Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աշխատում եմ՝ չաշխատել»

Մարտ 27,2010 00:00

Էրգոֆոբիայով հիվանդ մարդիկ վստահ են՝ «Ինչ գործ էլ բռնեմ՝ ձախողվելու եմ»

38-ամյա Հովհաննեսը արդեն տասը տարի է, ինչ չի աշխատում՝ ապրելով իր կնոջ՝ Նունեի հաշվին: Թեեւ այսօր աշխատանք գտնելը դժվար է, մանավանդ՝ լավ աշխատանք գտնելու համար «լավ ծանոթ» է անհրաժեշտ, բայց Հովհաննեսի չաշխատելու պատճառը ոչ թե աշխատանք չգտնելն է կամ ծանոթ չունենալը, այլ ցանկության բացակայությունը: «Ես արդեն համակերպվել եմ նրան, որ ինչ էլ ձեռնարկեմ կամ ինչ աշխատանքի էլ տեղավորվեմ՝ չի ստացվելու, ինչ որ ես անում եմ՝ ձախողվում է: Հոգնել եմ ձախողակ լինելուց, «ձախողակ» աշխատելուց, դրա համար էլ չեմ աշխատում: Իսկ երբ հարցնում են՝ ինչո՞ւ չես աշխատում, պատասխանում եմ՝ ինչպե՞ս թե չեմ աշխատում, ես էլ աշխատում եմ՝ չաշխատել»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Հովհաննեսը:
Իր կյանքի 38 տարիների ընթացքում Հովհաննեսը աշխատել է ընդամենը 6 տարի՝ ընդ որում 6 տարվա ընթացքում 6 անգամ աշխատանքի վայր է փոխել: Պոլիտեխնիկ ինստիտուտն ավարտած, մասնագիտությամբ շինարար Հովհաննեսի խնդիրը, ինչպես ասում է կինը, այն է, որ նա պարզապես շատ բարդ բնավորություն ունի, շեֆերի հետ յոլա չէր կարողանում գնալ, ընդհանրապես դժվար է մարդկանց հետ լեզու գտնում՝ դրա համար էլ ընկերներ գրեթե չունի: Իսկ չաշխատելու պատճառն այն է, որ սարսափելի վախ ունի աշխատելու նկատմամբ: Եղել են դեպքեր, երբ աշխատանքային առաջին օրը ուժեղ գլխապտույտ կամ սրտխառնոց է ունեցել:
Իսկ Հովհաննեսը համոզված է, որ տատի անեծքներն են իր գործազրկության, անհաջողությունների պատճառը՝ «Պապի անունը վրեն ա՝ արդեն անհաջողակ ա»: Իսկ կինը՝ Նունեն, վստահությամբ պնդում է, որ Հովհաննեսը պարզապես տառապում է հիվանդության մի տեսակով, որը կոչվում է էրգոֆոբիա: Կամ էլ նա պարզապես ծույլիկ է:
«Գոյություն ունեն ֆոբիաների հազարից ավելի տեսակներ: Ֆոբիան ոչ թե պարզապես ինչ-որ բանի հանդեպ վախն է, այլ վախի բարդացված տեսակը, այն հիվանդություն է, որ պարտադիր բուժման կարիք ունի եւ ֆոբիայով տառապող մարդիկ ավելի շուտ ոչ թե հոգեբանի կարիք ունեն, այլ հոգեբույժի: Այն բուժվում է ֆիզոթերապիաներով, իսկ ավելի բարդացված դեպքերում՝ դեղորայքով: Ինչ վերաբերում է էրգոֆոբիային՝ վախ որեւէ գործ ձեռնարկելուց կամ աշխատելուց, այն ավելի քիչ է ուսումնասիրված ֆոբիագիտության մեջ, ըստ իս, սա ավելի շուտ վախ է, քան ֆոբիա՝ հիվանդություն: Այսպիսի մարդիկ պարզապես հոգեբանի կարիք ունեն»,- ասում է «Ապագա» հոգեբանական կենտրոնի հոգեբան Արմեն Բեջանյանը:
Եվ եթե շատ կանայք Նունեի տեղը հայտնվելով կգանգատվեին՝ «Հերիք ա տունը նստած դիվան քշես, գնա գոնե տաքսի քշի», Նունեն՝ չնայած հարեւանների ու բարեկամների խոցող հարցերին՝ ամուսնու գործազրկության հետ կապված, համակերպվել է տղամարդ կնոջ իր կերպարին, ամուսինն էլ՝ հակառակը: «Երբեք Հովոյիս հետ չեմ վիճել իր աշխատել-չաշխատելու հետ կապված: Ինձ ամենեւին չի հուզում, թե ինչ են խոսում մարդիկ, մենք սիրում ենք իրար, հասկանում, օգնում իրար ամեն հարցում: Ես տանը չեմ լինում, աշխատում եմ, նա ճաշը եփում է, երեխեքի դասերը սովորեցնում, դպրոց տանում-բերում: Ճիշտ է, շատ եմ խնդրել, համոզել, որ հոգեբանի մոտ գնանք, որ գուցե հոգեբանի խորհուրդները կօգնեն նրան հաղթահարել իր աշխատելու նկատմամբ վախը, բայց նա համառորեն պնդում է, որ ոչ մի հիվանդություն էլ չունի: Բայց իր աշխատանք չունենալը չի խանգարում մեզ լինել երջանիկ: Ամենակարեւորը ինձ համար իր առողջությունն է: Չէ՞ որ ես տեսել եմ, թե ինչ վախով էր նա աշխատանքի գնում, գլխապտույտներ ունենում: Այնպես որ՝ ավելի լավ է չաշխատի, ինձ համար այդպես ավելի հանգիստ կլինի»,- ասում է Նունեն:
Մի խոսքով, տղամարդիկ, ովքեր ցանկություն չունեն աշխատելու, կարող են այսուհետեւ ասել, որ տառապում են էրգոֆոբիայով, միգուցե նրանց կանայք էլ, Նունեի պես սիրելու դեպքում, ընդունեն այդ պատրվակը եւ ամուսնուն ու ընտանիքը պահելու ծանր բեռն իրենց փխրուն ուսերին վերցնեն: Իհարկե՝ ամեն կին Նունե չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել