Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մարտ 27,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ չորրորդ

ԱՌԱՆՑ ՎԿԱՆԵՐԻ

Եվ ես ժպտալով Նինային ասացի՝ «փաստորեն, հնդեվրոպացիներին ջրի ես ուղարկում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «թող մի քիչ կենցաղային դժվարություններին վարժվեն» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «էդ թաթար բիձուկը որ դեմդ դուրս գա՝ հանկարծ ավելպակաս չխոսես», եւ ես զարմացած հարցրի՝ «ավելպակաս ի՞նչ պիտի խոսեմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հնդեվրոպացիներդ գլուխ գովելու սովորություն ունեք», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գլուխ գովել», եւ Նինան լրջանալով ասաց՝ «էդ թաթար բիձուկը Սոկոլովից էլ ա կասկածամիտ. էրեւում ա՝ ինչ-որ բան ա գլխի ընկել», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ ա գլխի ընկել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ի՞նչ ենք արել, որ ինչ գլխի ընկնի», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդամենը Սոկոլովից ու Սանյայի պատմվածքից ենք խոսել», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «նույնիսկ էդ պատմվածքից չհասցրինք կարգին խոսել», եւ ես ժպտալով ասացի՝ «կհասցնենք» եւ ծիծաղելով ավելացրի՝ «ջուրը բերեմ՝ կխոսենք», եւ Նինան լրջանալով ասաց՝ «բիձուկը հաստատ ինչ-որ բան գլխի ա ընկել», եւ ես ժպտալով ասացի՝ «կարեւորն էն ա, որ արդեն հագնված եմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ տեսնի՝ իմ սենյակից ես դուրս գալիս, ամեն ինչ կհասկանա», եւ ես թեյնիկը Նինային մեկնելով ասացի՝ «որ էդքան վախենում ես, դու ջրի գնա», եւ Նինան թեյնիկը ձեռքիցս վերցնելով ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ սենյակից դուրս թռավ ու քիչ անց վերադառնալով ասաց՝ «ոչ մի թաթար էլ չկար», եւ ես ժպտալով ասացի՝ «թաթարներից շատ ես վախենում», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «քանի դար իրանց լծի տակ ենք էղել» եւ ջուրը սրճեփի մեջ լցնելով ավելացրեց՝ «էդ բիձուկը Սոկոլովից էլ ա վտանգավոր», եւ ես ասացի՝ «բիձուկ ես ասում, բայց Ռինատն ինձնից ընդամենը վեց թե յոթ տարով ա մեծ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեզ թվում ա՝ դու շա՞տ փոքր ես», եւ ես Նինային գրկելով ու համբուրելով ասացի՝ «մեծերին պարտավոր ես ենթարկվել», եւ Նինան ժամացույցին նայելով ճչաց՝ «չփորձես» եւ գրկիցս դուրս պրծնելով ավելացրեց՝ «չփորձես աշխատանքային կենսագրությունս փչացնել», եւ ես ժամացույցին նայելով ասացի՝ «բայց Պիմենովը տասնմեկին նոր ա գործի գալիս», եւ Նինան ժպտալով ասաց՝ «էդ նշանակում ա, որ ամենաուշը տասնմեկի կեսին պիտի տեղում լինեմ», եւ ես ժամացույցին նայելով ասացի՝ «կես ժամից ավել ժամանակ ունենք», եւ Նինան ժպտալով ասաց՝ «կարանք կես ժամ Սոկոլովից ու Սանյայի պատմվածքից խոսանք», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հիմի արդեն Ռինատից էլ կարանք խոսանք», եւ Նինան գրկիցս պոկվելով ասաց՝ «մենակ թե՝ առանց հանվելու», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «դու հագնված էլ ես շատ սիրուն», եւ Նինան սուրճը մեր բաժակների մեջ լցնելով հարցրեց՝ «ասում ես՝ Սոկոլովը Սանյայի պատմվածքը հավանել ա՞», եւ ես ասացի՝ «հավանելն էն խոսքը չի. ուղղակի հիացած ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ ի՞նչ ա նշանակում», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ նշանակում ա, որ շուտով էս հարկում նոր ժամանակներ են սկսվելու», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «նոր ժամանակներ եւ նոր հարաբերություններ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր իմաստով էլ ա նոր ժամանակ սկսվելու», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «մերն արդեն սկսվել ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ես կասեի՝ մերն արդեն ավարտվում ա», եւ ես Նինային գրկելով ու համբուրելով ասացի՝ «նոր ա սկսվում», եւ Նինան գրկիցս պոկվելով գոռաց՝ «էս որոշել ես ռեկորդ սահմանե՞ս», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ ռեկորդ», եւ Նինան ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «անձնական», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ռեկորդը որոշելով չի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «լինում են դեպքեր, որ որոշում ես, բայց ոչ մի բան չի ստացվում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ընդամենը քսանչորս տարեկան ես, բայց ահագին բան ես հասկանում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «քսանչորսը մարդու ծաղկման շրջանն ա», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ես էլ էի առաջ ըտենց կարծում», եւ Նինան հարցրեց՝ «բա հիմա՞ ոնց ես կարծում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հիմա կարծում եմ, որ ծաղկման շրջանը երեսունն ա», եւ Նինան անսպասելի հարցրեց՝ «գիտե՞ս ինչի քեզ չեմ համբուրում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էսօր հազար անգամ համբուրել ես», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «հաշվե՞լ ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հազարից հետո հաշիվս կորցրի», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «բայց հիմա՝ էս պահին չեմ համբուրում, չէ՞», եւ ես ասացի՝ «չէ. հիմա չես համբուրում», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «բա չես հարցնո՞ւմ՝ ինչի չեմ համբուրում», եւ ես ասացի՝ «քեզ պիտի հարցնեմ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «դե հարցրու», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ վերջերս ինձ չես համբուրում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «հենց որ քեզ համբուրում եմ, անմիջապես մեջդ ցանկություն ա առաջանում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ ցանկություն», եւ Նինան ժպտալով ասաց՝ «շորերս հանելու ցանկություն» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Սոկոլովից ու Սանյայի պատմվածքից խոսելու ցանկություն», եւ ես Նինային հարցրի՝ «դրա համար չես համբուրո՞ւմ», եւ Նինան ինձ թեթեւակի համբուրելով ասաց՝ «շա՜տ տարօրինակ տղա ես», եւ ես հարցրի՝ «ինչի՞ եմ տարօրինակ», եւ Նինան ինձ շա՜տ մեղմ համբուրելով ասաց՝ «ուզում ես հիմա լրիվ սպառվենք, որ հետո անելու բան չունենա՞նք», եւ ես ժպտալով ասացի՝ «համբուրեցիր», եւ Նինան ինձ շա՜տ քնքուշ համբուրելով ասաց՝ «սրանք ընդամենը դաստիարակչական համբույրներ են», եւ ես իրեն համբուրելով հարցրի՝ «դաստիարակչականը ո՞րն ա», եւ ինքը նորից ինձ թեթեւակի ու շատ մեղմ համբուրելով ասաց՝ «դաստիարակչականը հենց էս ա», եւ ես ժպտալով ասացի՝ «էլի չհասկացա», եւ Նինան ինձ թեթեւակի համբուրելով ասաց՝ «ամեն ինչ վերջ ունի», եւ ես իրեն համբուրելով հարցրի՝ «էդ քո ցանկությո՞ւնն ա», եւ Նինան ինձ շա՜տ զգույշ համբուրելով ասաց՝ «ամեն ինչ չափի մեջ ա գեղեցիկ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «դու անչափ ես գեղեցիկ», եւ Նինան ինձ թեթեւակի համբուրելով հարցրեց՝ «էսպես հագնված էլ ե՞մ գեղեցիկ», եւ ես իրեն համբուրելով ասացի՝ «հագնված ավելի գեղեցիկ ես», եւ Նինան ժպտալով ինձ ասաց՝ «որովհետեւ որ մերկանում եմ՝ երեսիս չես նայում» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «փաստորեն, դաստիարակչական համբույրներս իրենց դերը խաղացին», եւ ես հարցրի՝ «ի՞նչ դեր խաղացին», եւ Նինան ինձ թեթեւակի համբուրելով ասաց՝ «ստիպված սկսեցիր երեսիս նայել», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ճիշտ հակառակն ա», եւ Նինան ինձ թեթեւակի համբուրելով հարցրեց՝ «ո՞նց ա հակառակը», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էս դաստիարակչական համբույրներդ ավելի ցնցող են», եւ Նինան ինձ շատ մեղմ համբուրելով հարցրեց՝ «հիմա ցնցվեցի՞ր», եւ ես Նինային մեղմ ու զգույշ պառկեցրի մահճակալին ու ժպտալով ասացի՝ «դիտմամբ ես անում», եւ Նինան ինձ թեթեւակի համբուրելով հարցրեց՝ «ի՞նչն եմ դիտմամբ անում», եւ ես Նինայի բլուզը շատ զգույշ հանելով ասացի՝ «դիտմամբ քնքուշ ես համբուրում, որ քեզ ավելի ցանկանամ», եւ Նինան շալվարը հանելով ասաց՝ «ես իմ շալվարն ինքնուրույն կհանեմ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ավելի լավ ա՝ քոնը հանես», եւ երբ հանվեցինք, Նինան ինձ թեթեւակի համբուրելով հարցրեց՝ «ասում ես՝ որ քեզ մեղմ եմ համբուրում, ինձ ավելի՞ ես ցանկանում», եւ ես իրեն համբուրելով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «էդ ինչի՞ց ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «նորություն ա» եւ ծիծաղելով հարցրի՝ «կարող ա՞ դու էլ ես ուզում անձնական ռեկորդ սահմանես», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ես իմ անձնական ռեկորդը վաղուց եմ սահմանել», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «վաղուց՝ ե՞րբ», եւ Նինան նայեց ժամացույցին ու ժպտալով ասաց՝ «մոտավորապես կես ժամ առաջ» եւ նորից ինձ մեղմ ու քնքուշ համբուրելով հարցրեց՝ «իսկ դո՞ւ», եւ ես Նինային մեղմ ու քնքուշ համբուրելով ասացի՝ «էդ մասին չեմ մտածում», եւ Նինան ինձ մեղմ ու քնքուշ համբուրելով հարցրեց՝ «բա ինչի՞ մասին ես մտածում», եւ ես Նինային չափազանց մեղմ ու քնքուշ համբուրելով ասացի՝ «ոչ մի բանի մասին չեմ մտածում», եւ Նինան ինձ մեղմ ու քնքուշ համբուրելով ասաց՝ «էդպես շատ ավելի լավ ա», եւ ես Նինային մեղմ ու քնքուշ համբուրելով հարցրի՝ «ի՞նչն ա լավ. ոչ մի բանի մասին չմտածե՞լը», եւ Նինան ինձ մեղմ ու քնքուշ համբուրելով պատասխանեց ու ասաց՝ «չէ. էսպես մեղմ ու քնքուշ համբուրվելը» եւ ինձ ամուր սեղմվելով ճչաց՝ «նորությո՜ւն ա», եւ ես Նինային ամբողջ ուժով ինձ սեղմելով գոռացի՝ «լրի՜վ նորություն ա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ամեն իմաստով էր նորություն» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «էս անգամ Սոկոլովից ու Սանյայի պատմվածքից չխոսեցինք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սեքսը գրականության պես բան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պիտի որեւէ նորություն պարունակի, որ հետաքրքիր լինի», եւ ես ժպտալով հարցրի՝ «Սանյայի պատմվածքի պե՞ս», եւ Նինան տեղից կտրուկ վեր կենալով՝ սկսեց հագնվել, եւ ես հարցրի՝ «էս արդեն ուշանում ե՞ս», եւ Նինան ինձ մեղմ ու քնքուշ համբուրելով ասաց՝ «մի գաղտնիք ասե՞մ», եւ ես իրեն մեղմ ու քնքուշ համբուրելով ասացի՝ «ասա», եւ Նինան ինձ մեղմ ու քնքուշ համբուրելով ասաց՝ «Պիմենովն էսօր դժվար թե գործի գա», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Նինան ինձ մեղմ ու քնքուշ համբուրելով ասաց՝ «երեկոյան որ չորրորդ հարկ իջար, զանգեցի Պիմենովին», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ասեց», եւ Նինան ինձ մեղմ ու քնքուշ համբուրելով ասաց՝ «կինն ասեց, որ երեսունութուկես տաքություն ունի», եւ ես Նինային մեղմ ու քնքուշ համբուրելով ասացի՝ «մեր բախտից ա», եւ Նինան ինձ մեղմ ու քնքուշ համբուրելով ասաց՝ «բայց, բոլոր դեպքերում, ամենաուշը տասնմեկին պիտի ինստիտուտում լինեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մարդկանց վստահությունը չպիտի կորցնես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Նինան ճակատս չափազանց մեղմ ու քնքուշ համբուրելով ասաց՝ «որ ինքը գործի չի գալիս, բոլոր գործերն իմ վրա են ընկնում», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ արդեն լրիվ նորություն էր», եւ Նինան ինձ մեղմ ու քնքուշ համբուրելով հարցրեց՝ «ի՞նչը նկատի ունես», եւ ես Նինային մեղմ ու քնքուշ համբուրելով ասացի՝ «ճակատ համբուրելը», եւ Նինան ինձ շատ մեղմ ու քնքուշ համբուրելով ասաց՝ «բայց Սանյայի էդ պատմվածքը ոչ մի նորություն չէր պարունակում», եւ ես ժամացույցին նայելով ասացի՝ «փաստորեն, ահագին ժամանակ ունենք», եւ Նինան շալվարը հագնելով ասաց՝ «բոլոր ռեկորդներն արդեն սահմանված են», եւ ես ժպտալով ասացի՝ «բացի սուրճի ռեկորդից», եւ Նինան տեղից վեր կենալով ասաց՝ «ճիշտ ես ասում. մի հատ մարդավարի սուրճ խմենք», եւ ես ասացի՝ «խմածներիցս բան չհասկացանք», եւ Նինան ժպտալով ասաց՝ «հիմա կհասկանանք», եւ ես ժպտալով ասացի՝ «դժվար էլ հասկանանք», եւ Նինան սուրճն ու շաքարավազը սրճեփի մեջ լցնելով ասաց՝ «բոլոր ռեկորդները սահմանված են, բոլոր նորույթները՝ սպառված», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «էլ նորույթ չունե՞ս», եւ Նինան ջուրը սրճեփի մեջ լցնելով ասաց՝ «հիմա հերթը քոնն ա», եւ ես ժամացույցին նայելով ասացի՝ «բայց տասնմեկին գործի պիտի հասնես», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «հետագայի համար եմ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «սուրճը խմենք՝ կերեւա», եւ Նինան թախծոտ ժպտալով ասաց՝ «էլ էս ամենը դժվար թե կրկնվի», եւ ես հարցրի՝ «ի՞նչը նկատի ունես», եւ Նինան թախծոտ ժպտալով ասաց՝ «էլ դժվար թե իրար հանդեպ էսքան տաք ու էսքան սիրով լինենք», եւ ես տեղիցս վեր կենալով ու Նինային համբուրելով ասացի՝ «շա՜տ հոռետես ես», եւ Նինան թախծոտ ժպտալով ասաց՝ «ոչ թե հոռետես եմ, այլ՝ իրատես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «որ ուզենաս էլ՝ չես կարա իրատես ըլնես», եւ Նինան հարցրեց՝ «ինչի՞ չեմ կարա», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «որովհետեւ մենք հիմա ֆանտաստիկայի ոլորտում ենք», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ռեկորդնե՞րը նկատի ունես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «թեկուզ», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «թե՞ Սանյայի պատմվածքը նկատի ունես», եւ ես ժպտալով ասացի՝ «Սանյայի պատմվածքը չափից ավելի ռեալիստական ա», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «ես կասեի՝ նեոռեալիստական», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց որ Սանյայի պատմվածքը Սոկոլովն ա հավանել, էդ արդեն ֆանտաստիկայի ոլորտից ա», եւ Նինան սուրճը մեր բաժակների մեջ լցնելով ասաց՝ «բաժակներն էլ չլվացի», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչինչ. մենք ենք խմել», եւ Նինան հարցրեց՝ «քո բաժակը ո՞րն էր», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ հիշում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «ի՞նչ տարբերություն», եւ Նինան նայեց բաժակներին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ չեմ հիշում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «զզվող չե՞ս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «նայած ումից», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ես էլ առանձնապես զզվող չեմ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «որ իրարից զզվեինք, էսքան իրար չէինք պաչպչի», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «համբուրելու գծով էլ բոլոր ռեկորդները խփեցինք», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «համբուրելու գծով հաստատ Գինեսի ռեկորդը խփեցինք», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ժուռնալում կարդացել եմ, որ երկու հոգի քառասունչորս ժամ անընդմեջ համբուրվել են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «եթե չեմ սխալվում, հենց դրանք են Գինեսի գիրք մտել», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «որ աշխատանքից չուշանայիր, մենք դրանց ռեկորդը հաստատ կխփեինք», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «բայց մենք վկա չունենք. մեր ռեկորդը դժվար թե գրանցեն» եւ ժպտալով ավելացրեց՝ «իրենք դահլիճում՝ հանդիսատեսների ներկայությամբ են համբուրվել», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հանդիսատեսների ներկայությամբ համբուրվելը համբուրվել չի», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ ես Նինային համբուրելով պատասխանեցի ու ասացի՝ «դերասանություն ա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «բայց էդ զույգերը քառասունչորս ժամ անընդմեջ են համբուրվել» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «մենք արանքներում Սանյայի պատմվածքից ու այլ բաներից էինք խոսում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «արանքներում ուրիշ բան էլ էինք անում», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «էդ ուրիշ բանը համբույրի ռեկորդի հետ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու կարմրելով ավելացրեց՝ «երեւի էդ գծով մրցումներ չեն անցկացվում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «նույնիսկ թքելու գծով են մրցումներ անցկացվում», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ ես ասացի՝ «մրցում են՝ ով ավելի հեռու կթքի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վկաների ու հանդիսատեսների ներկայությամբ հնարավոր ա թքել» եւ մի քիչ էլ մտածեց ու կարմրելով ավելացրեց՝ «բայց էն մյուս բանը հնարավոր չի վկաների ներկայությամբ անել», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «անողները լավ էլ անում են», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ են անում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «սեքս», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «վկաների ներկայությամբ հնարավոր չի», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «վկաների ներկայությամբ լավ էլ անում են», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ովքե՞ր են անում», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «պոռնո ֆիլմ տեսած կա՞ս», եւ Նինան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «հա», եւ ես հարցրի՝ «որտե՞ղ ես տեսել», եւ Նինան ասաց՝ «ընկերուհիս վիդեո ունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը զամմինիստրի կնիկ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրա ամուսինն անցած ամառ որ գործուղման էր մեկնել, ընկերուհիս մի քանի հատ կասետ ճարեց՝ մի քանի օր նայեցինք», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «հետաքրքիր է՞ր», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «մերն ավելի հետաքրքիր էր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենք համ էլ Սոկոլովից ու Սանյայի պատմվածքից էինք խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «համ էլ՝ մերը բնական էր, իսկ կինոն մնում ա կինո. փաստորեն, կինոյում ոչ թե սեքս են անում, այլ՝ դերասանություն», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ շատ ուզենան, էլի չեն կարա դերասանություն չանեն», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «եթե իսկապես իրար սիրեն, դերասանություն չեն անի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե իրար իսկապես սիրեն, բնական կստացվի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չեն կարա իրար սիրեն», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չեն կարա», եւ ես ասացի՝ «բացառվում ա, որ մարդիկ վկաների ներկայությամբ իրար սիրեն», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ տեսած էդ մի քանի ֆիլմերում վկաներ չկային» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երկուսով, առանց վկաների, իրար սիրում էին» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «կարճ ասած՝ խմբակային սեքս չէր», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց վկաներ էղել են», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ոչ մի վկա էլ չկար» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իմ աչքով եմ տեսել. սկզբում աղջիկը հայելու առաջ հարդարվեց ու սիրունացավ, հետո տղան ներս մտավ, հանվեցին ու սկսեցին իրար սիրել», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա վկանե՞րը», եւ Նինան զարմացած ասաց՝ «ոչ մի վկա էլ չկար» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մենակ ընկերուհիս ու ես էինք», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց կինո էր, չէ՞», եւ Նինան ասաց՝ «կինո էր, բայց վկաներ չկային», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ռեժիսո՞րը», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ռեժիսոր», եւ ես ժպտալով ասացի՝ «առանց ռեժիսորի՝ ի՞նչ կինո» եւ ծիծաղելով ավելացրի՝ «առնվազն էդ ֆիլմի ռեժիսորն ու օպերատորը վկա են էղել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մտքովս չէր անցել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «չհաշված մյուսները», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մյուսներ», եւ ես ժպտալով ասացի՝ «օրինակ, ռեժիսորի ասիստենտը կամ, ասենք, լուսավորողները», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ լուսավորողներ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «լուսավորիչները», եւ Նինան հարցրեց՝ «էդ լուսավորիչներն ի՞նչ են անում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «լուսավորում են», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչն են լուսավորում», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «սեքսը», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ սեքս», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ՝ որ ընկերուհուդ հետ նայել եք», եւ Նինան ապշահար հարցրեց՝ «ի՞նչ ընկերուհի», եւ ես ասացի՝ «զամմինիստրի կնիկը», եւ Նինան հարցրեց՝ «Տանյա՞ն», եւ ես ասացի՝ «անունը չգիտեմ», եւ Նինան հարցրեց՝ «բա իրան որտեղի՞ց ես ճանաչում», եւ ես ասացի՝ «նոր դու էիր իրա մասին պատմում», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ էի պատմում», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում էիր, որ իրար հետ վիդեոյով պոռնո եք նայել», եւ Նինան հարցրեց՝ «ե՞րբ ենք նայել», եւ ես ժպտալով ասացի՝ «երբ որ իրա զամմինիստր մարդը գործուղման էր գնացել», եւ Նինան ապշահար հարցրեց՝ «բա դո՞ւ որտեղից գիտես», եւ ես ասացի՝ «նոր դու էիր պատմում, որ Տանյայի հետ վիդեոյով պոռնո եք նայել», եւ Նինան զարմացած ասաց՝ «բա ասում ես՝ անունը չգիտես», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ անունը», եւ Նինան ասաց՝ «Տանյայի», եւ ես ասացի՝ «մի քիչ առաջ քեզնից իմացա», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ իմացար», եւ ես ասացի՝ «Տանյայի անունը», եւ Նինան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ի՞նչ սեքս ես ասում», եւ ես ասացի՝ «էդ սեքսը Տանյայի վիդեոյով եք նայել», եւ Նինան հարցրեց՝ «էդ սեքսի մասին ե՞մ պատմել», եւ ես ասացի՝ «հա», եւ Նինան վախեցած հարցրեց՝ «էդ սեքսի մասին ի՞նչ եմ պատմել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մանրամասները չես պատմել», եւ Նինան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «Տանյայի մասին էլ ե՞մ պատմել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Տանյայի մասին էլ մանրամասն չես պատմել», եւ Նինան դեմքը ծամածռելով ասաց՝ «էնպես ես Տանյա ասում, կարծես հազար տարվա ընկերուհիդ լինի», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ Տանյայի անունը հենց նոր քեզնից իմացա», եւ Նինան կասկածանքով նայեց ինձ ու հարցրեց՝ «հաստա՞տ», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «մի քանի րոպե առաջվա ասածներդ չես հիշո՞ւմ», եւ Նինան բավական երկար մտածեց ու ասաց՝ «ուշքումիտքս ուրիշ տեղ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «մտածում եմ՝ աշխատանքի գնա՞մ, թե՝ չէ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «գնա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «արդեն ինձանից ձանձրացա՞ր», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ ուզում աշխատանքային կենսագրությունդ փչանա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Պիմենովն էսօր հաստատ չի գալու», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ Պիմենովը չգա, քո անհրաժեշտությունն ավելի ա զգացվելու», եւ Նինան մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «դո՞ւ ինչ գիտես, որ անհրաժեշտությունս ավելի ա զգացվելու», եւ ես ժպտալով ասացի՝ «դու ես ասել», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քիչ առաջ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ես իմ մասին ամեն ինչ պատմել եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց քո մասին դեռեւս ոչինչ չգիտեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քանի օրում հնարավոր չի ամեն ինչ իմանալ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց դու արդեն իմ մասին ամեն ինչ գիտես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համարյա ամեն ինչ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նույնիսկ Տանյայի անունը գիտես»։
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել