Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՈ ԿԻՆԸ ՄԻԱՅՆ ԼԱՎ ՕՐՎԱ ՀԱՄԱ՞Ր ՉԷ»

Մարտ 27,2010 00:00

Ասում է 25 տարի անց հայր դարձած Գրիգոր Պետրոսյանը

Գրիգոր Պետրոսյանի եւ Նվարդ Կարապետյանի (անունները փոխված են) սիրավեպը սկսվել էր դպրոցական տարիներից: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո՝ 1985 թվականին, Գրիգորն իր ամուսնանալու որոշմամբ բոլորին անակնկալի էր բերել. «Գիտակցում էի, որ 18 տարեկանում ամուսնանալը խենթություն է, բայց կյանքը միայն մեկ անգամ է տրվում, եւ պետք է անել այն, ինչ սիրտդ է ցանկանում, իսկ այդ պահին սիրտս ցանկանում էր ամեն վայրկյան Նվարդի կողքին լինել»: Ի վերջո, թե Գրիգորի, թե Նվարդի ծնողները տվեցին իրենց համաձայնությունը: Մեկ ամիս անց Գրիգորը եւ Նվարդն արդեն ամուսիններ էին: Իրենց ապրուստը հոգալու համար Գրիգորն աշխատանքի էր անցել գործարաններից մեկում. «Ես եւ կինս ապրում էինք ծնողներիս հետ. թե հայրս, թե մայրս աշխատում էին, ինչի արդյունքում ծախսերն այնքան էլ շատ չէին: Ապրուստից բոլորս էլ գոհ էինք»:
Որոշ ժամանակ անց Նվարդը հղիացել էր: Լուրը, բնականաբար, բոլորի՝ հատկապես Գրիգորի կողմից ընդունվել էր ուրախությամբ: Հղիությունը նորմալ էր ընթանում, սակայն 4-րդ ամսում Գրիգորն ավտովթարի է ենթարկվում: «Թեեւ ավտովթարը ծանր հետեւանքներ չէր թողել, սակայն կինս լուրն իմանալուց հետո՝ նյարդային ապրումների պատճառով, երեխային կորցրեց: Իհարկե, իրենց բացասական դերը խաղացին նաեւ բժիշկները, նրանց՝ «պրոֆեսիոնալ» լինելը»,- հիշում է Գրիգորը: Տարիներ շարունակ Նվարդին հղիանալ չէր հաջողվում: Այցելել էին բոլոր հնարավոր բժիշկներին, սակայն՝ ապարդյուն: Ամուսնության 10-րդ տարեդարձին ընկերներից մեկը Գրիգորին առաջարկում է Մոսկվայում իր հետ միասին աշխատել: Առանց հապաղելու Գրիգորը կնոջ հետ միասին մեկնում է Մոսկվա. «Մտածում էի, որ մինչ ես կաշխատեմ, Նվարդն էլ կայցելի տեղի բժիշկներին: Հետաքրքիրն այն էր, որ նախքան Մոսկվա մեկնելը, բոլորը ինձ խորհուրդ էին տալիս թողնել Նվարդին եւ Մոսկվա գնալն էլ ընդունել որպես հարմար պատրվակ, սակայն ես նրանց ասում էի, որ կինը միայն լավ օրերի համար չէ, եւ ես չեմ կարող նրան այդպես թողնել»: Սակայն ամուսիններին չօգնեցին նույնիսկ Մոսկվայի բժիշկները. Նվարդը, միեւնույն է, չէր հղիանում: Տարիներ անց՝ 2001 թվականին, Պետրոսյան ամուսինները որոշեցին հետեւել բժիշկներից մեկի խորհրդին եւ փորձել երեխա ունենալ փոխնակ մոր միջոցով՝ երբ իրենց կենսաբանական երեխան մեծանում է այլ կնոջ արգանդում: Թեեւ նման «ծառայությունները» շատ թանկ էին, սակայն Գրիգորը որոշեց ընկեր-բարեկամներից նույնիսկ պարտքով գումար խնդրել՝ իրենց երազանքը իրականացնելու համար. «Երեխա ունենալը դարձել էր մեզ համար կարեւորագույն նպատակ, որի համար ոչինչ չէինք խնայում: Քանի որ շատ ընկերներ ունեինք Մոսկվայում, խնդրեցինք նրանց գտնել այնպիսի մի հայ կնոջ (չգիտես ինչու՝ այլ ազգերին այնքան էլ չէինք վստահում), ով կհամաձայներ փոխնակ մայր լինել»:
Ընկերների միջոցով գտան մի կնոջ, ով տվեց իր համաձայնությունը: Թվում էր, թե այս անգամ Պետրոսյանների երազանքը իրականանալու էր, սակայն բժիշկները նրանց զգուշացրին, որ $5000-ով (այդքան էր ծառայության արժեքը) իրենք կարող են փոխնակ մորը հղիացնելու միայն 3 փորձ կատարել. «Փոխնակ մայրը միանգամից հղիացավ, սակայն բարդությունները հետագայում առաջացան: Հենց առաջին իսկ ամսում նա կորցրեց երեխային: Մենք սպառեցինք բոլոր 3 հնարավորություններն էլ եւ մնացինք կոտրված տաշտակի առաջ: Մեկ անգամ եւս նման փորձ կատարելու միջոցներ այլեւս չունեինք»:
2008 թվականին վերադարձան Երեւան: 20 տարի ամուսնացած լինելուց հետո հասկացան, որ ամենից ճիշտը երեխա որդեգրելը կլինի: Սակայն մանկատներ այցելելուց հետո պարզ դարձավ, որ նորածին կամ մի քանի ամսական երեխա որդեգրելու համար պետք է հերթագրվեն եւ տարիներ սպասեն. «Հասկանալով, որ կյանքս անցնում է առանց որեւէ իրական իմաստի, կնոջս ասացի, որ ուզում եմ մեկ այլ կնոջից երեխա ունենալ, սակայն միաժամանակ ցանկանում եմ, որ հենց ինքը հետագայում մեծացնի երեխային: Ի զարմանս ինձ, Նվարդը առաջարկս ընդունեց ուրախությամբ: Եվ այսօր ես ու կինս 5 ամսական Նիկոլայի երջանիկ ծնողներն ենք: Վստահ եմ, որ Նվարդը երեխային սիրում է այնպես, ինչպես կսիրեր իր հարազատ որդուն, չէ՞ որ մենք նրան սպասել ենք 24 տարի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել