Եվ դա, ըստ Կարինե Պետրոսյանի, սարսափելի է
1994 թվականն էր: Կարինե Պետրոսյանը եւ Էդմոնդ Սարգսյանը (անունները փոխված են) ծանոթացել էին իրենց ընդհանուր ընկերուհու միջոցով: Ծանոթությունից օրեր անց Կարինեն տեղի էր տվել ընկերուհու հորդորներին՝ համաձայնելով հանդիպել Էդմոնդի հետ. «Առաջին իսկ հանդիպումից Էդմոնդը ինձ դուր էր եկել: Նա շատ կիրթ եւ հետաքրքիր անձնավորություն էր: Միակ բանը, որ ինձ դուր չէր գալիս Էդմոնդի մեջ՝ նրա չափից դուրս կանացի շարժուձեւն էր, սակայն ընկերուհիս ինձ շտապել էր հանգստացնել՝ ասելով, որ դաշնակահարների (ընկերուհիս եւ Էդմոնդը համակուրսեցիներ էին եւ երկուսն էլ դաշնակահար) շրջանում դա հաճախակի հանդիպող երեւույթ է»: Մի քանի ամիս շփվելուց հետո Էդմոնդը Կարինեին ամուսնության առաջարկություն էր արել: Կարինեն ընդունել էր առաջարկը. «Առաջինը մեծ դեր էր խաղում այն, որ ողջ կյանքիս ընթացքում տեսել էի, թե ինչպես էին ծնողներս տառապում եղբորս անհանգիստ բնավորության եւ վարքագծի պատճառով, եւ ինձ համար կայացրել էի որոշում, որ իմ կողքի տղամարդը պետք է լինի հանգիստ եւ «խաղաղ» բնավորության տեր մարդ, իսկ Էդմոնդը հենց այդպիսին էր»:
Ամուսնությունից հետո նորապսակները բնակվում էին Էդմոնդի ծնողների հետ, 2 ամիս անց Կարինեն հղիացել էր եւ ամեն ինչ կշարունակվեր ընթանալ նույնքան հարթ, եթե Էդմոնդը օրերից մի օր Կարինեին չտաներ իր ընկերների հետ ծանոթացնելու. «Հենց առաջին իսկ վայրկյանից Էդմոնդի ընկերները ինձ դուր չեկան: Նրանք ոչ միայն կանանց հատուկ շարժուձեւ ունեին, այլեւ նման էին համասեռամոլների, նույնիսկ միմյանց սեռական պատկանելության վերաբերյալ անպարկեշտ հումորներ էին անում: Դեռ տուն չհասած՝ խնդրեցի Էդմոնդին նրանց հետ այլեւս չշփվել, նա չառարկեց, սակայն խնդրեց, որ այդ հանդիպման մասին ծնողներին ոչինչ չասեմ, բնականաբար, դա ինձ տարօրինակ թվաց, սակայն Էդմոնդը վստահեցրեց, թե պատճառն այն է, որ իր ծնողները նույնպես չէին համակրում իր այդ ընկերներին»:
Այդ դեպքից հետո Կարինեն սկսել էր ամուսնու հաճախակի բացակայություններին ավելի շատ ուշադրություն դարձնել. «Ինքս էլ չէի կարողանում բացատրել, թե ինչու, բայց Էդմոնդի ընկերներին հանդիպելուց հետո մեջս նրան լրտեսելու ցանկություն էր առաջացել: Մի օր, երբ Էդմոնդը տնից դուրս եկավ, առանց հագուստս փոխելու գնացի նրա հետեւից: Էդմոնդի վերջին կանգառը եղավ հենց այն նույն ընկերներից մեկի բնակարանը, ուր օրեր առաջ տարել էր ինձ: Հազիվ զսպելով վրդովմունքս՝ մի 20 րոպե մնացի շենքի առաջ, ապա բարձրացա նրա ընկերոջ բնակարան: Դուռը բացեց ամուսնուս ընկերներից մեկը՝ սրբիչով փաթաթված: Բնականաբար, մտածեցի, որ կանանց հետ են, սակայն, ի զարմանս ինձ, բնակարանում միայն կիսամերկ տղամարդիկ էին: Առանց որեւէ բառ ասելու եկա տուն, Էդմոնդն էլ հետեւիցս եկավ: Հենց ծնողների ներկայությամբ էլ իմ զգեստներից մեկը նետեցի նրա վրա՝ ասելով, որ կարող է հագնել: Այդ վայրկյանին սկեսուրս սկսեց լաց լինել՝ ասելով Էդմոնդին, որ նա իրենց կրկին խայտառակել է: Այսինքն՝ նրանք շատ լավ էլ տեղեկացված էին»:
Վերադառնալով հայրական տուն, Կարինեն որոշեց ընդհատել հղիությունը, սակայն իր այցելած բոլոր բժիշկներն էլ հրաժարվեցին միջամտել հղիության 5-րդ ամսում. «Չգիտեի ինչպես վարվել, հայրս ինձ հանգստացնում էր՝ ասելով, որ միասին կմեծացնենք երեխայիս, սակայն ես ամաչում էի նայել մարդկանց աչքերի մեջ, եւ այդ ժամանակ փրկության պես մի բան էր ընկերուհուս հետ արտերկիր մեկնելու առաջարկը (նա արդեն այնտեղ էր ապրում եւ աշխատում): Պետք է աշխատեի խմորեղենի արտադրամասում: Մեկնեցի եւ չփոշմանեցի: Այնտեղ ես ունեցա իմ աղջկան՝ Աննային եւ հանդիպեցի ազգությամբ հայ մի տղամարդու: Այսօր գոհ եմ կյանքիցս եւ աշխատում եմ չհիշել անցյալը, սակայն միաժամանակ պատմել եմ աղջկաս, թե ինչու եմ բաժանվել իր հորից եւ ինչու չեմ ցանկանում, որ նա շփվի իր հոր եւ նրա ընտանիքի հետ: Յուրաքանչյուր կնոջ համար սեփական ամուսնուն ուրիշ տղամարդու գրկում տեսնելուց ավելի վատ բան չկա»: