Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ տվեք ղեկ ու «պագրիշկա»

Մարտ 27,2010 00:00

29 տարի է, ինչ Էմմա Մանյանը տրոլեյբուս է վարում

«Մանկուց սիրել եմ վարորդությունը: Մեծանալով, իհարկե, մտադրությունս չփոխվեց՝ ավելի արմատավորվեց»,- պատմում է Էմման:
Նա Ալավերդի քաղաքից է, նրա մայրը կռունկավար է եղել, ինչպես Էմման է ասում՝ գեներով է եկել: Իսկ տրոլեյբուս վարելը եղավ հենց մոր խորհրդով: «Մայրս ասաց՝ էդ ինչ են ռադիոյով ասում, տրամվայ-տրոլեյբուսի կուրսեր, գնա, տես ինչ է, դու մեկ է՝ վարորդություն սիրում ես»,- պատմում է Էմման: 1981 թվականին տիկին Էմման տրամվայ-տրոլեյբուսի կուրսեր անցավ, երբ արդեն պիտի աշխատեր, այնտեղ հարցրին. ի՞նչ ես ուզում՝ տրամվա՞յ, թե՞ տրոլեյբուս:
«Պատկերացրեք, որ մինչեւ հիմա էլ շատերը չգիտեն, թե որն է տրամվայը կամ տրոլեյբուսը, ես էլ էդ ժամանակ շփոթում էի, ասացի՝ դե էն, որ ղեկ ունի ու «պագրիշկա», ասին՝ ուրեմն դու տրոլեյբուս ես ուզում»,- հիշում է Էմման:
Տիկին Էմման սիրով է կատարում իր աշխատանքը, իսկ այն հարցին՝ արդյո՞ք դժվար ու ծանր չէ կնոջ համար, պատասխանեց. «Երբ սիրում ես, էլ դժվարությունը չի երեւում»: Նա հիշեց, թե ինչպես առաջ իրեն չէին հարգում, չէին ընդունում: «Ասում էին՝ գնա, խուլիգան, գործ չես գտել՝ եկել ես տրոլեյբուս ես քշում. ես էլ ոչ մի բան չէի ասում, էն ժամանակ խելոք էի, գլուխս դնում էի ղեկին, լալիս էի ու ասում, որ ես խուլիգան չեմ, ուղղակի սիրում եմ իմ աշխատանքը»,- պատմում է Էմման:
Հետագայում տիկին Էմման սիրվեց բոլորի կողմից, մարդիկ հասկացան, որ նա պարզապես սիրում է իր աշխատանքը: «Ես շնորհակալ եմ իմ բաժին Աստծուց, որ հասա իմ նպատակին»,- ասաց Էմման:
Էմմային սիրում ու հարգում են նաեւ իր գործընկերները: «Ես արդեն 23 տարի ճանաչում եմ Էմմային, շատ բարեհամբույր, բարեխիղճ եւ ուղեւորների կողմից սիրված աշխատող է, նա մեր շատ սիրելի Էմման է»,- ասաց իր գործընկեր Ալյոշան:
Էմման ունի երկու աղջիկ եւ մեկ տղա, փոքր աղջիկը նույնպես ուզում է տրոլեյբուս վարել, բայց Էմման դեմ է: «Գիտեք, ես էնքան բաների միջով եմ անցել, թե լավ, թե վատ, ես մեծ դժվարությամբ եմ հասել այս ամենին, նա էլ դժվարությամբ պիտի հասնի, իսկ ես, ինչպես յուրաքանչյուր մայր՝ չեմ ուզում»,- պատմում է Էմման:
Իսկ ինչպիսին է տիկին Էմման ընտանիքում, նա պատասխանեց. «Ընտանիքում ես մայր եմ ու տատիկ, իմ ֆունկցիաները լրիվ կատարում եմ, իսկ երբ տնից դուրս եմ գալիս՝ ամբողջովին փոխվում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել