Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ կինը դառնում է կոշկակար

Մարտ 27,2010 00:00

«Կինը նուրբ էակ է, նա պետք է միշտ տանը լինի՝ իր ընտանիքի կողքին»,- ասում է Արարատ քաղաքի միակ կին կոշկակար, 32-ամյա Լենա Դովլաթյանը:
Մանկուց սիրելով տղամարդու աշխատանք՝ Լենան ուշադիր հետեւում էր կոշկակար ամուսնու աշխատանքին եւ առանց ամուսնու իմացության՝ դասեր առնում նրանից: Մի օր էլ Լենայի կողակիցն անակնկալի եկավ: «Առաջին անգամ, առանց ամուսնուս իմացության, վերանորոգել եմ նրա ընկերոջ կոշիկը: Նա էլ ամուսնուս ասել է. «Կինդ լավ էլ կոշիկի գործ է անում»: Իհարկե, ամուսինս զարմացել է եւ խնդրել է կոշիկը ցուց տալ»: Ամուսնու գնահատականը կնոջ արած գործին եղել է՝ գերազանց: Հիմա Լենան ինքն է կոշիկի վերանորոգման սրահի տերն ու տիրականը: «Այն գործը, որը ժողովրդի հետ շփումից է կախված, մեծ նյարդեր է պահանջում, իսկ ամուսինս հիվանդ է, այդ պատճառով էլ ես սկսեցի նրա գործն անել»,- ասում է Լենան: Նա կարծում է, որ ընտանիքում բոլորը պետք է «իրար թիկունք կանգնեն», լինեն առավել հոգատար դժվար պահերին:
«Լենայի տարածք» առաջին անգամ ոտք դնողները միշտ զարմանում են՝ կին կոշկակար տեսնելով: «Որ իմանում են ես եմ կոշկակարը, հաճախ նույնիսկ թերահավատորեն են վերաբերվում իմ աշխատանքին: Բայց գործը վերջացնելուց հետո նրանց դեմքի արտահայտությունից զգում եմ, որ գոհ են իմ արած գործից»: Լենայի խոսքերով, հաճախորդների պակաս նա չի զգում, նրա այցելուները միայն Արարատ քաղաքից չեն: «Ես հաճախորդ ունեմ նաեւ Էջմիածին քաղաքից: Նա գալիս է այստեղ՝ իր եղբոր տուն, հետն էլ բերում է վնասված կոշիկներ, որ ես վերանորոգեմ»,- պատմում է Լենան: Նա կարծում է նաեւ, որ շատ-շատերը իր «կոշկակարանոց» են գալիս հետաքրքրությունից մղված:
 Կոշկակար Լենան, սիրելով իր գործը, մտադիր չէ միշտ դրանով զբաղվել: «Երկու դուստրերս ուզում են, որ թողնեմ աշխատանքս: Ես նրանց խոսք եմ տվել, որ երբ մի քիչ էլ ընտանեկան վիճակը լավանա, ուրիշ գործով կզբաղվեմ»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել