Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄՈՒՐԱԶԴ ՓՈՐԴ ՄՆԱ, ՊԱՆԻՐՍ ՓՈՐԴ ՉԳՆԱ»

Մարտ 27,2010 00:00

Հայաստանում ապրում են այծիկներ՝ Նիֆ-նիֆ, Նաֆ-նաֆ եւ Նուֆ-նուֆ անուններով

Կայարանի շուկայում, իր սեղանի մոտ կանգնած մի տատի գոռում է՝ «պանիր, այծի պանիր»: Նրա սեղանի կողքով անցավ մի կին՝ ասելով. «Փիֆ, էս ինչ էլ հոտ ունի»: Տատիկը չափազանց վրդովված իր պանրի նկատմամբ հնչած արգահատանքից, պատասխանեց՝ «Փիֆը քեզ լինի, մուրազդ փորդ մնա, պանիրս փորդ չգնա»: Սիրանուշ տատը, որին թե Մաստարա գյուղում, թե շուկայում անվանում են «Կուկու», արդեն վեց տարի այստեղ պանիր է վաճառում:
65-ամյա «Կուկուն», ով երիտասարդ տարիներին իրենց գյուղի ամենագեղեցիկ աղջիկն էր, այսօր, ինչպես ինքն է ասում, այդ «Կուկուից» այլեւս բան չի մնացել: «Էս ձեռքերս տախտակ են դառել պանիրը աղաջուրը մտցնելով, հանելով: Վախտին էնքան փափուկ ու նուրբ էին, որ հարեւան Ճեգլեդի Սաքոն մի անգամ ձեռքս պաչեց, ասեց, որ ձեռք չի, շաքար-բամբակ է: Էդ պաչելուց հետո էլ, ամոթից ու խայտառակությունից պրծնելու համար, նշանվեցի էդ դժբախտի հետ, էսօր ինքը տունը դիվան ա քշում, ես էլ ստեղ կանգնած պանիրս եմ ծախում»,- պատմում է Սիրանուշ տատը:
Իր սեղանի վրա շարված բազմաձեւ ու բազմահոտ պանիրներին մարդու պես է վերաբերվում, խոսում նրանց հետ՝ ասելով. «Պանրիկ ջան, մի հատ էս անցողին աչքով արա, գան տանեն քեզ քո բախտին, ես էլ մի կոպեկ փող աշխատեմ՝ էն անբանին պահեմ»:
Դե, էլ ում պահի «Կուկուն», իր ամուսնուց բացի՝ լավն է, թե վատը, ոչ ոք չունի: Ժամանակին երեխաներ չի կարողացել ունենալ, ինչպես ինքն է ասում. «Կիսուրս էնքան էր անիծում, ասում էր տղուն, թե երեխա չի կարա բերի, սիրունությանը խաբվար, հորն ու մոր տունը տար: Վայ, չորանար քո մոր արգանդը՝ քեզ չունենար»:
Երեք այծ է պահում, որոնց իր երեխաների պես է սիրում: Չնայած այծ են, չգիտես ինչու, անվանել է խոզուկների անունով՝ Նիֆ-նիֆ, Նաֆ-նաֆ, Նուֆ-նուֆ:
«Երեխեքս ինձ օգնում են փող աշխատեմ, վախտին Սաքոն էլի «Զիլ» էր քշում, հիմա տան ապրուստը իմ ուսերին ա»,- ասում է նա:
Իր այծերի հետ շատ ջերմ է վարվում՝ ժամանակին տանում արտ՝ կերակրում, ժամանակին կթում՝ հետն էլ ասելով. «Երեխեք ջան, տեսեք Նիֆ-նիֆս էսօր քանի լիտր կաթ ա տվել, տեսեք՝ ամաչեք, է»:
Արդեն վեց տարի, այսպես ասած, պանրի բիզնեսով զբաղվող «Կուկուն» ունի պանիր պատրաստելու իր գաղտնիքները, որոնք չցանկացավ բացահայտել, միայն ասաց. «Իմացի, բալես, վաղը մյուս օրը տան կնիկ ես դառնալու՝ կաթը պիտի տաքացնես, որ գոլ լինի, վրեն լցնում էս մերանը, տաք շորով փաթաթում, մի փոքր թողնում տենց մնա: Մի ժամ մնում է, սիճուկը անջատվում է, էդ էլ լցնում էս քամիչի մեջ ու քո ուզած ձեւը տալիս»:
Այծի պանիր այսօր շատ քչերն են վաճառում, ինչպես որ տատն է ասում՝ այծ պահող գյուղում շատ քիչ կա: Ոչխարի պանիրն արժե 1200-1400 դրամ, դե, իսկ այծի պանիրը, ինչպես ասում է «Կուկուն», չճարվող է, հետեւապես ավելի թանկ պետք է լինի: Պանրի գինը 1800 դրամ է դրել եւ հետն էլ մեծ զեղչեր է անում:
Հարեւան վաճառականները սիրում եւ հարգում են նրան: «Շատ բաց ձեռք կին է «Կուկուն», վախտ է լինում՝ մանր չեմ ունենում, տալիս է ու էլ ինչ անում եմ՝ հետ չի վերցնում»,- ասում է կարտոֆիլ վաճառող Հռիփսիկը:
«Թող առնեն, տանեն, անուշ անեն, մենակ թե էդ «փիֆը» չասեն, «փիֆ» չկա, իմ պանիրս դուխի է, դուխի»,- ասում «Կուկուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել