Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՆՈՋ ԳՈՐԾԻ ՄԵՋ ՆՐԲՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

Մարտ 27,2010 00:00

 Մագդա Պապիկյանը իր տեսախցիկը ոչ ոքի չի վստահում

Մագդա Պապիկյանը, սովորելով Ռոստովի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, երկրորդ կուրսից սկսեց զբաղվել սիրողական կինոարվեստով: «Կամերա վերցրի, ֆոտոապարատ ու որպես կինոսիրող սկսեցի աշխատել: Էնտեղ պրոֆմիութենական կինոակումբներ կային, որտեղ մեզ կինո նկարել էին սովորեցնում: Դոկումենտալ ֆիլմեր էինք անում, զբաղվում էինք նաեւ ռեժիսուրայով, սցենարով, տարբեր փառատոների էինք մասնակցում»,- ասում է տիկին Մագդան: Կինոսիրողների միջազգային փառատոներից մեկի ժամանակ նա հանդիպեց հայ գործընկերներին, ովքեր Մագդային առաջարկեցին Հայաստան տեղափոխվել. «Երբ եկա Երեւան, իրենք ինձ ասացին, որ Երեւանի պետական համալսարանում սիրողական ստուդիա ենք ուզում բացել, կղեկավարե՞ս այն: Ես համաձայնեցի ու համալսարանում աշխատանքի ընդունվեցի՝ որպես կինոստուդիայի ղեկավար»: Մագդա Պապիկյանը այնքան էր զբաղվել ինքնակրթությամբ, որ իր գործում հասել էր արդեն պրոֆեսիոնալիզմի ու 1981 թվականին նա դարձավ ԵՊՀ ֆոտոկինոկենտրոնի վարիչ: Ընթացքում տիկին Մագդան նյութեր էր պատրաստում «Լրաբերի» համար, բայց իր հիմնական աշխատանքը համալսարանում էր: «Իմ բախտը շատ է բերել, որովհետեւ ես աշխատում եմ ԵՊՀ կոլեկտիվում, շփվել նման մարդկանց հետ՝ համարձակ, ինտելեկտուալ, դա մեծ երջանկություն է»,- ասում է տիկին Մագդան: Կյանքում, ինչպես նաեւ օպերատորության մեջ, Մագդա Պապիկյանի համար ամենակարեւորը շփումն է, մարդկային լավ հարաբերությունները: «Եթե դու ուզում ես օպերատոր աշխատել, պետք է սիրես մարդկանց, պետք է նրանց հարազատի պես ընդունես, հակառակ դեպքում՝ չես կարող լավ աշխատել ու հաջողություններ ունենալ: Ինձ համար վատ մարդ չկա, յուրաքանչյուրի մեջ էլ մի լավ գիծ կա, ուղղակի պետք է դա գտնել»,- ասում է տիկին Մագդան:
Ի՞նչ հատկանիշներ պիտի ունենա կինը օպերատորությամբ զբաղվելու համար: Տիկին Մագդան ասաց, որ դա շատ դժվար հարց է ու մի փոքր մտածելուց հետո պատասխանեց. «Ընդհանուր առմամբ դա իր միջից պետք է լինի, կինը մի քիչ տղամարդկային բնավորություն պետք է ունենա, ես երեւի այդպիսին եմ, սիրում եմ ղեկավարել, կազմակերպել, գործնական մարդ եմ այդ առումով»: Ըստ տիկին Մագդայի՝ կին օպերատորի եւ տղամարդ օպերատորի աշխատաոճերում տարբերություն շատ կա. «Կնոջ գործի մեջ նրբություն կա, նույն «պանորաման» անելիս կանացի զգացմունքները երեւում են: Տղամարդիկ ավելի չոր են մոտենում էն օբյեկտին, որը նկարում են, իրենց գործերի մեջ էմոցիաները քիչ են»: Մագդա Պապիկյանը նաեւ լուսանկարչությամբ է զբաղվում, արդեն երեք տարի նա իր սեփական ֆոտոստուդիան ունի: «Մենեջմենտի ու կառավարման հարցերով տղաս է զբաղվում, իսկ գեղարվեստական մասով՝ ես, ֆոտոսեսիաներ եմ անում, պորտրետներ, բայց ես լուսանկար չունեմ, ինձ նկարող չկա»,- ծիծաղելով ասում է տիկին Մագդան: Տեսախցիկի ծանրությունից կին օպերատորը չի նեղվում, ու երբ մոտենում են նրան օգնելու՝ տեսախցիկը ոչ ոքի չի վստահում: «Ուզում եմ, որ թողնեն ես հանգիստ իմ ապարատուրան տանեմ, որովհետեւ կամերաս ոչ ոքի չեմ վստահի, շատ-շատ՝ շտատիվը տամ կամ մի ուրիշ բան, որ գիտեմ՝ չի վնասվի»,- ասում է տիկին Մագդան:
Նա երբեք չի ուզել իր մասնագիտությունը փոխել, չնայած դրա հնարավորությունն ունեցել է. «Ինձ առաջարկեցին վերադառնալ Ռոստով, իմ մայրը, եղբայրը էնտեղ են ապրում, ես Ռոստովի պետական համալսարանում չորս տարի աշխատել եմ իմ առաջին մասնագիտությամբ, կարող էի մնալ, բայց ամբողջ կյանքս ուզել եմ Հայաստանում ապրել ու իմ գործով զբաղվել»: Աշխատելը տիկին Մագդայի համար բոլորովին էլ պարտականություն չէ: «Ես հաճույք եմ ստանում աշխատանքի պրոցեսից, մեր երիտասարդությանն էլ անչափ սիրում եմ»,- ասում է տիկին Մագդան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել