Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խաչագողի հիշատակարանում» կա՞ հանցագործի հերոսականացում

Մարտ 27,2010 00:00

«Սկսել եմ աշխատել 80-ական թվականների պես, երբ կար սովետական ցենզուրան: Հիմա շատ ավելի զգույշ եմ աշխատում, քան մինչ չափորոշիչների ընդունումը»,- ասում է կինոռեժիսոր եւ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:

Կարդալով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նոր սահմանած չափորոշիչները՝ մտածեցի, որ դրանք առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ Հրաչ Քեշիշյանի արտադրած ֆիլմերի վրա, քանի որ էրոտիկ դրվագներ պարունակող «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Երեք ընկեր», «Ոչինչ չի մնա» ֆիլմերի ռեժիսորն է: Բայց պարոն Քեշիշյանը համոզված է, որ իր ֆիլմերին հեռարձակվելու արգելք չի սպառնում: «Ես ստեղծագործ մարդ եմ, փորձում եմ չափի մեջ մնալ: Նույնիսկ եթե ֆիլմում նկարահանում եմ էրոտիկ տեսարաններ, աշխատում եմ դա ճաշակով անել եւ որեւէ մեկին չստիպել նողկանք զգալ այդ տեսարանից»,- ասում է ռեժիսորը:
Մայիս ամսին էկրան կբարձրանա Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպը՝ Հրաչ Քեշիշյանի ռեժիսորական լուծումներով: ՀՌԱՀ-ի չափորոշիչներից մեկով չի թույլատրվում հանցագործության քարոզ, հանցագործ անձի հերոսականացում եւ ռոմանտիզացիա: Իսկ վեպի գլխավոր հերոսները՝ Մուրադը, քավոր Պետրոսը խաչագողեր են, հանցագործներ: «Որեւէ հանցագործ ֆիլմում չի հերոսացվել: Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ հայերը հիմա էլ տարբեր երկրներում խաչագողությամբ են զբաղվում: Ֆիլմի նպատակը ոչ թե ցույց տալն է, թե ինչպիսին ենք կամ ինչպիսին ենք եղել, այլ ցույց տալ, որ չի կարելի, պետք չէ այդպես լինել»,- ասում է ֆիլմի ռեժիսորը: Այդ առիթով պարոն Քեշիշյանը մեջբերում է Րաֆֆու միտքը, որի հետ համաձայն է. «Ինչքան կարելի է մեր կեղտը պահել թավշե ծածկոցի տակ»: Իսկ եթե, այնուամենայնիվ, ֆիլմում լինեն չափորոշիչները խախտող դրվագներ, ըստ Հրաչ Քեշիշյանի, կարելի է կրճատումների միջոցով ֆիլմը համապատասխանեցնել հեռուստատեսային ցուցադրմանը (հիմա պատրաստվում է ֆիլմի էկրանային տարբերակը), բովանդակային խախտման դեպքում կարելի է վերանայել՝ ցուցադրե՞լ ֆիլմը հեռուստատեսությամբ, թե՝ ոչ:
Իր ստեղծագործական կյանքի վրա չզգալով որեւէ ճնշում՝ Հրաչ Քեշիշյանը միանգամայն կողմնակից է ՀՌԱՀ-ի չափորոշիչների կիրառմանը՝ համարելով դրանք անհրաժեշտ եւ ճիշտ: «Այս չափորոշիչները եկան ապացուցելու, որ մենք վաղուց մոռացել ենք բարոյականության սահմանները եւ անցել ենք դրանք: Եթե մենք ինքներս չենք կարողանում կարգավորել մեր էթիկական եւ բարոյական նորմերը, ուրեմն պետությունը պետք է խառնվի»,- ասում է Հրաչ Քեշիշյանը: Նա նաեւ կարծում է, որ չափորոշիչներն առավել շատ վերաբերում են պարբերականություն ունեցող հաղորդումներին եւ հեռուստասերիալներին, «որոնք վտանգավոր տենդենցի են բերում»: «Չեմ կարծում՝ մնացած այլ հաղորդումներում պետք է չափը անցնել: Չափորոշիչները դրանց էլ են վերաբերում, բայց դրանք հիմնականում չափի մեջ են»,- համոզված է Հրաչ Քեշիշյանը: Իսկ չի՞ կարելի այս չափորոշիչների կիրառումը համարել գրաքննություն, ստեղծագործ անձի արտահայտվելու սահմանափակում: «Ես ինքս չեմ նեղվում դրանից: Սկսել եմ աշխատել այն ժամանակվա պես, երբ 80-ականներն էին, եւ կար սովետական ցենզուրան: Հիմա ավելի զգույշ եմ: Այս չափորոշիչները թող լինեն յուրաքանչյուր ստեղծագործողի ներքին ցենզուրան: Եթե կան որոշակի կանոններ, եկեք այդ կանոնները պահպանենք, չփորձենք ռեյտինգը բարձրացնելով՝ մակարդակը իջեցնել, այլ մակարդակը բարձրացնելով՝ ռեյտինգն էլ բարձրացնել»,- հորդորում է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել