Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՆԵՐԵՔ՝ ՉՍՏԱՑՎԵՑ»

Մարտ 30,2010 00:00

\"\"Ըստ Շահեն Պետրոսյանի՝ Քոչարյան-Սարգսյան զույգը պարտավոր է ասել այդ արտահայտությունը

«Ղարաբաղցիները քնից շատ ուշ են արթնացել, եթե նման հայտարարություններ են անում: Իրենք են իրենց իրավունքների պաշտպանության համար մանդատը տվել Ռոբերտ Քոչարյանին, իսկ հիմա հոխորտալու առիթ առանձնապես չկա. ասացին՝ ինչ ուզում եք՝ արեք, սրանք էլ արեցին՝ ինչ ուզում էին: Նախեւառաջ իրենք պետք է իրենց մեղքն ընդունեն, որ բանակցությունների շրջանակից դուրս մնացին, հետո՝ Սերժ Սարգսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին կմեղադրեն՝ իրենց գործն է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցի առիթով վերջին երկու օրերին ղարաբաղյան քաղաքական եւ հասարակական դաշտի արձագանքներին՝ ասաց ԱԺ նախկին ՀՀՇ-ական պատգամավոր Շահեն Պետրոսյանը: Անդրադառնալով նախորդ տարեվերջին Սոչիում կայացած Ադրբեջանի եւ ՀՀ նախագահների հանդիպման արդյունքում շրջանառվող տարբերակին՝ ԼՂՀ-ին բանակցային գործընթացում նորից ներգրավելու հնարավորություններին էլ, մեր զրուցակիցը վստահորեն հայտարարում է. «Ղարաբաղը կողմ կդառնա այն ժամանակ, երբ պայմանագիրը կստորագրվի»: Ի հավաստումն ասվածի՝ նա հիշեցնում է Գորան Լենմարկերի՝ վերջերս հենց Հայաստանում արած հայտարարությունը, որով բացառվում էր Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում: «Ես չեմ կարծում, որ այդ հայտարարության շրջանակից դուրս կգան»,- ասում է Շահեն Պետրոսյանը՝ պնդելով, որ դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք էր առկա շրջանների վերադարձի մասին համաձայնությունը:
Սակայն մեր զրուցակիցը թե Ռոբերտ Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին եւ թե հանրությանն այլ բան է ցանկանում հիշեցնել. «Այն ժամանակ իրենք իշխանության եկան 8 հազար քառակուսի կիլոմետր Ղարաբաղ պահպանելու, մինչդեռ այժմ իրենց շատ ավելի վատ պայմաններ են առաջարկել, եւ իրենք էլ ակնհայտորեն համաձայնել են, այլապես Սերժ Սարգսյանն «Al Watan»-ին չէր ասի՝ մենք պատրաստ ենք հինգ շրջանները եւ Լաչինի 13 գյուղերը վերադարձնել: Սարսափելի է, որ այժմ ոչ ոք չի հիշեցնում իրենց 12 տարի առաջվա խոստման մասին: 8 հազար կիլոմետրի ջատագովներն այսօր 4 չորս հազար քառակուսի կիլոմետր էլ չեն կարողանում ապահովել»: Պարոն Պետրոսյանը ուշադրություն է հրավիրում նաեւ այն փաստի վրա, որ մինչ այժմ խոսվում էր Հայաստանի եւ Ղարաբաղի ցամաքային կապի մասին էլ, մինչդեռ այժմ խոսվում է միայն Լաչինով միջանցքի մասին, որի առումով դեռ համաձայնության չեն եկել՝ դա պետք է լինի ճանապա՞րհ, թե՞ ցանկապատներով՝ ինչպես Արեւմտյան Բեռլինի եւ ԳՖՀ-ի միջեւ էր: «Հիմա իրենք պետք է հրաժարական տան, ասեն՝ կներեք, չստացվեց: Մենք այն ժամանակ իրենց տվեցինք այդ հնարավորությունը»,- նկատի ունենալով 1998-ի պալատական հեղաշրջումը՝ ասում է Շահեն Պետրոսյանը: Բայց արդյոք կտա՞ Սերժ Սարգսյանն այդքան բաղձալի հրաժարականը: «Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը հիմա ցուկցվանքային վիճակում է. ստորագրի՞, թե՞ ոչ, համաձայնությունն արդեն տրված է: Դա բանավոր է, պարտադրանքով է, թե ինչ կերպ՝ չգիտեմ, բայց կա, այլապես նման բաներ ինքը երբեւէ չէր խոսի, այն էլ Դեր-Զոր անապատում»,- հեգնանքով նկատում է նախկին գործիչը: Ցանկացած պարագայում, նրա կարծիքով, հրաժարականն անխուսափելի է. «Պարտադրանքով ստորագրելուց հետո էլ չի կարող հեքիաթներ պատմել, թե՝ սա մեր ապագան է: Ի՞նչ ապագա. Ղարաբաղի, ըստ իս, 50 հազար մնացած բնակչությունն էլ անմիջապես կդատարկվի, մանավանդ որ՝ Երեւանի կենտրոնի տներն էլ իրենցն են: Իսկ չստորագրելու դեպքում Հայաստանը սարսափելի տնտեսական իրավիճակի մեջ է հայտնվելու: Ստորագրելը ներսը չի հանդուրժի, չստորագրելը՝ դուրսը: Իրականում ի՞նչ կլինի՝ լավ չեմ պատկերացնում, բայց որ իրադարձությունները շատ արագ են զարգանալու,  ակնհայտ եմ համարում»:
Նկատեցինք, որ վերջերս հանրության շրջանում վախը հնարավոր պատերազմական գործողություններից առավել ակնառու է: Որքանո՞վ են հարցերը պատերազմական եղանակով լուծելու հնարավորություններն իրական, մանավանդ որ՝ համաշխարհային քաղաքականության մեջ նման փորձեր առկա են: «Ինքս պացիֆիստ եմ եւ դեմ եմ ցանկացած պատերազմի: Ամենաանկայուն խաղաղությունը շատ ավելի լավ է, մանավանդ, քանի որ կարծում եմ, որ այս դեպքում հաջողության հնարավորությունը շատ ավելի փոքր է: Այն ժամանակ եթե մենք էյֆորիայի մեջ էինք, նոր էր այդ ամենը, ռոմանտիզմ կար, հիմա չկա: Բնակչությունը չի գնա պատերազմի: Նույնիսկ երկրապահները չեն գնա, որոնք այդքան ասում են՝ կգնանք, կպաշտպանենք: Ամեն դեպքում, պատերազմի հավանականությունը քիչ եմ համարում, փոքրիկ բախումներ՝ գուցե»: Հակադարձելով էլ «երրորդ ուժի», «նոր գաղափարների», «նոր առաջնորդների» մասին խոսակցություններին եւ «Առավոտի» այն դիտարկմանն էլ, որ մարդկանց մեծամասնությունը ՀԱԿ-ի հետեւից գնում է այլընտրանքի բացակայության պատճառով՝ Շահեն Պետրոսյանն ասաց. «1988-ին բազմաթիվ շարժումներ կային, բայց բոլորը գնացին «Ղարաբաղ» կոմիտեի հետեւից, վերջում էլ՝ ՀՀՇ-ի: Դաշտն ազատ է՝ թող գնան-պայքարեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել