Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնությունը՝ որպես դժոխք

Մարտ 27,2010 00:00

37-ամյա Էմմա Կարապետյանը զղջում է, որ 15 տարի առաջ չփորձեց պաշտպանել իրեն իր ամուսնուց:

22 տարեկանում իր բարեկամուհու տանը Էմման հանդիպում է Սամվելին (անունները փոխված են): Սամվելը համակրում է Էմմային: Մի քանի անգամ հանդիպելուց հետո Էմման Սամվելից ամուսնության առաջարկություն է ստանում: Առաջարկությունն ընդունվում է: Ամուսնանալուց անմիջապես հետո նորապսակները տեղափոխվում են իրենց նոր բնակարան: «Սամվելն ինձ շատ էր սիրում, ես էլ նրան շատ հարգում էի: Այնպես չէր, որ ես նրա համար խելագարվում էի, բայց, իհարկե, սիրում էի… Մենք սկզբնական շրջանում շատ երջանիկ էինք»,- հիշում է Էմման: Այս զույգերի ամուսնական երջանկությունը տեւեց ընդամենը մի քանի ամիս:
«Հավաքույթի էինք հրավիրված մեր ընդհանուր ծանոթի տանը: Շատ հաճելի երեկո էր: Կանանցով, ինչպես միշտ, բամբասում էինք, իսկ տղամարդիկ արդեն հասցրել էին հարբել: Հանկարծ նոր հյուր եկավ, եւ ես կորցրի ինձ…»,- հիշում է Էմման: Այդ մարդու հայտնվելը ստիպեց բոլորին նայել Էմմայի կողմը, իսկ Էմման նույնիսկ չհասցրեց անհանգստությունը թաքցնել: Սա չվրիպեց Սամվելի աչքից: «Երեւի մեկ ժամ էլ նստեցինք, եւ ես խնդրեցի Սամվելին տուն գնալ: Զգում էի, որ Սամվելը շատ է լրջացել, ինչ-որ բան է կասկածում, զգում էի նաեւ, որ այդ րոպեին ինչ անում եմ, նրա մեջ կասկած է առաջացնում: Վերադարձանք տուն, ամբողջ ճանապարհին լուռ էր: Ես էլ չէի կարողանում խոսել»,- պատմում է Էմման:
Հաջորդ օրը Սամվելը տուն է վերադառնում ուշ գիշերին՝ հարբած: «Նա սկսեց ինձ հայհոյել եւ ապտակեց: Շատ զայրացած էր, գերադասեցի լռել՝ հաշվի առնելով նրա հարբած վիճակը եւ գնացի քնելու»,- ասում է Էմման: Առավոտյան, երբ Էմման արթնանում է, Սամվելն արդեն տանը չէր: Կեսօրին Սամվելը տուն է վերադառնում: «Ես զարմացած նրան հարցրի, թե ինչու է այդքան շուտ տուն եկել, իսկ նա ինձ այնպես հարվածեց, որ ընկա գետնին, սկսեց ոտքերով հարվածել՝ ասելով. «Չէի՞ր սպասում, էս տուն քո սիրածներին ես ընդունում»: Չէի հասկանում՝ ինչ է ասում, միայն լաց էի լինում»,- պատմում է Էմման: Նա ցանկանում է ինչ-որ մեկին պատմել Սամվելի պահվածքի մասին՝ տան դուռը փակված է լինում, իսկ իր բանալին չի կարողանում գտնել: «Բարկացա, սկսեցի ուժեղ հարվածել դռանը, դռան արանքներից լուցկու հատիկներ ընկան, ուշադրություն չդարձրի, ուժասպառ ընկա գետնին ու սկսեցի լացել՝ անիծելով իմ բախտը»,- հիշում է Էմման: Երեկոյան տուն մտնելիս Սամվելը գետնին տեսնում է լուցկու հատիկները եւ սկսում է հարվածել Էմմային՝ գոռալով. «Էդ ո՞ւր էիր ուզում գնալ, սիրածիդ մո՞տ»: «Լուցկիների նշանակությունը հասկացա,- ասում է Էմման՝ շարունակելով,- ես ընկել էի նրա ոտքերը, խնդրում էի՝ բացատրեր, թե ինչու է ինձ հետ այդպես վարվում: Նա սկսեց բղավել ինձ վրա… հասկացա»:
Վերը նշված հավաքույթի օրը Սամվելը նոր հայտնված հյուրի եւ իր կնոջ միջեւ ինչ-որ կապ էր նկատել: Կասկածի որդն սկսել էր կրծել նրա հոգին: Հաջորդ օրը շտապել էր իր այն բարեկամի մոտ, ով կազմակերպել էր հավաքույթը, նրան ստիպել էր պատմել Էմմայի եւ անծանոթ հյուրի կապի մասին: Պարզել էր, որ Էմման մինչ իր հետ հանդիպելը՝ սիրում էր այդ անծանոթին, ով տարիքով բավական մեծ էր Էմմայից: Բայց Էմման պարզում է, որ այդ տղամարդը ամուսնացած է եւ հեռանում է նրանից: «Սկսեցի երդվել, որ ես այդ տղամարդու հետ այլեւս ոչ մի կապ չունեմ, որ ես իրեն եմ սիրում, բայց իզուր…»: Սամվելը կնոջը փակի տակ էր պահում, դռների եւ պատուհանների արանքներում լուցկու հատիկներ էր դնում, որ իմանա՝ արդյոք իր բացակայության ժամանակ Էմման փորձե՞լ է դուռը բացել կամ էլ պատուհանից նայել: «Ոչ ոքի հետ շփվելու իրավունք չունեի: Չնայած առիթի դեպքում էլ չէի համարձակվում ինչ-որ մեկին բան ասել: Նա ծեծում էր ինձ առանց որեւէ պատճառի»,- պատմում է Էմման: Ամուսնությունից չորս տարի հետո ծնվում է նրանց առաջնեկը: «Մտածում էի՝ երեխայի ծնվելուց հետո կփոխվի ամեն ինչ, բայց նրա հիվանդագին խանդը եւ անվստահությունը թույլ չտվեցին մեզ ապրել նույնիսկ երկրորդ երեխայից հետո»,- ասում է Էմման: Ըստ նրա, իր կյանքում ամեն ինչ պետք է նա փոխեր, բայց ամենասկզբից: «Սկզբից ամաչում էի, հետո էլ վախենում, հիմա էլ զղջում եմ…»,- ասում է Էմման եւ շարունակում ապրել Սամվելի հետ:
…«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ն կանանց իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում: Ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանն իր խոսքում նշեց, որ հիմա, ի տարբերություն նախորդ տարիների, կանայք առավել համարձակ են դարձել եւ փորձում են պաշտպանել իրենց իրավունքները: «Պարզ է, որ շատ ավելի քիչ են մեզ դիմում, քան իրականում կան նման դեպքեր: Ինձ թվում է՝ դա եւ վախից է, եւ ավանդական նախապաշարմունքներից, եւ անվստահությունից՝ այն կառույցների հանդեպ, որոնք զբաղվում են նման գործերով»,- ասում է Տաթեւիկ Աղաբեկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել