Ցանկանում ես թանկ նվե՞ր, թե՞ թանկ հիշողություններ
«Տարիներ առաջ, երբ դեռ ուսանող էի, մի բուռն սիրավեպ սկսվեց իմ եւ մի երիտասարդի միջեւ: Համալսարանից տուն էի վերադառնում, երբ կարմիր «07»-ով մի երիտասարդ իմ դիմաց արգելակեց, մեքենայից իջավ, մոտեցավ ինձ եւ ասաց. «Այսօր գիշերը, երբ ձեր հայաթի բեսեդկայի լույսը միացնեմ-անջատեմ, դուրս կգաս, ձեր շենքի հարկում քեզ կսպասեմ, շատ կարեւոր բան ունեմ քեզ ասելու»: Մինչ ես զարմացած նրան էի նայում եւ չհասցրի անգամ մի բառ ասել, երբ նստեց մեքենան եւ հեռացավ: Ո՞վ էր այդ երիտասարդը, որտեղի՞ց էր ինձ ճանաչում, որտեղի՞ց գիտեր իմ տան տեղը եւ ի՞նչ էր ինձ ասելու: Հետաքրքրությունից դրդված՝ ես սպասում էի գիշերվան: Ահա արդեն գիշեր էր՝ ժամը մեկը, երբ լույսը միացավ եւ անջատվեց: Եվ չնայած շատ վտանգավոր էր այդ ժամին դուրս գալ տնից՝ ծնողներիս ոչինչ չասելով եւ հանդիպել անծանոթի, բայց ես, այնուամենայնիվ, ռիսկի դիմեցի: Դուրս եկա, դռան արանքում թուղթ դրեցի, որ հանկարծ չփակվի եւ տեսա նրան հենց մեր դռան առջեւ: Մոտենալուց եւ նրան հարցախեղդ անելուց հետո՝ թե որտեղի՞ց ես ինձ ճանաչում, ո՞վ ես եւ ի՞նչ ունես ինձ ասելու այս ուշ ժամին, նա նայեց ինձ եւ ասաց. «Հավերժ կլսեի քո քաղցր ձայնը» եւ պատմեց, թե արդեն մեկ ամիս է՝ ինչ ինձ հետեւում է, հետաքրքրվել է իմ մասին եւ որ սիրում է ինձ եւ խնդրում չմերժել՝ վաղը հանդիպել իր հետ: Չգիտեմ, թե ինչ կատարվեց ինձ հետ, նման բան դեռ ինձ հետ տեղի չէր ունեցել, ես սիրահարվեցի՝ առանց խորհրդավոր երիտասարդի անունն իսկ իմանալու եւ ասացի՝ այո»,- պատմում է Նարինեն:
Եվ այդ ամենակարեւոր պահին, երբ հնչեց «այո»-ն, դուռը «չխկաց»՝ փակվեց: Նարինեն մնաց փակ դռան առջեւ կանգնած երկու մտքով՝ փախչել անծանոթ տղայի հետ կամ էլ համարձակություն գտնել դռան զանգը տալ եւ ծնողներին ամեն բան բացատրել: Սակայն այս երկու ծայրահեղություններից ոչ մեկին դիմելու կարիք չեղավ. «Քույրս լսել էր դռան ձայնը եւ գալով դեպի դուռը, պատահմամբ բացեց, տեսավ ինձ մի անծանոթ տղայի հետ կանգնած: Ես միանգամից ներս մտա առանց տղային հաջողություն ասելու: Եվ, իհարկե, պատմեցի տեղի ունեցածի մասին»:
Քույրը քրոջը չմատնեց եւ այդ օրվանից դարձավ նրանց սիրո ականատեսն ու սիրո պատմությունների ունկնդիրը:
«Մոտ 4 ամիս է, ինչ ընկերություն էինք անում: Սուրենը մի օր ասաց, որ իր ընկերոջ հարսանիքն է եւ ես էլ պետք է իր հետ գնամ: Ես ասացի, որ զգեստ չունեմ: Մի քանի օր հետո հարսանիքն էր: Սուրենը մի զգեստ էր բերել՝ շատ շքեղ ու թանկարժեք: Այն կարծես Մոխրոտիկի զգեստը լիներ, կոշիկներն էլ հետը: Զգեստն ու կոշիկները վարձով էր վերցրել, մեկ օրով: Ես հագա զգեստը, կոշիկները եւ մենք գնացինք նրա ընկերոջ հարսանիքին: Իհարկե, ես ողջ հարսանիքի ընթացքում շատ լարված էի, մտածում էի, որ հանկարծ զգեստը չկեղտոտվի եւ չպատռվի»:
Իհարկե, Նարինեն կոշիկը չկորցրեց, բայց ինչից վախենում էր, այն էլ գլխին եկավ՝ զգեստը մի փոքր պատռվեց: «Լաց էի լինում, իսկ Սուրենը ծիծաղում էր, ասում, որ չլացեմ եւ որ ամեն ինչ լավ կլինի: Ընկերուհուս տանը զգեստը փոխեցի, հագա իմ շորերը եւ Սուրենն ինձ տուն բերեց: Ծնողներս դեռ ոչինչ չգիտեին մեր հարաբերությունների մասին, եւ ես ստիպված էի ստել այդ օրը՝ ասելով որ գնում եմ ընկերուհուս հարսանիքին: Հարսանիքից վերադարձա շատ տխուր, մտածում էի՝ ինչ պետք է լինի, չէ որ զգեստը վարձով էր վերցված եւ այն շատ թանկ արժեր, որ Սուրենը գներ»:
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի երկու ուսանողները հաջորդ օրը հանդիպեցին, տղան աղջկան մի սրտաձեւ տուփ նվիրեց, Նարինեն բացեց՝ այնտեղ թանկարժեք զգեստն էր: Տղան գնել էր այն, գումարի մի մասը վճարել, իսկ մյուս մասը խոստացել մուծել ամիսների ընթացքում: Այդ օրը աղջիկը տուփը ձեռքը տուն վերադարձավ, բնական է, մայրը չէր կարող այն չնկատել եւ Նարինեն ստիպված եղավ ծնողներին ամեն բան պատմել: Սուրենը եկավ, խոսեց Նարինեի ծնողների հետ եւ նրանք ամուսնացան: Նարինե եւ Սուրեն Մամիկոնյանները ապրում են Էրեբունի զանգվածում, արդեն 20 տարի է, ինչ ամուսնացած են, կինը ուսուցչուհի է, ամուսինը զբաղվում է բիզնեսով: Դե, իսկ զգեստն էլ, նրանց հետ տարիները գլորելով՝ արդեն 20 տարեկան է: Նարինեի զգեստապահարանում այն խնամքով պահված է՝ նույն սրտաձեւ տուփի մեջ դրված, եւ երբ հիմա Նարինեի 18-ամյա աղջիկը մորը պատմում է այսօրվա երիտասարդներից, թե ինչ են նվիրում տղաները աղջիկներին, ինչ թանկարժեք նվերներ, Նարինեն ասում է. «Ամենաթանկ նվերը ոչ թե ամենաթանկարժեքն է, այլ այն, որ թանկ հիշողություններ է պարունակում, ինչպես հայրիկիդ նվիրած զգեստը»: