի պատասխանը. ե՞րբ եւ ինչպե՞ս են մասնակցել ԼՂՀ ներկայացուցիչները բանակցային գործընթացում»,- առաջարկում է Վիկտոր Սողոմոնյանը եւ մանրամասն ներկայացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման պատմությունը, այնուհետեւ բացատրում է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունները շարունակվել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց հետո՝ խնդրո առարկա հարցի համատեքստում, այն կարեւոր տարբերությամբ, որ ՀՀ նոր նախագահի պահանջով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադիր կերպով (չհաշված եզակի բացառությունները) այցելում էին ԼՂՀ եւ բանակցում պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, ամենանշանակալի փաստաթուղթը, որ ընդունվել է ԼՂՀ մասնակցությամբ՝ 1994 թվականի մայիսին ստորագրված զինադադարի մասին համաձայնագիրն է, որի տակ դրված է ԼՂՀ պաշտպանության նախարարի ստորագրությունը: Այդ ստորագրությունը ղարաբաղյան կողմի առաջադրված պարտադիր պայմանն էր՝ կրակը դադարեցնելու համար: Կրկնվեմ. սրանք հանրահայտ պատմական փաստեր են: Բանակցային գործընթացի, Քոչարյանի «սխալների» եւ դրանք «հանճարեղ» կերպով ուղղելու մասին զավզակելուց առաջ հարկավոր էր լավագույնս ուսումնասիրել հարցը: Առաջին հերթին ասածս վերաբերում է կուսակցական գործիչներին»: Այնուհետեւ պարոն Սողոմոնյանն ասում է. «Այդպիսով, կարգավորման փաստացի գործընթացը մշտապես ընթանում է երեք հարթություններում. երկու բանակցային գործընթացների եւ մոնիտորինգի միջոցով զինադադարի պահպանմանն ուղղված ջանքերի: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված է ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործողությունների մեջ: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված չէ ՀՀ եւ ԱՀ նախագահների հանդիպումների ձեւաչափում: Այստեղ ԼՂՀ շահերը պաշտպանում է ՀՀ նախագահը՝ համաձայնեցնելով իր գործողությունները ԼՂՀ նախագահի հետ: Եվ դա լավ հայտնի է բոլորին: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, ով ԼՂՀ առաջին նախագահի կարգավիճակ ունի, կտրականապես մերժել է նախագահների հանդիպումների ձեւաչափում ԼՂՀ իշխանություններին փոխարինելու հնարավորությունը: Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կարող վերջնականապես համաձայնեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացվի նաեւ ԼՂՀ ներկայացուցչի կողմից: Փաստորեն, կիրառվում է միջազգային պրակտիկայում լայնորեն օգտագործվող անուղղակի բանակցությունների միջոցը: Այնպես որ, ԼՂՀ-ն ըստ էության, ներգրավված է բանակցային գործընթացում, թեեւ ոչ լիարժեք ձեւով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել