Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

69 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԼՆ ԱՆՁԵՌՆՄԵԼԻ է

Մարտ 27,2010 00:00

Սյունիքի մարզի Սվարանց գյուղի 98-ամյա բնակչուհի Սաթենիկ Հակոբյանը հիշողությունից չի բողոքում, բայց շատ հիշելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ անհրաժեշտություն: Միակ օրը, որ երբեք չի մոռանա, իր առաջին եւ վերջին երջանիկ մարտի 8-ն էր:
1941 թիվն էր: Երիտասարդ աղջիկն արդեն ամուսնացել էր եւ առաջնեկին էր սպասում: Ամուսինն էլ պատրաստվում էր բանակ գնալ: «Հենց այդ մարտի 8-ին եկավ, ասաց՝ արի գնանք խանութ: Վեր կացանք, գնացինք: Ինձ համար մի սիրուն շալ առավ, գցեց ուսերիս: Ասաց՝ այ կնիկ, լավ կպահես մինչեւ գամ, էս էլ թող ինձանից քեզ հուշ մնա: Էդ էլ իմ նվերն է»,- պատմում է նա: Մեկ ամիս հետո անդրանիկ որդին ծնվեց, որից մի քանի ամիս հետո էլ ամուսինը՝ Եսային գնաց Հայրենական պատերազմ: 1945-ին վերադարձավ, բայց արդեն մի ոտքով: Հետո ծնվեցին մնացած վեց որդիները: Յոթ երեխա, ամուսինն էլ՝ պատերազմի առաջին կարգի հաշմանդամ: Եվ չնայած ընտանիքի ողջ հոգսը իր ուսերին էր՝ նա երբեք չէր հուսահատվում, որովհետեւ ամուսինը կողքին էր: Բայց երբ Եսային մահացավ, Սաթենիկի համար կյանքն անիմաստ դարձավ: Ճիշտ է, յոթ տղա ունի, բայց ամուսնու կորստի հետ մինչեւ հիմա չի համակերպվել: Եվ թեկուզ ամեն տարի էլ գարուն է գալիս եւ մարտի 8 բերում, միեւնույն է, նա միայն այն մեկն է հիշում: Ուրիշ նվերներ էլ է ստացել, բայց հիշողության մեջ միայն իր շալն է մնացել: Սաթենիկ տատի մինչեւ այսօր խնամքով փայփայած շալն արդեն 69 տարեկան է. մեծ որդու տարիքին: Միայն ինքն է օգտագործում, թոռներն էլ՝ հատուկ թույլտվությամբ: Իսկ հարսներին այդ շալը կրելը խստիվ արգելված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել