Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեմից հիասթափվել չի կարելի»

Մարտ 27,2010 00:00

Ասում է մնջախաղաց Արա Հարությունյանը

– Ինչպե՞ս հայտնվեցիր մնջախաղի ասպարեզում:
– Նախքան մնջախաղին անցնելը՝ ես եղել եմ պարող: Բանակից հետո, պարի ասպարեզում որոշ չափով կայացած, ուզում էի ընդունվել Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մնջախաղի բաժինը, բայց որոշ խնդիրներ առաջացան, եւ ընդունվեցի պարարվեստի բաժինը: Սակայն զուգահեռաբար սկսեցի հետաքրքրվել ու զբաղվել մնջախաղով: Այն, ինչ ես ուզում էի արտահայտել, պարով չէր ստացվում: Պարն ինձ սահմանափակում էր, իսկ մնջախաղը չունի այդ սահմանափակումները:
– Ի՞նչ է մնջախաղը քեզ համար:
– Սկզբում ուղղակի զբաղմունք, բայց հետո զգացի, որ դա ինձ համար ուղղակի զբաղմունք չէ, այլ՝ ապրելակերպ:
– Մնջախաղն ինչ-որ բան փոխե՞ց քո կյանքում:
– Հենց սկսեցի մնջախաղով զբաղվել, կյանքում ամեն ինչ փոխվեց ինձ համար: Նույնիսկ աշխարհայացքս:
– Ինչպե՞ս է ստեղծվել «Միմ» ստուդիոն:
– Մտահղացումն իմն էր: Պարարվեստում շատ ընկերներ ունեի, նրանց առաջարկեցի ստեղծել այդպիսի մի խումբ, նրանք էլ համաձայնեցին: Գաղափարը ծնվեց ու ինքնըստինքյան ստացվեց: Հայաստանում այդպիսի խումբ չկա: «Միմ» ստուդիոն միակն է, որի գեղարվեստական ղեկավարը ես եմ:
– Ինչո՞ւ «Միմ»:
– Որովհետեւ «միմոս» հունարենից թարգմանած նշանակում է մնջախաղաց:
– Ինչո՞ւ են մնջախաղացները դեմքը ներկում սպիտակ գույնով:
– Դա արվում է, որպեսզի դիմախաղն ավելի արտահայտիչ լինի:
– Հաճախ կլոունադան ու մնջախաղը նույնացնում են: Դու ինչպե՞ս ես վերաբերվում դրան:
– Մնջախաղը մի ժանր է, որն ունի տարբեր ճյուղեր, որից մեկն էլ կլոունադան է: Ես մեծ հաճույքով կտրվեի այդ ճյուղին: Կլոուն ասվածն ինձ համար բարձրագույն արվեստներից է, որովհետեւ կլոունը ներսում շատ մեծ հարստություն ունի, բայց դա չի երեւում: Դերասանի համար դա ամենաբարձր աստիճանն է, որ ինքը համարվի կլոուն:
– Երբեւիցե բեմից հիասթափվե՞լ ես:
– Բեմից երբեք չի կարելի հիասթափվել: Բեմը ընդհանուր մի տեղ է, որտեղ բոլորը ելույթ են ունենում: Դա աշխատանքի վայր է: Բայց կարող ես հիասթափվել ինքդ քո արածից: Այդպիսի բան պատահել է: Դա կարող է տարբեր պատճառներ ունենալ. օրը տրամադրող չէր, ինքս պատրաստ չեմ եղել եւ այլն:
– Ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիր, եթե չլինեիր մնջախաղաց:
– Միշտ սիրել եմ բժշկությունը: Երեւի թե բժիշկ կդառնայի:
– Բացի սա՝ ուրիշ աշխատանք ունե՞ս:
– Ստիպված: Կողքից գումար ես վաստակում, որ կարողանաս ապրել:
– Կցանկանայի՞ր, որ երեխաներիցդ մեկը շարունակեր քո արվեստը:
– Կցանկանայի, որ ինձանից լավը լիներ: Եթե տեսնեի, որ իր մեջ կա այդ կարողությունը, այդ հատկությունները, որ հետո չի ափսոսա, դեմ չէի լինի, շատ մեծ հաճույքով կօգնեի:
– Ինչպե՞ս ես համատեղում մնջախաղացի կյանքն ու ընտանիքը:
– Շա՜տ դժվարությամբ, բայց համատեղում եմ: Գիտեմ մի բան. եթե մարդ ցանկություն ունենա՝ կհամատեղի նույնիսկ անհամատեղելին:
– Վերջին ներկայացումդ որտե՞ղ է եղել:
– Վերջինը եղել է Կիեւ քաղաքում: Միջազգային «Ներշնչանք» փառատոնն էր, որին մասնակցում էր ինը երկիր: Մեկնել էի «Միմ» ստուդիոյի հետ: Այնտեղ մեզ շատ լավ ընդունեցին: Կիեւից բերել ենք նաեւ մեդալ, որը հիմա Թատերական ինստիտուտում է պահվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել