Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Մարտ 30,2010 00:00

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ասելով, «հայկական կողմը» անհամաձայնություն է հայտնել «Մադրիդյան սկզբունքների» 4 կետերի առնչությամբ, բայց պարզ չէ, թե «հայկական կողմն» ո՞վ է՝ Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ ՀՀ իշխանությունը եւ ինչո՞ւ է այդ մասին նոր հայտարարվում:

\"\"

2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում խոստացել էր, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը խարսխվելու է երեք հիմնական, այդ թվում՝ «ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման» սկզբունքի հիման վրա: Հայաստանյան ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների դիտարկմամբ, սակայն, Սերժ Սարգսյանը իր երկամյա գործունեության ընթացքում ուրացել է ոչ միայն Ցեղասպանությունը, այլեւ իր նախընտրական այդ մի խոստումը: Բանն այն է, որ եթե հավատանք ադրբեջանական պաշտոնական աղբյուրներին, ապա «Մադրիդյան սկզբունքների»՝ անցյալ տարեվերջին երկու երկրների նախագահներին ներկայացված նորացված առաջարկներում խոսվում է ոչ թե ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ընդհանուր սահմանի, այլ ընդամենը միջանցքի մասին: Այսպես, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը դեռ մարտի 18-ին հայտարարել էր, թե Ադրբեջանը ընդունում է «Մադրիդյան սկզբունքների» վրա խարսխված նոր առաջարկները, որոնք փուլային են, եւ ըստ որոնց՝ առաջին փուլում «հայկական ուժերը պետք է դուրս բերեն իրենց զորքերը հինգ շրջաններից եւ Լաչինի շրջանի 13 գյուղերից»: Մամեդյարովի ասելով, դրանից հետո պետք է վերականգնվեն հաղորդակցական ուղիները, այնուհետեւ՝ Լաչինից եւ Քելբաջարից հայկական զորքերի դուրսբերումից հետո բոլոր ճանապարհները առաջին եւ երկրորդ փուլերում կբացվեն, եւ միայն ադրբեջանական համայնքի վերադարձից հետո հնարավոր կլինի քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ, եթե հրապարակվի Լաչինի շրջանի այդ 13 գյուղերի անվանումը, ապա քարտեզի վրա պարզորոշ կերեւա, որ հայկական կողմը բանակցում է ոչ թե ԼՂ-Հայաստան ընդհանուր սահմանի, այլ մի նեղ միջանցքի շուրջ: Ավելին, ի տարբերություն նախորդ տարիների, ԼՂ-ն եւ Հայաստանը կապող այդ ցամաքային սահմանը, որը պետք է ապահովվեր Լաչինի միջոցով, պետք է նույն կարգավիճակն ունենար, ինչ ԼՂ-ն, իսկ հիմա դրա մասին խոսք անգամ չկա: Ավելի վաղ՝ մարտի 15-ին, Ադրբեջանի ԱԳ նախարարը, անդրադառնալով Մադրիդյան նորացված առաջարկների համաձայն՝ «գրավյալ» տարածքներից հայկական ուժերի դուրսբերումից հետո այդ տարածքներում անվտանգության ապահովման հարցին, հայտարարել էր՝ «խոսքը գնում է նաեւ միջազգային դիտորդների մասին»: Ընդգծենք, որ մինչ այդ խոսքը գնում էր այդ տարածքներում միջազգային խաղաղապահ ուժերի եւ ոչ թե ընդամենը միջազգային դիտորդների ներկայության մասին, ինչը սկզբունքորեն տարբեր բան է:
Վերջին շրջանում Ադրբեջանը հայտարարում է, որ կողմ է մադրիդյան նորացված սկզբունքներին, եւ սպասում է Հայաստանի պատասխանին, որից հետո կորոշի իր հետագա քայլերը:
Երեկ արդեն պարզ դարձավ, որ, ինչպես ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովն է ձեւակերպել՝ «հայկական կողմն» իր անհամաձայնությունն է հայտնել որոշ կետերի վերաբերյալ. «Ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են եկել Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ բացի 4 կետերից»: Թե «հայկական կողմ» ասելով համանախագահն ո՞ւմ է նկատի ունեցել՝ ԼՂ-ի՞, թե՞ Հայաստանի իշխանություններին, պարզ չդարձավ նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: Երեկ վերջինս այդ հանդիպման ժամանակ էլ հայտարարել է, թե՝ «Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ երկու տարի առաջ եւ շարունակում են մնալ այդպիսին», ԼՂ նախագահ Բակո Սահակյանի՝ երեկ արած հայտարարության մեջ էլ ոչինչ չի ասվում այդ սկզբունքների հետ անհամաձայնության մասին:
Բ. Սահակյանը միայն համառորեն պնդում է բանակցություններին ԼՂ պարտադիր մասնակցությունը: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը՝ ասելով, թե ընդունելի են համարում «Մադրիդյան» սկզբունքները, համաձայնություն են տվել տարբեր փաստաթղթերի. Հայաստանը՝ դեռ 2007թ.-ին արված Մադրիդյան սկզբունքներին, իսկ Ադրբեջանը՝ նորացված առաջարկներին, որոնց թվում, ըստ ամենայնի, հենց այն կետերն են, որոնց վերաբերյալ «հայկական կողմը» անհամաձայնություն է հայտնել: Թե որո՞նք են այդ կետերը, որ ստիպում են Ադրբեջանին եւ Հայաստանին մի դեպքում՝ կողմ լինել, մյուս դեպքում՝ դեմ, հստակ չէ: Պարզ չէ նաեւ՝ եթե երկու կողմն էլ ընդունում են առաջարկվող սկզբունքները, ինչո՞ւ բանակցություններում սայլը տեղից չի շարժվում, կամ՝ պաշտոնական Երեւանը ինչպե՞ս է մեկնաբանում բանակցությունների համատեքստում «միջազգային դիտորդներ» ձեւակերպման ի հայտ գալը:
 Ի դեպ, այս վերջին երեք հարցադրումներն էլ «Առավոտը» դեռ ավելի քան մեկ շաբաթ առաջ ուղղել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին եւ դեռ նրանից որեւէ պատասխան չի ստացել, թերեւս, այն պատճառով, որ ՀՀ ԱԳՆ-ն դրանց պատասխանները չունի կամ չի ուզում տալ:
Փոխարենը մեր որոշ հարցերի փորձեց պատասխանել ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ, այսօր ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: Մասնավորապես՝ անդրադառնալով հայկական կողմի՝ Մադրիդյան սկզբունքների չորս կետերի շուրջ անհամաձայնություն հայտնելու մասին Մերզլյակովի հայտարարությանը, ասաց. «Տպավորությունն այնպիսին է, որ հայկական կողմը երկու տարի չի բանակցել: Այլապես ինչպե՞ս կարող էր այնպիսի փաստաթուղթ ներկայացվել, որտեղ մենք չորս կետի, չորս հիմնարար սկզբունքի վերաբերյալ առարկություն ունենք»: Վլ. Կարապետյանը փորձեց թվարկել այդ չորս կետերը: «Ես կարող եմ ենթադրել՝ հիմնվելով ադրբեջանական պաշտոնական մեկնաբանությունների վրա, որովհետեւ հայկական կողմերը մեկնաբանություններ չեն անում: Իսկ ադրբեջանցիներն ասում են, որ դա վերաբերում է ԼՂ կարգավիճակին, Լաչինի միջանցքին եւ 13 գյուղերին, անվտանգության գոտում միջազգային դիտորդների տեղակայմանը, ենթադրում եմ նաեւ, որ խնդիր պետք է հարուցած լինի Քելբաջարի հարցը»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ «եթե նրանք (Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը) տանը նստեին ու չբանակցեին, գուցե ավելի լավ փաստաթուղթ ունենայինք: Իսկ հիմա երկու տարի տեւած բանակցությունների արդյունքում մենք ունենք չորս լուրջ առարկություններ»:
Ինչո՞ւ ՀՀ-ն չի համարձակվում խոսել այդ առարկություններից, որոնց մասին մենք իմանում ենք միայն համանախագահներից: Ի պատասխան՝ ՀԱԿ ներկայացուցիչը նետեց. «Իսկ ՀՀ իշխանությունը որեւէ բան ընդհանրապես ասե՞լ է: ՀՀ իշխանությունը կարող է առավոտյան արթնանալ եւ հայտարարել, թե գիշերն ինքը այս կամ այն բանն է արել»: Հնարավո՞ր է, որ հայկական կողմի առարկությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում եւս առժամանակ ձգձգումների պատճառ դառնան:
«Եթե ես դրա կողքին դնեմ Մամեդյարովի այն հայտարարությունը, որ բանակցությունները կարող են ավարտվել, փակուղի մտնել՝ կասկածում եմ»: Դա նշանակում է, որ պատերազմի վտանգը հասունանո՞ւմ է: «Պատերազմի վտանգը մշտապես կա այն ժամանակ, երբ կողմերից մեկը կամ երկու կողմերը համարում են, որ բանակցությունների սեղանի շուրջ առաջընթաց այլեւս չեն կարող ունենալ»,- իր դիրքորոշումը հայտնեց ընդդիմության ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Իհարկե, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մերզլյակովը պակաս հոռետես է: Երեկ նա հայտարարել է. «Բայց մենք չենք բարդացնում իրավիճակը, քանի որ ուղիղ երկու տարի առաջ նույն իրավիճակն էր Մադրիդյան սկզբունքների շուրջ, երբ հայկական կողմը ընդունում էր, բայց, ինչպես հիմա է պարզվում՝ ոչ ամբողջապես, իսկ ադրբեջանական կողմը չէր ընդունում, եւ մենք երկար աշխատեցինք, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել