Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նույնիսկ Xerox-ը կարող է լինել չբերության պատճառ

Մարտ 27,2010 00:00

Մասնագետների գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում  չբերությամբ տառապող երիտասարդների թիվն ավելացել է:

«Մոտավորապես 4 տարի երեխա չէինք ունենում: Սկզբնական շրջանում մտքովս չէր էլ անցնում, որ պատճառը ես եմ: Եթե այդ մասին չպատմեր ամուսնուս բժիշկ ընկերը, մինչ օրս չէի էլ իմանա: Պատճառը հորմոնալ խանգարումներն էին: Դա էլ՝ օրական 5-6 ժամ պարային դահլիճում անցկացնելու հետեւանքն էր: Մասնագիտությամբ բալետի պարուհի եմ»,- պատմում է 28-ամյա Անահիտը:
Նա հազարավոր կանանցից մեկն է, ով տառապել է չբերությամբ: Այդ կանանցից շատերը, չիմանալով հնարավոր պատճառների եւ դրանց բուժման մասին, շարունակում են կարծել, որ իրենց խնդիրներն անլուծելի են: Այս հիվանդության մասին տեղեկություններ ստանալու համար դիմեցի «Մալաթիա» բժշկական կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի բաժնի բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ալեքսանյանին:
Ըստ նրա, չբերության պատճառները բազմաթիվ են: Ամենատարածված պատճառը սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից առաջացած հիվանդություններն են: Երբ կանայք վարակվում են ինֆեկցիաներով, տեղի է ունենում արգանդի փողերի եւ ձվարանների բորբոքում, նաեւ փոքր ժամկետի հղիությունների վիժում: Այս պատճառով առաջացած չբերությունը, սակայն, բուժման ենթակա է: Որոշ դեպքերում էլ, երբ կինը չի կարող հղիանալ, կատարում են արհեստական բեղմնավորում: Այս ճանապարհով ծնված երեխան լինում է առանց արատների: Սակայն, ամեն դեպքում, բնական ճանապարհով ծնվածի համեմատությամբ՝ նա կարող է ունենալ թերություններ՝ իմունիտետը կարող է թույլ լինել, նյարդային խանգարումներ ունենալ:
Չբերության երկրորդ պատճառը հորմոնալ խանգարումներն են: Այս դեպքում կնոջ օրգանիզմում հորմոնները կամ նորմալ քանակով  չեն արտադրվում, կամ էլ արտադրվում են ոչ ճիշտ հարաբերակցությամբ: Սրա հետեւանքով ձվազատում տեղի չի ունենում, եւ կինը դառնում է չբեր: Այսպիսի խանգարումների համար նշանակվում են դեղեր: Կնոջ  հորմոնների մակարդակը կարգավորվում է, եւ նա հղիանում է:
Կան նաեւ չբերության այլ պատճառներ: Օրինակ՝ կապված առաջին հղիության արհեստական ընդհատման հետ, այսինքն՝ աբորտի: Երբ առաջին երեխային ինչ-ինչ պատճառներով չեն ուզում ունենալ եւ ազատվում են նրանից, արդյունքում արգանդի լորձաթաղանթը վնասվում է եւ հաջորդ հղիությունների ժամանակ բեղմնավորված ձվաբջիջը  չի կարողանում արգանդի լորձաթաղանթին ամրանալ: Կան նաեւ արգանդի, փողերի, ձվարանների զարգացման արատներ: Դա էլ մի մեծ խումբ է, որի պատճառով կինը լինում է չբեր:
Բժշկի հավաստմամբ, վերջին տարիներին տարբեր պատճառներով առաջացած չբերության խնդիրներ ունեցող աղջիկների, կանանց, նաեւ տղամարդկանց թիվն ավելացել է: Դա հիմնականում կապված է ոչ ճիշտ սնվելու, նաեւ ծանրաբեռնվածության հետ: «Մեր ուտելիքի գերակշռող մասն արհեստական է: Մսամթերքի մեջ կան մեծ թվով հորմոններ: Հավերին, խոզերին, տավարին տալիս են մեծ քանակի հորմոններ, որպեսզի քաշն ավելացնեն, եւ դրանց մսի մեջ ավելորդ հորմոնների թիվը շատանում է: Նաեւ օգտագործում են մեծ քանակի թունաքիմիկատներ: Դրանք ազդում են եւ կնոջ, եւ տղամարդու վրա,- ասում է բժիշկը եւ ավելացնում,- ցանկալի է, որ ապագա ծնողները (թե կանայք, թե տղամարդիկ) զերծ մնան  թունավոր մետաղների, քիմիկատների հետ շփումներից եւ ճառագայթումից: Պետք չէ, որ երիտասարդ աղջիկը, օրինակ, աշխատի ռենտգեն կաբինետում, որտեղ ճառագայթման մակարդակը բարձր է: Ապագա մայրերը չպետք է աշխատեն տպարաններում, պատճենահանման (xerox) կաբինետներում, քանի որ տպագրական նյութի մեջ արճիճ կա, որը բերում է չբերության»:
Նշեցինք պատճառները: Իսկ բուժո՞ւմը… Արդյո՞ք այն մատչելի է բոլորին: Ծննդաբերությունը մեր հանրապետությունում անվճար է, սակայն չբերության բուժումը՝ վճարովի: Մեր կենտրոնական կլինիկաներում կինը (տղամարդը) պետք է մոտավորապես 200 դոլարին համարժեք դրամ ունենա, որպեսզի սկզբնական շրջանում կարողանա հետազոտվել եւ  բուժվել: Իսկ եթե թեթեւ բարդություններ լինեն, ապա դրա բուժումն արդեն կարժենա 500-1000 եւ ավելի դոլարին համարժեք դրամ:
«Հետեւելով բժշկի խորհրդին՝ հրաժարվեցի բալետից: Մի քանի ամիս ընդունեցի նրա նշանակած դեղերը, եւ հորմոնների մակարդակը կարգավորվեց: Հիմա արդեն 2 ամսական հղիություն ունեմ ու շատ երջանիկ եմ»,- խոստովանեց Անահիտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել