Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բաղչալու» մատանի, չեխական «խռուստալ» ու «Սվարովսկի»

Մարտ 27,2010 00:00

Այսպես են «հարգում» պարտատերերը Քնար տատին

«Բալես, տեսնո՞ւմ ես էս լոբով ցեպս, էս թաղի լավ տղերքի նվերն ա, ես իրանց նեղին եմ հասնում՝ տոկոսով, պարտքով փող տալիս, իրանք էլ, դե տակ մնացող տղերք չեն՝ տատիին տեղը տեղին նայում են»,- ասում է տոկոսով գումար տվող Քնար տատը (անունը փոխված է):
Իհարկե, նրա նշած «լոբով ցեպը» լոբով ճաշի հետ ոչ մի առնչություն չունի, տատը նկատի ուներ իր ժամանակվա մոդայիկ «լոբի» վզնոցները: Բայց սա դեռ ամենը չէ, հատկապես տոներին՝ Մարտի 8, Ապրիլի 7, Նոր տարի՝ վերոհիշյալ «լավ տղերքը» տատիին բերում են «բաղչալու» մատանի, չեխական «խրուստալ» ու նույնիսկ, ինչպես հավաստիացնում է տատը՝ «Սվարովսկի»: Իսկ թե որն է տատի հաջողության գաղտնիքը, ձեռքը գլխին տալով պատասխանում է՝ «Ստեղ, ստեղ ա սաղ հաջողության գաղտնիքը»:
«Արդեն 15 տարի էս գործով եմ զբաղվում, հենց 15 տարի առաջ էլ ամուսինս մահացավ, տունը հետ գցած փող կար, մտածեցի՝ հո էս փողը գյոռս չեմ տանելու, մի օր էլ խալխը մտնի, մաքրի-տանի: Ասի՝ չէ, ավելի լավ ա էս փողը տոկոսով տամ ու էդ օրվանից տալիս, հա տալիս եմ»,- ասում է իմ զրուցակիցը:
Ինչպես բանակայիններն են ասում. «Մեկ անգամ ավլեցիր՝ հա պետք է ավլես», տատն էլ նմանատիպ մի բան է ասում՝ տոկոսով գումար տալու հետ կապված. «Մի անգամ տվեցիր, հա պիտի տաս»: Իսկ թե ինչո՞ւ հենց այդպես, տատը պարզաբանում է. «Սովորում ես նստած տեղդ փող աշխատելուն, օդից փող ա՝ ինչ վատա: Էս էլ նարկոտիկի պես բան ա՝ սովորեցիր դրան, էլ չես կարա պոկվես: Հետո էլ արդեն տեղդ իմանում են ու գալա, որ գալիս են»:
Եկողներին՝ ամեն մեկին էլ չի տալիս, պետք է համոզվի՝ վստահելի՞ մարդ է, թե՞ ոչ, ի՞նչ գործի համար է եւ ո՞վ է ուղարկել: «Ում տալիս եմ՝ բոլորն էլ լուրջ տղերք են, լուրջ գործի համար են ուզում: Հետո իրանք էլ իրանց ծանոթներին են իմ մոտ ուղարկում ու տենց մեկը մյուսի ետեւից կլիենտ եմ կպցնում՝ փող ա ֆռում»:
Հենց այդպես էլ «փող ֆռցնելով» տատը երկու թոռանը հասցրել է դասավորել պետական համալսարան. մեկին՝ իրավաբանական, մյուսին՝ միջազգային: Այնպես որ, թոռները գործի դասավորվելու հարցում էլ կարող են ապահով լինել: Քնար տատը 65 տարեկան է, բայց, ինչպես ինքն է ասում՝ չի կարող պարապ նստել եւ որեւիցե գործ չձեռնարկել: Արյունը եռում է՝ հիմա էլ իր երկու տներն է տվել վարձով՝ երկուսի համար 3000 դոլար պահանջելով:
«Չնայած նեղվում եմ, որ գյոզալ տներս տվել եմ էս «Ջոմոնգներին» ու տեղափոխվել, վարձով եմ ապրում, բայց ոչինչ, էս փողով մարդուս գերեզմանի կողքը իմն էլ սարքեմ, մի հատ էլ կողքը բեսեդկա՝ էլ բան չեմ ուզի, թոռներս կգան, կնստեն, իրանց տատին կհիշեն, երկու լավ բառ էլ կասեն, կգնան»,- ասում է Քնար տատը: Նրա բիզնեսը բարգավաճում է, հիմա էլ «Ջոմոնգներին» է տոկոսով գումար տալիս: «Ջոմոնգները» տատի տան կորեացի կենվորներն են, մեկի անունը՝ Չոուի, մյուսինը՝ Մոնգ, որոնց տատը կոչում է՝ «Ջո Մոնգ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել